«Միայն Արցախում մնացած գույքի մասով վնասը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ ԱՄՆ դոլար»

Արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումից ու Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայցի հետո հաճախ հնչող հարցն այն է, թե Արցախում իրականացվե՞լ է գույքագրում։ Խոսքը ոչ միայն մասնավոր գույքի մասին է, այլ նաեւ՝ ազգային բարիքների՝ ի՞նչ են թողել հայերն Արցախում, եւ ի՞նչ վնասների մասին է խոսքը։

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը step1.am-ի հարցին, թե Արցախի ամբողջական օկուպացիայից առաջ եւ հետո գույքագրում իրականացվե՞լ է, պատասխանեց․ «Արցախում գյուքագրում չի իրականացվել՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, իսկ տեղահանությունից հետո ամբողջական գույքագրում հնարավոր չէր իրականացնել, քանի որ գույքագրման համար հիմք հանդիսացող նյութերի գերակշիռ մասը մնացել են Արցախի տարածքում։ Ընդհանուր եւ խիստ մոտավոր հաշվարկներով՝ միայն Արցախում մնացած գույքի մասով վնասը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ ԱՄՆ դոլար»։

Հարցին, թե Արցախի իշխանություններն ի՞նչ լուծում են տեսնում Արցախում թողնված գույքի հարցով՝ պե՞տք է դիմել միջազգային դատարաններ՝ փոխհատուցման հայցերով, թե՞ այլ ճանապարհներ էլ կան, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց․ «Արցախում թողած գույքի համար փոխհատուցման հարցը մնում է միայն միջազգային դատական ատյանների տիրույթում, առավել եւս, որ նմանատիպ իրավիճակների մասով միջազգային դատարանն ունի ձեւավորված պրակտիկա»։

Ինչ վերաբերում է հարցին, թե Արցախում սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերն այսօր ճանաչվո՞ւմ են, Արցախի պետնախարարն ասաց․ «Շարժական գույքի մասով խնդիր չունենք, իսկ անշարժ գուքի հետ կապված որոշակի խնդիրներ կան՝ պայմանավորված իրավական կարգավորումների հետ։ Օրինակ՝ նոտարները ժառանգության իրավունքի վկայագիր չեն տալիս Արցախում մնացած գույքի սեփականության իրավունքի վկայականի հիման վրա»։

Նշենք, որ ավելի վաղ step1.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասել էր, որ բռնի տեղահանված արցախցիները, ովքեր Արցախում թողել են իրենց գույքը, պետք է իմանան, որ այդ գույքի նկատմամբ իրենց իրավունքը շարունակում է պահպանվել եւ պահպանվելու է թեկուզ տասնամյակներ անց։ Հետեւաբար, Ղազարյանի խոսքով, արցախցիները պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին եւ հայցեր ուղարկեն միջազգային ատյաններ։ Այսօր այդ աշխատանքն արվում է մասնագետների աջակցությամբ, բայց մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ։

Նախորդ տարի տեղեկություն եղավ, որ Ադրբեջանը նախապատրաստական աշխատանքներ է սկսել՝ պետականացնելու արցախցիների գույքը։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարություններ են արել, թե արցախցիների գույքի 80 տոկոսն իբր «տեր չունի»։

Այնինչ, Արա Ղազարյանն ասել էր, որ Հյուսիսային Կիպրոսի նախադեպը կա՝ բռնի տեղահանված անձանց գույքն ազգայնացնելու ցանկացած օրենք առոչինչ է, հենց ընդունման պահից անօրինական է, որովհետեւ այդ օրենքը ծագում է բռնությունից։

Ինչ վերաբերում է պատմամշակութային հուշարձաններին, ապա մասնագետներն արդեն թվեր են ներկայացրել։ Ըստ այդմ՝ Արցախի տարածքում մնացել է 6000-ից ավելի հայկական պատմամշակութային հուշարձան, որոնք այսօր ֆիզիկական ոչնչացման եւ բռնայուրացման, իսլամացման վտանգի տակ են։ Արցախի տարածքը էթնիկ զտման ենթարկելուց հետո այժմ Ադրբեջանը լուծում է հայկական հետքի վերացման հարցը՝ Արցախում ոչնչացվում են հայկական եկեղեցիները, պատմամշակութային մյուս հուշարձանները, գերեզմանները եւ ամբողջական բնակավայրեր են հողին հավասարեցվում։

Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի նախնական որոշմամբ սահմանել էր իրավաբանորեն պարտադիր ժամանակավոր միջոցներ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո։

Այդ որոշմամբ Միջազգային դատարանը Ադրբեջանին նաեւ պարտավորեցրել էր պահպանել եւ չոչնչացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց անձնական գույքի, սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերն ու գրանցումները:

Իսկ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը։ Ի թիվս այլ հարցերի՝ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների  դեմ:

Եվ չնայած Միջազգային դատարանի որոշումներին՝ Ադրբեջանն ամենաօրյա ռեժիմով շարունակում է Արցախի տարածքում ոչնչացնել ու բռնայուրացնել հայերին պատկանող գույքն ու պատմամշակութային ժառանգությունը։

Ռոզա Հովհաննիսյան