Բլինքենը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ. վերջինս «ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել»

  • 07:37 20.09.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

Բլինքենն Իլհամ Ալիևի հետ զրույցում կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դեէսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար, ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և հանդիպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ, Բլինքենն ընդգծել է դրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը։

Նիկոլ Փաշինյանի հետ Բլինքենը զրուցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսության։

Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Ադրբեջանի հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: