Երկու տուն ունեմ, բայց ինձ անտուն եմ զգում որպես քաղաքացի. Գեղամ Օհանյան

  • 21:20 09.06.2026

Նիկոլ Փաշինյանին հետ վիճած արցախցի Արթուր Օսիպյանն արդեն 22-րդ օրը հացադուլի մեջ է։ Նա ձերբակալվեց քարոզարշավի ընթացքում՝ Ղարաբաղի թեմայով վարչապետին հարց տալուց ժամեր անց:

Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանը հրաժարվում է մանրամասներ հաղորդել նրա առողջական վիճակի վերաբերյալ՝ պատճառաբանելով բժշկական գաղտնիքը։

Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն ասում է. «Շատ հյուծված վիճակում է, քաշի զգալի կորուստ ունի»:

Նուբարաշենի բանտում պահվող Արթուր Օսիպյանը հրաժարվում է դադարեցնել հացադուլը՝ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն «փախած» է անվանել ու վիրավորել: Վարչապետն արդեն ասել է՝ ոչ մի ներողություն էլ չի խնդրելու։

Գեղամ Օհանյան

8 գիշեր փողոցում, առանց վրանի, անտունի նման…
Երկու տուն ունեմ, բայց ինձ անտուն եմ զգում որպես քաղաքացի, այս իրավիճակում…
Անտանելի է…
Մարդկանց մի մասի մոտ տպավորություն է, որ ես այստեղ եմ, որ Օսիպյանը հացադուլից դուրս գա։ Ո՛չ սիրելիներ, ես այստեղ եմ, որովհետև աննախադեպ, եզակի դեպք է տեղի ունեցել մեր երկրում, մեզ հետ։
1. Երկրի ղեկավարը ուղիղ եթերում քաղաքացուն վիրավորում է իրեն հարց ուղղելու արդյունքում – ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ
2. Հետո հարցնում, թե ինչու՞ չի զոհվել, թիրախավորում որպես փախստական – ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
3. Հենց դեպքի վայրից ձերբակալում են տվյալ քաղաքացուն և երկու ամիս զրկում հանրային խոսքից հենվելով նախկինում արված գրառումների վրա – ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ
10 օր անց երկրի նույն ղեկավարը լրագրողներին պատասխանում է, որ դեռ քաղաքացին պիտի իրենից ներողություն խնդրի – ՑԻՆԻԶՄ ԵՎ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ
Ես այստեղ եմ և պահանջում եմ, որ իմ երկրում օրենքը գործի ոչ ընտրովի։ Մարդու ազատ խոսքը և ազատ տեղաշարժի իրավունքը վերականգնվի և օրենքը գործի գործած հանցանքին համաչափ։
Որ արդարությունը կայանա, հացադուլն էլ կավարտվի երևի, ողբերգություն էլ չենք ունենա…
Մեր հանրային պահանջին այլևս ոչինչ չի կաշկանդում, ընտրությունները տեղի ունեցան և այլևս չեն կարող զրպարտել, որ այս ակցիան այլ նպատակ ունի։ Դավադրություններ մի փնտրեք այնտեղ, որտեղ ամեն բան ավելի քան պարզ է։
Մի խումբ գործընկերների հետ Արթուր Օսիպյանի համար անձնական երաշխավորություն եմ ստորագրել։
Արթուր Օսիպյանի ազատ արձակման դեպքում նրա պահվածքի (օրինակ՝ քննիչի պահանջով ներկայանալու) համար ես էլ եմ պատասխանատվություն կրելու՝ քրեական օրենսգրքի 511-րդ հոդվածով։
Հ․Գ․ Արթուր Օսիպյանի հրապարակային հայտարարությունները չեմ կիսում, գաղափարակիցը չեմ, բայց նա չի արել այնպիսի մի հայտարարություն, որը քրեորեն պատժելի է, ինքը չի արել որևէ հայտարարություն, որի համանմանը չի արել Նիկոլ Փաշինյանը։