TRIPP-ը փորձում են կապել Հայաստանի Սահմանադրության հետ. ի՞նչ նկատի ունի Բրենդա Շաֆերը

Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի Գլոբալ էներգետիկ կենտրոնի ավագ գիտաշխատող Բրենդա Շաֆերը RealClearWorld (RCW) վերլուծական հրատարակությունում հրապարակված հոդվածում գրել է, որ Վաշինգտոնը պետք է պահանջի, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունը՝ իր սահմանադրությունից հեռացնելու Ղարաբաղի հետ միավորման մասին կետը, որը նա իբր ստանձնել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրման արարողության ժամանակ։ Այն թողնելը կարող է թույլ տալ ապագա հայկական կառավարություններին հրաժարվել իրենց խաղաղության խոստումից, գրում են Բաքվի ԶԼՄ-ները։։

Ի՞նչ պարտավորության մասին է խոսքը, և ինչո՞ւ է Բաքուն փորձում TRIPP-ը կապել Հայաստանի Սահմանադրության հետ։

Օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ հուշագրում նշվում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Միացյալ Նահանգները ճանաչում են «ապագային միտված ուղու գծագրման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, որը կապ չի ունենա անցյալի հակամարտության հետ։ Հսկայական մարդկային տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո ստեղծվել են պայմաններ, որպեսզի մեր ժողովուրդները վերջապես ընտրեն բարիդրացիական հարաբերությունների ուղի՝ հիմնված միջազգային սահմանների անձեռնմխելիության և տարածք ձեռք բերելու համար ուժի կիրառման անթույլատրելիության վրա»։

2026 թվականին Միացյալ Նահանգները և Հայաստանը ստորագրեցին TRIPP համաձայնագիրը, որը սահմանում է, որ «Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կիրառվելու է սույն Համաձայնագիրը»։

TRIPP համաձայնագիրն արդեն ուղարկվել է Հայաստանի Սահմանադրական դատարան: Սակայն, Բաքուն, կարծես, կանխատեսում է, որ TRIPP համաձայնագիրը կարող է հակասահմանադրական ճանաչվել, բայց Հայաստանը անհրաժեշտ չի համարի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը, քանի որ այդ դեպքում «սույն համաձայնագիրը պետք է կիրառվի»:

Մի կողմից, Բաքուն ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ Սահմանադրությունը փոփոխելու և 1989 թվականի Միացումիմասին որոշումից հրաժարվելու համար: Մյուս կողմից, Բաքուն հասկանում է, որ ո՛չ իշխող, ո՛չ էլ ընդդիմադիր հայկական ուժերը Բաքվի ճնշման տակ չեն փոխի սեփական Սահմանադրությունը:

Նիկոլ Փաշինյանի կուսակցության վերընտրվելուց հետո Բաքվում ավելի շատ կասկածներ են առաջացել Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոփոխելու ցանկության վերաբերյալ:

Լրագրողները հարցրել են ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, թե ինչպես են իշխանությունները նախատեսում իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չունի անհրաժեշտ երկու երրորդի սահմանադրական մեծամասնությունը:

Ի պատասխան, Գալյանը հայտարարել է, որ կառավարության խնդիրն է մշակել նոր Սահմանադրություն և այն ներկայացնել հանրային քննարկման: «Ինձ համար լավագույն սցենարը կլինի, որ նոր Սահմանադրության տեքստը լինի այնպիսին, որը խորհրդարանը կարողանա հաստատել։ Այնուամենայնիվ, ես չեմ բացառում որևէ սցենար», – նշեց Գալյանը։

Նախարարը նաև հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք նոր Սահմանադրության նախաբանում կպահպանվեն Անկախության հռչակագրի և 1989 թվականի Միացումի մասին որոշման հղումները։

Երեկ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նույնպես ակնարկեց, որ նոր Սահմանադրությունը կարող է մշակվել այնպես, որ ընդդիմադիր կուսակցությունները նույնպես քվեարկեն դրա ընդունման օգտին։ Եթե Միացումի մասին համախմբում չկա,կարող է կինել “Անջատումի” շուրջ։ Միայն թե դա չլինի “Բաքվի պարտադրանքով”, ապահովվի գերիների ազատումը և Հայաստանը պաշտպանի “300 հազար ադրբեջանցիներից”։

Դժվար է ասել, թե ինչ տեքստ կպատրաստի ՔՊ-ն, բայց Բաքվում ակնհայտորեն անհանգստություն կա, և Բրենդա Շաֆերին փորձել են ներգրավել՝ Հայաստանին դրան ստիպելու համար կապել TRIPP-ը նոր Սահմանադրության հետ։

«Մենք դրական ենք գնահատում այն ​​փաստը, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը որպես հիմնարար մոտեցում ընդունել է «Իրական Հայաստան» հասկացությունը։ Մենք ակնկալում ենք, որ այն կներառվի Հայաստանի Սահմանադրությունում։ Մենք մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նրանք իրենք են հայտարարել, որ կընդունեն նոր Սահմանադրություն», – թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ալիևի օգնական Հաջիևը։