
Նրանք հերոսների զավակներն են։ Երեխաներ, որոնց մանկության պատմության մեջ արդեն իսկ կա մի մեծ ու ցավոտ էջ՝ իրենց հայրերի անունը։ Եվ հենց նրանց համար է «Հայորդի» ճամբարը՝ մի վայր, որտեղ հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների երեխաներին փորձում են վերադարձնել մանկության ամենակարևորն ու ամենապարզը՝ ժպիտը, ընկերությունը, անհոգ խաղն ու ջերմությունը։
Արդեն 2022 թվականից «Հայորդի» ճամբարներն իրականացվում են Վաչե Վարդանյանի նախաձեռնությամբ և ջանքերով։ Տարիների ընթացքում այս նախաձեռնությունը վերածվել է մեծ ու կարևոր առաքելության՝ համախմբելով մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունենում մեր հերոսների զավակների համար հիշարժան, ուրախ և սիրով լի օրեր ստեղծելու գործում։
Այս տարի ևս Հանքավանում «Հայորդի» ճամբարը հյուրընկալում է 6-ից 12 տարեկան երեխաների։ Արդեն երկու հերթափոխով այստեղ իրենց ամառային օրերն են անցկացրել 200 երեխա, իսկ ևս 100-ի համար ճամբարային կյանքի նոր ու սպասված օրերն առջևում են։
Եվ յուրաքանչյուր հերթափոխի ավարտին նույն պատկերն է՝ երեխաները չեն ցանկանում հեռանալ։
Այս մեծ առաքելությունն իրականություն է դառնում Վաչե Վարդանյանի նախաձեռնության ու հետևողական աշխատանքի, «Հայորդի»-ի ողջ անձնակազմի և այն բազմաթիվ բարեսիրտ մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց լուման են ներդնում այս գեղեցիկ գործի մեջ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ