
Արցախից բռնատեղահանված Լենա Մանուչարյանի ընտանիքը, որը 2025 թվականի մայիսին դարձել է արցախցիների բնակապահովման պետական ծրագրի շահառու, արդեն շուրջ չորս ամիս է՝ չի կարողանում ստանալ բնակապահովման հավաստագրի դրական մնացորդը՝ բնակարանի համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով։
Չորս հոգանոց ընտանիքը 2026 թվականի ապրիլի 9-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում 14 միլիոն 200 հազար դրամով բնակարան է ձեռք բերել։ Բնակապահովման հավաստագրով ընտանիքին հատկացվել էր 16 միլիոն դրամ, ինչի արդյունքում գոյացել է 1 միլիոն 800 հազար դրամի դրական մնացորդ, որը նախատեսված է բնակարանի կահավորման համար։
Լենա Մանուչարյանը պատմում է, որ բնակարան գտնելը հեշտ չի եղել։ Երկար որոնումներից և բազմաթիվ խոչընդոտներից հետո միայն ընտանիքը կարողացել է ձեռք բերել սեփական բնակարանը։
Ընտանիքի սոցիալական վիճակը ևս բարդ է։ Չորս անդամներից երեքը տարիքային թոշակառուներ են, իսկ մեկը՝ հիվանդության պատճառով ունի հաշմանդամության կարգ։
Լենա Մանուչարյանը նաև ծանր անձնական կորուստներ է կրել։ Նա 2011 թվականին մարտական դիրքում դիպուկահարի կրակոցից զոհված ժամկետային զինվորի և 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածի մայր է։
«Տունը դատարկ է, և մենք պատրաստվում էինք դրական մնացորդով ձեռք բերել անհրաժեշտ գույքը։ Երևանի խանութներից մեկում ընտրել ենք մեզ անհրաժեշտ կահույքն ու կենցաղային իրերը, պայմանագիրը ներկայացրել ենք սոցիալական ծառայություն, սակայն մինչև այսօր որևէ առաջընթաց չկա։ Էլեկտրոնային փոստով որևէ ծանուցում չենք ստացել։ Ամիսներ շարունակ գնում-գալիս եմ, բայց ապարդյուն։ Մշտապես ասում են՝ սպասեք։ Ներկայացրել ենք նոր էլեկտրոնային փոստ։
Մեզանից հետո նույն խանութից բազմաթիվ արցախցի ընտանիքներ արդեն ստացել են իրենց գույքը։ Չգիտեմ որևէ այլ ընտանիքի, որը նման խնդրի առաջ կանգնած լինի։ Մենք թոշակառուներ ենք և պարզապես հնարավորություն չունենք սեփական միջոցներով կահավորելու մեր տունը»,- ասում է Լենա Մանուչարյանը։
Խնդրի լուծման նպատակով նա դիմել է հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանի գլխավորած «Արցախ» տեղեկատվական և խորհրդատվական կենտրոն։ Նրա խոսքով՝ դիմումից մեկ օր անց կենտրոնի իրավաբանը կապ է հաստատել իր հետ և տեղեկացրել, որ կզբաղվի հարցով։
«Հույս ունեմ, որ այս աջակցությամբ վերջապես կհաջողվի լուծել խնդիրը, և մենք կկարողանանք ստանալ մեզ հասանելիք գումարը՝ տունը կահավորելու համար»,- նշում է Լենա Մանուչարյանը։
Ընտանիքը սպասում է, որ իրավասու մարմինները հնարավորինս արագ կավարտեն գործընթացը, որպեսզի կարողանա օգտվել պետական ծրագրով նախատեսված ամբողջական աջակցությունից։
Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ