
Միջազգային հետևողական ճնշման արդյունքում Marriott International-ը հրաժարվել է օկուպացված Արցախի վերաբերյալ վիճահարույց զբոսաշրջային փաթեթից։ Որոշումը կայացվել է Հայ Դատի հանձնախմբերի կողմից իրականացված համակարգված միջազգային քարոզարշավի արդյունքում։0
Վիճահարույց առաջարկը նախատեսում էր զբոսաշրջային շրջայցեր Շուշիում և Ստեփանակերտում՝ ամբողջությամբ անտեսելով Արցախի հայկական ինքնությունը, 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը, շուրջ 150 հազար արցախահայերի բռնի տեղահանումը և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը։
Marriott-ի որոշումը կարևոր արդյունք է, որը ցույց տվեց, որ հետևողական միջազգային աշխատանքը կարող է փոխել նույնիսկ խոշոր կորպորացիաների քաղաքականությունը։ Քաղաքական և իրավական ճիշտ հարցադրումները կարող են ազդել նաև տարբեր պետությունների քաղաքականության վրա։
Նման աշխատանք կատարվում է։ Step1.am-ին տված հարցազրույցում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երեմյանը նշել էր, որ կազմակերպությունը շարունակում է աշխատել ԱՄՆ Կոնգրեսում և միջազգային այլ հարթակներում՝ արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի, հայ գերիների ազատ արձակման, Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության մեխանիզմների և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Նույն տրամաբանությամբ միջազգային հարթակներում գործունեություն են ծավալում նաև արցախյան կազմակերպությունները։ Վերջերս «Արցախ Միության», պատվիրակությունը Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, Բաքվում պահվող հայ պատանդների, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի հարցերը։ Արդյունքներով եվրապատգամավորը գրավոր հարցում է ուղղել Եվրոպական հանձնաժողովին՝ պահանջելով ապահովել տեղահանված արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի իրականացումը և այդ հարցը դարձնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարևոր բաղադրիչ։
Սակայն Marriott-ի որոշումը միաժամանակ ընդգծեց մեկ այլ խնդիր․ Հայաստանի կողմից դեռևս չի ձևավորվել նախաձեռնողական և համակարգված պետական քաղաքականություն՝ ուղղված ազգային, հատկապես Արցախի հետ կապված խնդիրների ադվոկացիային։
Այս մասին Step1.am-ին տված հարցազրույցում խոսել էր նաև «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի կողմից ամբողջությամբ չեն օգտագործվում միջազգային իրավական և քաղաքական այն գործիքները, որոնք կարող են ծառայել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը։ Նա ընդգծել էր, որ անհրաժեշտ է խախտումների հետևողական փաստագրում, դրանց ներկայացում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին և այլ միջազգային կառույցներին, ինչպես նաև պետական մակարդակով հակազդել Արցախի մշակութային հիշողության և ինքնության մարգինալացման միտումներին։
Նման քաղաքականության թերիությունը հատկապես ակնյհայտ է դառնում ոչ հայ գործիչների քայլերի ֆոնին։ Օրինակ, աշխարհահռչակ մտածող, փիլիսոփա, հանրահայտ «Սև կարապը» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարություն է տարածել X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական էջում, որում ասում է, որ մերժել է Ադրբեջանի կողմից արված դասախոսության հրավերը և բարձր վարձատրությունը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում:
Նման նախաձեռնությունները փաստում ռն, որ միջազգային ճնշումը կարող է արդյունավետ լինել, երբ այն համակարգված է և երկարաժամկետ։ Սակայն անհրաժեշտ է, որ Հայաստանը ձևավորի միասնական պետական ռազմավարություն, որը կներառի միջազգային կազմակերպությունների, զբոսաշրջային և թվային հարթակների, մշակութային հաստատությունների և խոշոր մասնավոր ընկերությունների հետ մշտական աշխատանք, օպերատիվ արձագանքման մեխանիզմներ և տեղեկատվական մշտադիտարկում։
Միայն այդ դեպքում Marriott International-ի որոշումը կդառնա նախադեպ, որի արդյունքում միջազգային այլ ընկերություններ ևս կհրաժարվեն օկուպացված Արցախի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող նախաձեռնություններից, իսկ արցախահայության իրավունքների և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը կստանա առավել համակարգված և արդյունավետ միջազգային աջակցություն։
Արսեն Աղաջանյան