
2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո Հայաստան տեղափոխվեց նաև առողջապահական համակարգի մասնագիտական ներուժը։ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ Հայաստանում էր գտնվում շուրջ 3000 արցախցի բուժաշխատող, որոնց մեծ մասը միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներ էին։
Պետությունը տեղահանությունից հետո մի շարք քայլեր ձեռնարկեց նրանց մասնագիտական ինտեգրումն ապահովելու համար՝ կազմակերպվեցին հաշվառում, վերապատրաստումներ, շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց և աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ խորհրդատվություն։
2024 թվականի մարտի 31-ի դրությամբ հաշվառված և շարունակական մասնագիտական զարգացման հնարավորություն ստացած բուժաշխատողների թիվը հասել էր 762-ի, իսկ բժշկական կազմակերպություններում աշխատանքի էր ընդունվել 187 բուժաշխատող, այդ թվում՝ 12-ը՝ մարզերում։
Ավելի վաղ՝ 2024 թվականի փետրվարին, նախարարությունը հայտնել էր 216 աշխատանքի ընդունված բուժաշխատողի մասին։
Այս թվերը, սակայն, չեն ներկայացնում 2026 թվականի ամբողջական պատկերը։ Հանրային հասանելի պաշտոնական տվյալներում առայժմ չկա նույն մեթոդաբանությամբ հաշվարկված թիվ, որը ցույց կտար՝ 2023 թվականից հետո Հայաստան տեղափոխված բուժաշխատողներից քանիսն են այսօր աշխատում մասնագիտությամբ, քանիսը՝ այլ ոլորտում, իսկ քանիսը դեռ չեն կարողացել վերադառնալ մասնագիտական գործունեությանը։
Step1.am-ի հետ զրույցում բռնի տեղահանված բուժեղբայր Արման Խաչատրյանը պատմում է, որ իր դեպքում աշխատանքի վերադառնալու գործընթացը դժվար չի եղել։ Երևան գալուց կարճ ժամանակ անց նրան առաջարկվել է աշխատանք, անցել է անհրաժեշտ ստաժավորումը, ապա աշխատանքի է ընդունվել։ Այսօր նա աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում և Երևանի շտապօգնության համակարգում։
«Ես ընդհանրապես դժվարություն չեմ ունեցել տեղահանումից հետո»,— ասում է Խաչատրյանը՝ միաժամանակ նշելով, որ իր շրջապատում կան բուժաշխատողներ, որոնք աշխատանքի անցնելու հարցում խնդիրների են հանդիպել։
Այս տարբերությունը պատահական չէ։ Բժշկական մասնագետների ինտեգրումը կախված է ոչ միայն թափուր հաստիքների առկայությունից, այլև մասնագիտությունից, տարիքից, կրթությունից, հավաստագրման և շարունակական մասնագիտական զարգացման պահանջներից։
Բժիշկ-վերականգնողաբան Գոհար Խաչատրյանը, որը Արցախում աշխատել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, Step1.am-ի հետ զրույցում մատնանշում է հատկապես տարիքով մասնագետների խնդիրները։ Նրա խոսքով՝ որոշ բժիշկների համար դժվարություն կարող են ստեղծել Հայաստանի առողջապահական համակարգում կիրառվող համակարգչային ծրագրերը և հայերեն աշխատանքային միջավայրը։ Հատկապես ռուսալեզու կրթություն ստացած ավագ սերնդի մասնագետների համար նոր համակարգին հարմարվելը կարող է լրացուցիչ ժամանակ և վերապատրաստում պահանջել։
Այսինքն՝ աշխատանքից դուրս մնալը միշտ չէ, որ պայմանավորված է մասնագիտական գիտելիքների կամ փորձի պակասով։ Որոշ դեպքերում խոչընդոտ են դառնում հավաստագրման ընթացակարգերը, նոր աշխատանքային համակարգին հարմարվելու անհրաժեշտությունը, թվային և լեզվական հմտությունները։
Առողջապահության նախարարության քայլերը դրական է գնահատել նաև Արցախի առողջապահության վերջին նախարար Վարդան Թադևոսյանը։ Նրա համար կարևոր է ոչ միայն առանձին մասնագետների աշխատանքի տեղավորումը, այլև Արցախում ձևավորված մասնագիտական ներուժի պահպանումը։
Այս առումով նշանակալի է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեության վերականգնումը Հայաստանում։
Արցախում տարիներ շարունակ աշխատած մասնագիտական թիմը կարողացել է շարունակել գործունեությունը՝ արդեն Հայաստանում, ինչը մասնագիտական ժառանգությունը պահպանելու մեկ այլ տարբերակ է։
Միաժամանակ կարևոր է չշփոթել աշխատանքի ընդունվածների և գործազուրկների թվերը։
3000 բուժաշխատողից աշխատանքի չընդունված բոլոր մասնագետներին գործազուրկ համարելը ճիշտ չէ․ նրանց մի մասը կարող է աշխատել այլ ոլորտում, վերապատրաստվել, չփնտրել աշխատանք կամ ունենալ այլ զբաղվածություն։
Այստեղ էլ առաջանում է հիմնական խնդիրը՝ 2026 թվականի դրությամբ չկա հանրային հասանելի ամբողջական վիճակագրություն, որը ցույց կտար արցախցի բուժաշխատողների ներկայիս մասնագիտական կարգավիճակը։
Երեք տարի անց հարցն արդեն միայն այն մասին չէ, թե քանի արցախցի բուժաշխատող է աշխատանքի ընդունվել։ Անհրաժեշտ է հասկանալ՝ ովքե՞ր են կարողացել շարունակել իրենց մասնագիտությունը, ովքե՞ր են դուրս մնացել առողջապահական համակարգից և ի՞նչ խոչընդոտների պատճառով։
Այս տվյալները թույլ կտան գնահատել ոչ միայն պետության իրականացրած ծրագրերի արդյունքները, այլև հասկանալ, թե ինչ լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ Արցախում ձևավորված մասնագիտական ներուժը Հայաստանում պահպանելու և զարգացնելու համար։
Արսեն Աղաջանյան