
2026 թվականի հունիսի 18-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր տարիքի անձանց զբաղվածության ապահովման նոր ծրագիրը։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դրա նպատակը աշխատաշուկայում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց մրցունակության բարձրացումն ու կայուն զբաղվածության ապահովումն է։ Ծրագիրը նախատեսվում է սկսել 2027 թվականի հունվարի 1-ից։
Նոր մեխանիզմով պետությունը նախատեսում է աջակցել այն գործատուներին, որոնք համապատասխան շահառուների հետ կկնքեն առնվազն 3-6 ամսվա աշխատանքային պայմանագիր։ Առաջին երեք ամիսների ընթացքում գործատուին կփոխհատուցվի աշխատողի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 տոկոսը՝ ամսական առավելագույնը 25 հազար դրամի չափով, իսկ չորրորդից վեցերորդ ամիսներին՝ 100 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական 50 հազար դրամը։ Եթե աշխատանքային հարաբերությունները փոխհատուցման ավարտից հետո շարունակվեն ևս մեկ տարի, գործատուն կստանա նաև 100 հազար դրամի միանվագ աջակցություն։ Ծրագրով 2027 թվականին նախատեսվում է ապահովել 200 շահառուի զբաղվածություն։
Կառավարությունը այս քաղաքականությունը հիմնավորում է ոչ միայն զբաղվածության մակարդակի բարձրացման, այլև հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական ու տնտեսական կյանքին ակտիվ ներգրավման, արժանապատիվ ինքնաիրացման և լրացուցիչ եկամուտների ձևավորման անհրաժեշտությամբ։
Սակայն այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ արդյո՞ք նոր ծրագրի առկայությունն ինքնին բավարար է։
«Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանի գնահատմամբ՝ խնդիրը հենց այն է, որ պետական ծրագրերը դեռևս չեն ձևավորում աշխատանքի շուկա մտնելու համար անհրաժեշտ ամբողջական համակարգ։ Նրա խոսքով՝ նախկինում գործել են մեխանիզմներ, որոնց շրջանակում հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի ընդունած գործատուն կարող էր պետությունից աջակցություն ստանալ աշխատատեղի հարմարեցման համար՝ մինչև 500 հազար դրամի չափով։ Գործել է նաև աշխատավարձի մասնակի փոխհատուցման մեխանիզմ։ Սակայն, ըստ Ալավերդյանի, այդ ծրագրերն այսօր չեն գործում, իսկ գործող համակարգում գրեթե չկա այնպիսի արդյունավետ գործիք, որը գործատուին իրականում կխթանի հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի ընդունել։
Պետական քաղաքականության մեջ նման մեխանիզմներ, սակայն, նախկինում իսկապես կիրառվել են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրապարակած օրինակներից մեկում Գյումրիի «Կիդո» մանկական զարգացման կենտրոնը աշխատանքի էր ընդունել Գոհար Ղուկասյանին՝ զբաղվածության պետական ծրագրի միջոցով։
Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս խնդրի մասշտաբը։ Արմստատի Կայուն զարգացման նպատակների տվյալների համաձայն՝ Հայաստանում 2024 թվականին գործազրկության մակարդակը կազմել է 13.4 տոկոս՝ հաշմանդամություն ունենալու հանգամանքով տարանջատված տվյալների հաշվարկման համակարգում։ Միևնույն ժամանակ, պաշտոնական վիճակագրությունը հնարավորություն չի տալիս մեկ պարզ ցուցանիշով ասել, թե աշխատանքային տարիքի բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց քանի տոկոսն է իրականում աշխատում։
Սա կարևոր է նաև այն պատճառով, որ «հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակը» հաճախ ներկայացվում է տարիներ շարունակ շրջանառվող 8-9 տոկոսի ցուցանիշով։ Սակայն Արմեն Ալավերդյանը հենց այս մոտեցումն է համարում խնդրահարույց։ Նրա խոսքով՝ այդ թիվը շատ քիչ բան է ասում մարդու իրական վիճակի մասին։ Այն ցույց չի տալիս հաշմանդամության բնույթը, դրա ծանրության աստիճանը, աշխատանքի տեսակը, աշխատավայրի հարմարեցվածությունը, գործատուի վերաբերմունքը կամ այն, թե ինչ պայմաններում է մարդը կարողացել աշխատանքի անցնել։
Արմստատի տվյալները նաև ցույց են տալիս, որ 2024 թվականի վերջում գրանցված հաշմանդամություն ունեցող անձանց մասնաբաժինը Հայաստանի բնակչության մեջ կազմել է 5.32 տոկոս։
Ալավերդյանի դիտարկմամբ՝ գործատուն չպետք է հաշմանդամություն ունեցող մարդուն աշխատանքի ընդունի բարեգործության տրամաբանությամբ։ Բարեգործությունը մի բան է, աշխատանքը՝ մեկ այլ։
Այս մոտեցման լավ օրինակ է Արփինեի պատմությունը, որը Step1.am-ը ներկայացրել էր դեռ 2023 թվականին։ Արփինեն Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների և ընտանիքի աջակցությամբ կարողացել էր վերականգնել ինքնուրույնությունը, կրթությունը շարունակել և մասնագիտություն ձեռք բերել։ Նա սովորել էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, աշխատել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, իսկ զուգահեռաբար ծրագրավորման դասընթացներ անցել Zealous-ում, որտեղ հետագայում աշխատանքի էր ընդունվել որպես ծրագրավորող։
Այս համատեքստում աշխատանքի վայրի հարմարեցումը պետք է դիտարկել շատ ավելի լայն, քան պարզապես թեքահարթակ կամ վերելակ կառուցելը։ Տարբեր հաշմանդամություններ ունեցող մարդիկ տարբեր կարիքներ ունեն։
Հենց անհատական մոտեցման պակասն է ընդգծում նաև Արցախից բռնի տեղահանված Վլադ Ավագյանը։ Step1.am-ին տված հարցազրույցում նա, խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության նոր պետական ծրագրի մասին, նշել էր, որ նախաձեռնությունը կարևոր է, բայց կատարելագործման կարիք ունի, քանի որ ամբողջությամբ հաշվի չեն առնվում մարդկանց անհատական կարիքները, ֆիզիկական և մտավոր հնարավորությունները։
Վլադ Ավագյանի դիտարկումը հատկապես կարևոր է Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում։ Step1.am-ի տվյալներով՝ այս խումբը տեղահանությունից հետո բախվել է միաժամանակ աշխատանքի որոնման, վերականգնողական ծառայությունների հասանելիության, բնակության և հասարակական կյանքում լիարժեք ներգրավվելու խնդիրներին։
Այդ պատճառով արցախցի հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի տեղավորման հարցը չի կարելի դիտարկել այնպես, ինչպես սովորական աշխատանքի որոնման գործընթացը։
Միևնույն ժամանակ սխալ կլինի բոլոր արցախցիներին ներկայացնել որպես պասիվ կամ աշխատանքի չցանկացող խումբ։ Ալավերդյանի խոսքով՝ կազմակերպության փորձը ցույց է տալիս, որ արցախցիների շրջանում կան շատ մոտիվացված, ակտիվ և իրենց կյանքը վերակառուցելու պատրաստ մարդիկ։ Սակայն կան նաև մարդիկ, որոնք ծանր տրավմայից հետո հոգեբանորեն պատրաստ չեն անմիջապես վերադառնալ աշխատանքի։
Այս հարցում առանձնահատուկ նշանակություն ունի մասնագիտացված կենտրոնների փորձը։ Վլադ Ավագյանը Step1.am-ի հետ զրույցում հարց է բարձրացրել, թե ինչու պետությունը չի համագործակցում այն կազմակերպությունների հետ, որոնք տարիներ շարունակ աշխատել են Արցախում հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Այդ համատեքստում հատկապես կարևոր է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի փորձը։
Կենտրոնը տարիներ շարունակ գործել է Ստեփանակերտում, իսկ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո վերականգնել է գործունեությունը Հայաստանում՝ Եղվարդում։ Կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը Step1.am-ին պատմել է, որ այժմ կենտրոնը շարունակում է սպասարկել շահառուներին։
Թադևոսյանի խոսքով՝ կենտրոնը փորձում է ստեղծել միջավայր, որտեղ ֆիզիկական, մտավոր կամ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ կարող են ոչ միայն ստանալ անհրաժեշտ ծառայությունները, այլև հանգստանալ, շփվել և վերագտնել կյանքի որակը։
Պետության, գործատուների և նման կենտրոնների համագործակցությունը կարող է ստեղծել ավելի ամբողջական շղթա՝ վերականգնումից մինչև մասնագիտական ուսուցում, աշխատանքի նախապատրաստում, աշխատանքի տեղավորում և աշխատավայրում հետագա աջակցություն։
Կառավարության նոր ծրագիրը այս տեսանկյունից կարող է դառնալ կարևոր քայլ, սակայն դրա արդյունավետությունը պետք է չափվի ոչ միայն այն բանով, թե քանի մարդ է աշխատանքի ընդունվել։ Պետք է հասկանալ՝ քանի մարդ է պահպանել աշխատանքը ծրագրի ավարտից հետո։
Կարևոր է նաև, որ պետական աջակցության տրամաբանությունը չսահմանափակվի գործատուին ֆինանսական փոխհատուցում տրամադրելով։ Գործատուին պետք է օգնել հասկանալ, թե ինչպես կարելի է ձևավորել ներառական աշխատանքային միջավայր, իսկ աշխատանք փնտրողին՝ հասկանալ սեփական կարողությունները, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ, պատրաստել ռեզյումե, անցնել հարցազրույց և աշխատանքի ընդունվելուց հետո պահպանել աշխատանքը։
«Ունիսոն»-ի փորձը հենց այս ուղղությամբ է․ կազմակերպությունը ստեղծել է աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց բազա, նրանց ուղղորդում է թափուր աշխատատեղերի, վերապատրաստումների և աշխատանքի տոնավաճառների, կազմակերպում է սեմինարներ ու աշխատարաններ և օգնում է ավելի մրցունակ դառնալ աշխատաշուկայում։
Այս ամենի հիմքում պետք է լինի մի պարզ սկզբունք՝ հաշմանդամություն ունեցող անձն՝ աշխատաշուկայի լիիրավ մասնակից է։
Արսեն Աղաջանյան