
Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։ Իրան կատարած եռօրյա այցից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։
Հիշեցնենք, որ գազի մատակարարման մենաշնորհը Հայաստանում պատկանում է ռուսական Գազպրոմին։ Հենց այդ պատճառով է, որ Իրանից գազ գնելը “փաթեթավորվել է” “գազ էլեկտրաէներգիայի դիմաց” ծրագրի մեջ։ Հիմա էլ Հայաստանն ու Իրանը խոսում են ոչ թե գազի ուղիղ գնումների մասին, այլ “գազ էլեկտրաէներգիայի դիմաց” ծրագրի ընդլայնման։
Նման փարիսեությանը կողմերը դիմում են խուսափլու համար կարևոր խնդրից․ խոսքը Գազպրոմի մոնոպոլիայի վերացումի մասին է։
«Գազպրոմի» մենաշնորհը Հայաստանում գազի մատակարարման և վաճառքի հարցում մինչև 2043 թվականը ապահովված է իր 100% դուստր ընկերության՝ «Գազպրոմ Արմենիայի» միջոցով։ Ընդ որում, ռուսական պետական կորպոռացիան լիովին վերահսկում է Հայաստանի ներքին ցանցերը և բաշխումը։
Դա թույկ է տալիս Ռուսաստանին “ցածր” գնով գազը ծախել Հայաստանին, հետո “ներքին” բաշխիչ ցանցի միջոցով հայաստանցիներին գազը հասցնել իրեն ուզած գնով։ Դա ցանկացած գազ վաճառողի դնում է ոչ մրցակցային պայմաններում։
Գրեթե 20 տարի առաջ կառուցված Իրան-Հայաստան գազատարը տարեկան ավելի քան երկու միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու կարողություն ունի, սակայն , օրինակ, անցած տարի Իրանից Հայաստան է արտահանվել ընդամենը 480 խորանարդ մետր գազ։ Իրանական գազը նույնիսկ չեն կարողանում օգտագործել Իրանին սահմանակից Սյունիքի բնակավայրերը, քանի որ Ռուսաստանի հետ պայամանգիրը թույլ չի տալիս։
Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածը գտնվում է ռուսական «Գազպրոմի» վերահսկողության ներքո։ Դեռևս 2015-ին այն վաճառվել էր ռուսական ընկերությանը։ Փորձագետները նշում են, որ առանց ռուսական կողմի համաձայնության իրանական գազի արտահանման ծավալների մեծացում հնարավոր չէ։
«Իրանի հետ համաձայնությունը այլ երկրի, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապ չունեցող որոշում է տնտեսական, շահավետ գործունեություն է, որը երկուստեք հետաքրքրություն ունենք ընդլայնելու», ասել է Խուդաթյանը։
Թե ինչպես է հնարավոր դա անել՝ առանց Ռուսասատնի մոնոպոլիան վերացնելու, դժվար է պատկերացնել։