Գարեգին Բ․ հունիսի 7-ին նշելու ենք տոնը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի

  • 08:15 02.06.2026

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի իր ուղերձում նշել է, որ “փառաբանական աղոթքով առ Բարձրյալն Աստված հունիսի 1-ին մուտք ենք գործում Արարատյան տոների շաբաթ, որն առանձնահատուկ կարևորություն ունի ազգային-եկեղեցական մեր կյանքում”։

“Հանդիսավոր թափորներով և Սուրբ Պատարագների արարողություններով, երկրպագության նպատակով սրբերի մասունքների դուրս բերմամբ հիշատակելու ենք Սուրբ Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերի մարտիրոսությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից, Հայոց մեծ դարձը և Տրդատ արքայի հրովարտակով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը։

Արարատյան շաբաթվա ավարտին՝ հունիսի 7-ին, նշելու ենք տոնը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի, որը վեր խոյացավ հայոց հողի վրա 1725 տարի առաջ Աստվածորդու լուսավոր էջքով։ Պատմական այս իրադարձություններով, Սուրբ Էջմիածնով հայոց ազգը արժանացավ Աստծո ընտրյալ ժողովուրդ լինելու երկնային շնորհին, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ ամրակուռ հիմքն ու առանցքը մեր լինելության ու հարատևության՝ համապատասխան սուրբգրային վկայության. «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. 2.9)։

Սուրբ Էջմիածինը հավերժական խորհրդով եղել է աշխարհասփյուռ իր զավակների հավատքը զորացնողը, հույսն առատացնողը, Քրիստոսանվեր ու հայրենանվեր կյանքի երաշխիքը, օրհասական պահերին հանձնառու եղել ամեն զոհողության՝ հանուն իր խնամքին հանձնված հոտի։ Սուրբ Էջմիածինը կրթական, մշակութային, հոգեմտավոր մեծագույն նվաճումների ներշնչարանն ու գրավականն է, անխորտակելի ամրոցը մեր ազգային ու հոգևոր ինքնության և առհավատչյան հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անխաթար պահպանության։

Սուրբ Էջմիածինը, ծանր փորձությունների միջով անցնելով, մնացել է աննկուն ու անխորտակելի՝ մշտապես լինելով անլռելի ու բարձրահունչ կոչնակը ազգի ու հայրենյաց շահերի և մեր ժողովրդի միաբանության”, ասված է ուղերձի մեջ։