
Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
2026թ․ ընտրությունների ընթացքում, դրանց հայտարարումից մինչև քվեարկության ավարտ «Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնը» հրապարակեց չորս զեկույց արցախցի փախստականների դեմ ատելության խոսքի վերաբերյալ։ Զեկույցները նախընտրական շրջանի մշտադիտարկման արդյունք էին։ Հիմնվելով զեկույցների վրա՝ առանձանցնենք հիմնական պատումները՝ կեղծ պնդումներ, որով ատելության խոսքի դերակատարները թիրախավորում են արցախցիներին։
«Դասալիք և փախած ղարաբաղցիներ»: Սա ամենատարածված պատումն է, որի համաձայն արցախցիները մարտադաշտը լքած, չկռված և փախած մարդիկ են։ Հնչում են մեղադրանքներ, թե իբր նրանք «թիկունքից խփել են հայ զինվորին», «փախել են ֆերարիներով» և իրենց հողը պաշտպանելու փոխարեն հույսը դրել են հայաստանցիների վրա։
«Անշնորհակալ թալանչիներ»: Առաջ է տանվում այն թեզը, որ իր գոյության հենց սկզբից Արցախի Հանրապետությունը գոյատևել է միայն ՀՀ բնակչության հաշվին, նրա վճարած հարկերի ու կրած զրկանքների հաշվին։ Թիրախավորվում է փախստական բնակչությունը, որի համար կառավարությունը աջակցության ծրագրեր է իրականացնում, իսկ «անշնորհակալ» արցախցիները համարձակվում են քննադատել իշխանություններին։
Հավաքական մեղք և ստիգմատիզացիա (խարանում): Ամբողջ արցախցիներին որպես սոցիալական խումբ պիտակավորում են որպես «Հայաստանի թիվ մեկ թշնամի», «Ռուսաստանի կամակատար»։ Կիրառվում է խիստ ապամարդկայնացնող բառապաշար («անասուններ», «անմարդկային կենդանի», «անաղուհաց քրդի շներ»)։ Հնչում է նաև սեռականացված ատելության խոսք արցախցի կանանց հասցեին։
Կենդանի մնալու մեղադրանք («Ինչո՞ւ ես ողջ»): Ծայրահեղ վտանգավոր պատում, որով արդարացվում է այն միտքը, որ արցախցիները պետք է զոհվեին «մեր [հայաստանցիների] երեխեքի» փոխարեն, և եթե նրանք ողջ են, ուրեմն դավաճան են։
Վտարման կոչեր: Պնդումներ, որ ղարաբաղցիները «հայ չեն», և կոչեր՝ նրանց Հայաստանից վտարելու մասին։
Այս պատումների հեղինակներին կարելի է տեսակավորել չորս խմբի մեջ։ Առաջինը բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք ատելության խոսքի գլխավոր խթանիչներն են։ Առանձնահատուկ պետք է ընդգծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը (մետրոյի միջադեպը, բժշկուհու հետ վիճաբանությունը, ակտիվիստ Արթուր Օսիպյանին ուղղված «դու խի՞ ես կենդանի» արտահայտությունը, դիմակավորված անձանց վերաբերող տեսանյութի ընդհանրացումը բոլոր արցախցիների վրա)։ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արսեն Թորոսյանը ևս կեղծ պատում առաջ մղողներից է։ ԱԺ արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը հանրայնորեն լեգիտիմացնում է ատելություն տարածողներին։ Նրանց շարքին կարելի է դասել նաև Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանին։ Այս բոլորի մասնակցությամբ դեպքերի մանրամասն նկարագրությունը կարելի է գտնել արդեն հիշատակված զեկույցներում։
Ատելության խոսքի երկրորդ դերակատարը իշխանամերձ լրատվամիջոցներն են։ Առանձնացվում են Araratnews.am-ը, Medianews.site-ը և այլ կայքեր, որոնք կապված են իշխանական շրջանակների հետ։ Նրանք տիրաժավորում են կեղծ լուրեր արցախցիների մասին (օրինակ՝ Արմինե Մոսիյանի դեպքը) և արդարացնում պաշտոնյաների ագրեսիվ վարքը։
Երրորդ խումբը իշխանամետ ակտիվիստները, բլոգերները և փաստաբաններն են: Մարդիկ, ովքեր անարգել և շարունակաբար ատելություն են քարոզում մեծ լսարանների առաջ։ Զեկույցներում հիշատակվում են Ռոման Բաղդասարյանը, Նատալի Ալեքսանյանը, Թաթուլ Ասիլյանը, Արամ Ավետիսյանը, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ Նրանք սերտ կապեր ունեն իշխանության հետ կամ բացահայտ աջակցում են նրան։
Վերջին խմբում առանձնացրել ենք շարքային օգտատերերին: Սոցցանցերում (Facebook, TikTok) գործող անձինք (օրինակ՝ Արա Ներսիսյան, Շող Մովսիսյան և այլք), որոնք կրկնում և ավելի ծայրահեղականացնում են վերևից իջեցված թեզերը։
Վերլուծելով զեկույցներում բերված միջադեպերը՝ կարելի է առանձնացնել իշխանությունների կողմից ատելություն հրահրելու մի քանի քաղաքական դրդապատճառ։ Առաջինը 2020-2023թթ․ տեղի ունեցած պարտությունների, Արցախի կորստի ու հայաթափումի պատասխանատվությունից խուսափելն է, մեղքը զոհի վրա բարդելը։ Դրա համար ՀՀ իշխանությունները ստեղծում են կեղծ պատում, թե իբր արցախցիները չեն կռվել իրենց հողի համար և դրա համար են կորցրել հայրենիքը։
Մյուս կողմից ատելության խոսքն օգտագործվում է որպես մահակ արցախյան ծագումով քննադատներին լռեցնելու համար։ Նիկոլ Փաշինյանի արձագանքները (բժշկուհի Արփինե Սողոյանին կամ արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանին) ցույց են տալիս, որ ցանկացած քննադատության ի պատասխան նա կիրառում է հավաքական արցախցու թիրախավորումը՝ հակառակորդին արժեզրկելու համար։ Ընդ որում, ամեն քննադատի մեջ նա փորձում է գտնել արցախցու, ինչպես եղավ բժշկուհի Արփինե Սողոյանի հետ միջադեպում, երբ երևանցի բժշկուհին փորձեց քննադատել իրենց թաղամասում քարոզչություն անող Նիկոլ Փաշինյանին։
Հաջորդ մոտիվացիան, բնականաբար, ներհասարակական բևեռացման շնորհիվ ավելի շատ ձայն ստանալն է։ Նախընտրական շրջանում իշխանությունը փորձում է համախմբել իր ընտրազանգվածին՝ ստեղծելով «ներքին թշնամու» կերպար։ Արցախցիներին ներկայացնելով որպես նախկին իշխանությունների (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) կամակատարներ և «թալանչիներ»՝ գործող իշխանությունն իր ընտրողների մոտ արթնացնում է բնազդային ատելություն՝ դրանով իսկ շեղելով հանրության ուշադրությունը իրական անվտանգային ու կառավարման ձախողումներից։
Ատելության խոսքի նպատակը նաև արցախցիներին զրկելն է քաղաքացիական և քաղաքական ձայնից, հարմար թիրախ ստեղծելը, որի վրա կբարդեն ամեն մի ձախողում։
Ամփոփելով այս ամենը՝ գալիս ենք այն եզրակացության, որ ատելության խոսքը ոչ թե պահի տակ էմոցիոնալ պոռթկում է, այլ կազմակերպված համակարգ՝ ուղղորդող թեզերով, պատումներով, դրանք տարածող լրատվամիջոցներով ու ազդեցիկ օգտատերերով, այս ամենի նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերող, ատելության խոսքը նորմալացնող իրավապահ համակարգով։
Այս ամենը կարող է բերել ներհասարակական խորը բևեռացման՝ հարվածելով Հայաստանի դիմադրողականությանը և անվտանգությանը։ Սա վտանգում է արցախցիներին՝ նրանց դարձնելով իրական հարձակումների թիրախ։ Արցախից բռնի տեղահանվածների թիրախավորումը ոչ թե կարճաժամկետ նախընտրական տակտիկա էր, այլ ձևավորված քաղաքական մոդել, որտեղ ատելության խոսքն օգտագործվում է որպես իշխանության պահպանման, պատասխանատվությունից խուսափելու և հասարակությունը վերահսկելի պահելու գործիք՝ ի հաշիվ պետական համախմբվածության և մարդու հիմնարար իրավունքների։
Կարճաժամկետ քաղաքական թվացյալ շահի համար ատելության գործիքի օգտագործումը բումերանգ է, որը վաղ թե ուշ վերադառնում է իրեն արձակողին՝ քանդելով այն պետության ու հասարակության հիմքերը, որի վրա հենված է հենց այդ իշխանությունը։ Այն երբեք չի մնում վերահսկելի սահմաններում. պառակտված ու ատելությամբ թունավորված հասարակությունը կորցնում է դիմադրողականությունը արտաքին սպառնալիքների հանդեպ, իսկ հանրային վստահության իսպառ բացակայությունը ի վերջո անկառավարելի է դարձնում պետական համակարգը հենց նրանց համար, որոնք այդ ատելությունն արմատավորել են։