«Ասում են՝ եթե Արցախում ես վարորդական իրավունքից զրկված, պիտի գնաս Արցախից ստանաս»

Մի խումբ արցախցիներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի Հայաստանում վարորդական վկայականները վերականգնելու հնարավորություն ունենան։ Նրանց մեծ մասն Արցախում են վարորդական իրավունքից զրկվել, բայց Հայաստանում զրկված արցախցիները եւս հիմա ՀՀ-ում չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքը։ Արցախցիները պահանջում են փոխել վարորդական իրավունքի վերականգնման գործող կանոնները։

«Ես հիմա ՀՀ քաղաքացի եմ, դիմել եմ, ասել են՝ եթե Արցախում ես զրկված, պիտի գնաս Արցախից ստանաս։ Ես էլ ասում եմ՝ հիմա Արցախ չկա, Արցախի ղեկավարություն չկա, ո՞նց պահանջենք Արցախից, մեր ղեկավարությունը հիմա դուք եք։ Հիմա ասում են՝ պետք է քննություն տաք, չենք կարողանում քննություն տալ, բարդ է։ Միակ ճանապարհն այն է, որ խնդրենք, որ համաներում անեն»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Արցախցիներից մեկն էլ նշեց․ «Ռուսաստանում էի ապրում, լսել եմ, որ համաներում կա, մեր պրավեքը տալիս են, թողել Ռուսաստանից եկել եմ այստեղ։ Գնացել եմ Սեւան, ասացին՝ որ Ղարաբաղից ես, քեզ չենք տալիս, բայց ինձ Հայաստանում են զրկել վարորդական իրավունքից։ Այդպես էլ չտվեցին, ասում են՝ գնա քննություն տուր»։

Արցախցիները հարցադրում են անում՝ եթե ՀՀ քաղաքացիություն ունեն, ինչո՞ւ չեն վերականգնում իրենց վարորդական իրավունքները։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց արցախցիների վարորդական իրավունքների վերականգնման խնդրի մասին։ «Սա նոր թեմա է, հիմա պատրաստ չեմ պատասխանել, կծանոթանամ, կտեսնենք, թե ինչ է հնարավոր անել»,- ասաց Փաշինյանը։