Մարդիկ հեռանում էին, որովհետև այլևս չէին կարող մնալ այնտեղ, որտեղ իրենց տունն էր

2023 թվականի սեպտեմբերի 26-ին  ես ու մայրս դեռ չգիտեինք, թե երբ և ինչպես ենք դուրս գալու Արցախից։ Ստեփանակերտում իրավիճակը ծայրահեղ ծանր էր։ Քաղաքում սննդի պաշարները գրեթե սպառվել էին, խանութները չէին գործում կամ ունեին շատ սահմանափակ տեսականի, վառելիքի խնդիր կար։ Մարդիկ այլևս չէին մտածում սովորական կյանքի մասին։ Հիմնական հարցը մեկն էր՝ ինչպես փրկել իրենց և իրենց երեխաներին։

Տանը մենք հարևանից վերցրինք հին վառարան, վառեցինք այն, որպեսզի գոնե տաքանանք և կարողանանք ինչ-որ բան պատրաստել այն քիչ մթերքից, որը դեռ մնացել էր։ Կերանք ու սկսեցինք կամաց-կամաց հավաքել իրերը։

Չգիտեինք՝ ինչ վերցնել։ Ասում էին, որ Հակարի կամրջի մոտ մարդկանց ու մեքենաները մանրակրկիտ ստուգելու են, և մենք չէինք պատկերացնում, թե ճանապարհին ինչ կարող է տեղի ունենալ։ Մեր մեքենան փոքր էր, ուստի մեծածավալ իրեր վերցնել չէինք կարող։ Առաջին հերթին վերցրինք ընտանեկան լուսանկարները և մագնիսների մեր հավաքածուն։

Տանը մնաց գրեթե ամեն ինչ՝ կահույքը, տեխնիկան, տարիների ընթացքում կուտակված իրերը։ Մինչև վերջին պահը ձեռքդ չէր բարձրանում տունը դատարկել։ Չէիր ուզում հավատալ, որ այլևս պետք է հեռանաս։

Այդ օրերին ես բարձր ջերմություն ունեի՝ գրեթե 40 աստիճան։ Ինձ թվում էր՝ կատարվածը երազ է, և շուտով ամեն ինչ ավարտվելու է։ Ես նույնիսկ չհասցրի գնալ տատիկիս ու պապիկիս գերեզմաններին հրաժեշտ տալու։

Հիշում եմ մեր տան մեծ պատշգամբը։ Այնտեղից բացվում էր լայն ու գեղեցիկ տեսարան դեպի Մռավ լեռը։ Այդ պատշգամբում ես ու եղբայրս նստեցինք և մի-մի բաժակ տնական թթի օղի խմեցինք։ Հետագայում ես հաճախ եմ հիշելու այդ պահը որպես մեր տան հետ կապված վերջին հիշողություններից մեկը։

Սեպտեմբերի 27-ի երեկոյան մենք դուրս եկանք Ստեփանակերտից։ Մեզ հետ կարողացանք վերցնել նաև տատիկիս 90-ամյա քրոջը, որի ինքնազգացողությունը պարբերաբար վատանում էր։

Այդ օրերին Ստեփանակերտից հեռացող հազարավոր մարդկանց համար ճանապարհը պարզապես տեղաշարժ չէր։ Մարդիկ թողնում էին իրենց տները՝ մեքենաներում տեղավորելով միայն ամենաանհրաժեշտը։

Մեր ճանապարհը մոտ երկու օր տևեց, բայց թվում էր անվերջ։ Սննդի պաշարները գրեթե սպառվել էին, բոլորս չափազանց հոգնած էինք։ Բայց ամենակարևորն այն էր, որ կարողացանք անվտանգ հասցնել 90-ամյա կնոջը։

Այդ օրերին Ստեփանակերտից հեռացող մարդկանց պատմությունները տարբեր էին, բայց բոլորի մեջ կար նույնը՝ տունը թողնելու պարտադրանքը։ Մարդիկ հեռանում էին ոչ թե այն պատճառով, որ պատրաստ էին նոր կյանք սկսել մեկ այլ վայրում, այլ որովհետև այլևս չէին կարող մնալ այնտեղ, որտեղ իրենց տունն էր։

Իմ պատմությունը այդ հազարավոր պատմություններից միայն մեկն է։ Այսօր, երեք տարի անց, արցախցիները շարունակում են ապրել, աշխատել և խոսել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել մեզ հետ։

Եթե անգամ մեզ փորձում են լռեցնել, դա չի նշանակում, որ պետք է դադարենք խոսել։ Ինձ համար պայքարը միայն վերադարձի մասին չէ․ դա նաև Արցախից բռնի տեղահանված մարդկանց արժանապատվության, անվտանգության, սոցիալական և այլ իրավունքների մասին է։

Չգիտեմ, թե երբ և ինչ պայմաններում կկարողանանք վերադառնալ Ստեփանակերտ։ Բայց գիտեմ, որ չեմ ուզում հրաժարվել այդ իրավունքից։ Եվ քանի դեռ կարող եմ խոսել ու գրել, իմ մասնագիտության միջոցով շարունակելու եմ բարձրաձայնել այդ մասին։

Արսեն Աղաջանյան