Սերգեյ Օգոլցովը Ստեփանակերտի վերջին օրերի մասին. «Լքված շներ և աղավնիներ։ Քաղաքը գործնականում դատարկ էր»

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ բնակչության արտագաղթից հետո գրող Սերգեյ Օգոլցովը մի քանի ամիս մնաց Ստեփանակերտում։ Նա լքեց Արցախը 2024 թվականի մայիսի վերջին։ Այս ընթացքում Սերգեյ Օգոլցովը աշխատում էր գրքի վրա, որը պատմում է Արցախում հայ բնակչության վերջին օրերի մասին։

Step1.am-ի հետ հարցազրույցում նա խոսեց գրեթե դատարկ Ստեփանակերտում կյանքի, նրա հետ մնացած մարդկանց և Արցախում անցկացրած իր վերջին ամիսների մասին։

— Ինչո՞ւ որոշեցիք մնալ Արցախում հայ բնակչության բռնի տեղահանությունից հետո։

— Ես աշխատում էի մի գրքի վրա, որը նվիրված էր ղարաբաղցի հայերի կողմից հայրենիքը կորցնելուց առաջ տեղի ունեցած վերջին պահերին։ Աշխատանքն ավարտվեց 2024 թվականի մայիսի կեսերին, և ամսվա վերջում ես տարհանվեցի Արցախից։

— Ի՞նչ տեսաք Ստեփանակերտից հայերի արտագաղթից հետո։

— Ես տեսա դատարկ քաղաք և իրավապահ մարմիններ։ Ես տեսա լքված շներ և աղավնիներ։ Քաղաքը գործնականում դատարկ էր։

— Ուրիշ ո՞վ մնաց ձեզ հետ։

— Մենք ընդհանուր առմամբ 15 հոգի էինք, որոնցից երեքը կին էին։ Նրանցից մեկը՝ Ելենան, ավելի ուշ մահացավ։ Ոմանք շարունակում էին ապրել իրենց տներում, մյուսները մնում էին «Դղյակ» հյուրանոցում։

— Ինչպե՞ս էիք ապահովում ձեր կարիքները։

— Կարմիր խաչն էր մեզ օգնում։ Մենք ամսական ստանում էինք 300-330 մանաթ։ Քաղաքում կար երկու սուպերմարկետ, որոնք բացվել էին նախկին խանութների տեղում։

— Ինչո՞ւ ի վերջո որոշեցիք լքել Արցախը։

— Իմ ընտանիքն արդեն Երևանում էր, և գրքի վրա աշխատանքներն ավարտվել էին։ Այդ պատճառով ես խնդրեցի, որ ինձ տեղափոխեն Հայաստան։ Նրանք մոտ մեկ շաբաթ գրանցեցին իմ տվյալները, որից հետո ինձ տարհանեին Վրաստանով։

— Ձեզ առաջարկվե՞ց Ադրբեջանի քաղաքացիություն։

— Ես ինքս դիմեցի քաղաքացիություն ստանալու համար, քանի որ առանց կանաչ անձնագրի չէի կարողանում SIM քարտ ստանալ կամ օգտվել ինտերնետից։ Մայիսի կեսերին նրանք ինձ ասացին, որ անձնագիրս կստանամ հաջորդ մեկ-երկու օրվա ընթացքում։ Ես պատասխանեցի. «Ոչ, տեղափոխեք ինձ Հայաստան»։

— Ի՞նչ պատահեց Արցախում մնացած մնացած մարդկանց հետ։

—Երբ մնացած բոլոր բնակիչները տեղափոխվեցին Հայաստան, ես կապ հաստատեցի Արցախի օմբուդսմենի հետ՝ խնդրելով նրանց մասին տեղեկություններ, բայց ստացա միայն անորոշ խոստումներ։ Հիմա ես չգիտեմ, թե որտեղ են այդ մարդիկ։

— Ձեր գիրքը, որի վրա աշխատել եք Արցախում, արդեն հրատարակվե՞լ է։

— Այո, հրատարակվել է 250 օրինակ։ Շնորհանդեսի ժամանակ ես բաժանեցի մոտ 50-ը։ Մնացածը փորձեցի տարածել Երևանի գրախանութներում։ Այցելեցի 18 խանութ և առաջարկեցի գիրքը վաճառել 3000 դրամով։ Մինչև հիմա ինձ հաջողվել է բաժանել մոտ 15 օրինակ։

— Ինչպե՞ս եք ապրում այսօր Հայաստանում։

— Լավ։ Չնայած Ստեփանակերտում ես ունեի մեծ տարածքով տուն և այգի։ Այդ ամենը մնաց այնտեղ։ Փորձում եմ դրա մասին չմտածել։

— Ի՞նչ ծրագրեր ունեք։

— Այժմ ավարտում եմ իմ հաջորդ գիրքը։ Դրանից հետո ուզում եմ ստեղծել Ստեփանակերտի մասին գրքերի շարք։ Այն կներառի քաղաքի և Ղարաբաղի մասին արդեն գրված հինգ կամ վեց ստեղծագործություններս։ Ուզում եմ դրանք վերամշակել և միավորել մեկ շարքի մեջ։

Արսեն Աղաջանյան