Յոթ քաղաքական ուժ այսօր դիմեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Առավոտյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտնեց, որ դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:
Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերը» ևս դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով։
Սահմանադրական դատարանի արտաքին կապերից «Ազատությանը» տեղեկացրին, որ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում ստացել են նաև «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունից:
Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժը» ևս դիմել է Սահմանադրական դատարան:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը ՍԴ դիմում է ներկայացրել՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս վիճարկում է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:
Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս դիմել է Սահմանադրական դատարան: