Բնակարանների գների աճը նոր հարված է արցախցիներին

Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքների համար բնակարանային խնդիրը գնալով ավելի է խորանում։ Եթե մինչ այժմ դժվար էր համապատասխան բնակարան գտնելը, ապա վերջին շաբաթներին իրավիճակն ավելի է բարդացել. աճել են ոչ միայն բնակարանների վարձակալության, այլև վաճառքի գները, ինչի հետևանքով շատ արցախցիներ կանգնել են անելանելի վիճակի առաջ։

Արցախյան առաջին պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Կարեն Ավանեսյանն ավելի քան մեկ ամիս է՝ ապարդյուն փորձում է իր ընտանիքի համար բնակարան վարձակալել։

«Դիմել եմ անշարժ գույքի գործակալությունների, ծանոթների ու բարեկամների օգնությանը, բայց դեռևս չեմ կարողանում գտնել հարմար բնակարան։ Ինձ անհրաժեշտ է երկու սենյականոց բնակարան Երևանում կամ Աբովյանում, քանի որ պարբերաբար այցելում եմ «Զինվորի տուն» և անցնում վերականգնողական բուժում։ Կինս և որդիս մոտ օրերս վերադառնալու են Ռուսաստանից, իսկ ես այս ընթացքում ժամանակավորապես բնակվում եմ բարեկամներիս տանը»,- պատմում է նա։

Նրա խոսքով՝ ներկայում երկու սենյականոց բնակարան գտնելը գրեթե անհնար է 250 հազար դրամից ցածր ամսական վարձավճարով։ Գործակալները գների բարձրացումը պայմանավորում են Ռուսաստանից Հայաստան աճած ներհոսքով և պահանջարկի մեծացմամբ։ Թեև սեփականատերերն ազատ են իրենց գույքը ցանկալի գնով վարձակալության հանձնելու հարցում, այդ իրավիճակի հիմնական հետևանքները կրկին կրում են սոցիալապես առավել խոցելի խմբերը, այդ թվում՝ բռնի տեղահանված արցախցիները։

Նույն խնդրի առաջ է կանգնած նաև Մարտակերտի շրջանից տեղահանված, ներկայում Չարենցավանում բնակվող Նարինեն, որն աշխատում է Երևանում և ամեն օր ստիպված է ավելի քան 35 կիլոմետր ճանապարհ անցնել աշխատանքի հասնելու համար։

«Պարզապես հոգնել եմ այդ ճանապարհից։ Այլևս դժվարանում եմ թե՛ առողջական, թե՛ ֆինանսական առումով։ Դիմել եմ բոլոր ծանոթներիս, բարեկամներիս, որ օգնեն Երևանում բնակարան գտնել, սակայն ապարդյուն։ Բնակարանների գներն աստղաբաշխական են դարձել։ Պահանջարկը մեծացել է, իսկ արդյունքում կրկին տուժում է արցախցին»,- ասում է նա։

Վերջին շրջանում անշարժ գույքի շուկայում արձանագրված թանկացումները վերաբերում են ոչ միայն վարձակալությանը, այլև բնակարանների վաճառքին։ Դա փաստացի ավելի է հեռացնում այն հնարավորությունը, որ բռնի տեղահանված ընտանիքները սեփական բնակարան ձեռք բերեն կամ նույնիսկ կարողանան տեղափոխվել աշխատանքի և բուժման վայրերին ավելի մոտ բնակարաններ։

Այսպիսով, բնակարանային խնդիրը շարունակում է մնալ արցախցիների ամենացավոտ սոցիալական հարցերից մեկը։ Աջակցության ծրագրերի սահմանափակման և բնակարանների գների շարունակական աճի պայմաններում բազմաթիվ ընտանիքներ օրեցօր հայտնվում են ավելի ծանր կացության մեջ՝ կանգնելով անգամ տարրական կացարան ապահովելու դժվարության առաջ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Խմբ։  Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Ռուսաստանում սեպտեմբերյան ընտրությունների և հավանական զորահավաքի նախօրեին ռուսաստանցիները զանգվածաբար բնակարաններ են վարձակալում Երևանում կամ նույնիսկ փորձում են բնակարաններ գնել։ Մեծ է նաև Ռուսաստան աշխատանքի համար գնացած և, պայամանների խստացումից հետո վերադառնող հայաստանցիների թիվը։ Սա է Երևանում բնակարանների գների աճի հիմնական պատճառը։

Մյուս կողմից, կառավարությունը միջազգային դոնորներից մոտ 500 միլիոն դոլար է վարկ վերցրել արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի համար։ Բնակարանների գների բարձրացմամբ հետաքրքրված են բանկերը, որոնք սերտիֆիկատներ և վարկեր են տրամադրում Արցախի բնակիչներին․ այժմ բանկերը կարող են օգտագործել պետական ​​ծրագիրը՝ իրենց հիփոթեքային պորտֆելը մեծացնելու համար։ Տուժում են արցախցիները և սովորական հայաստանցիները, ովքեր բնակարան են վարձակալում և արդեն կորցրել են իրենց սեփական, թեկուզ հիփոթեքային տուն ունենալու հույսը։ Ավելի էժան է Իսպանիայում տուն գնել։