Վերադարձի իրավունքից հրաժարումը խաղաղություն չի բերի. Հայկ Խանումյան

2025թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի մեկամյա տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել, որտեղ կարևորել է խաղաղությունը, դրա ուղղությամբ կատարվող ջանքերը՝ հատուկ նշելով, որ արցախցիների վերադարձի մասին խոսույթը խանգարում է փխրուն խաղաղությանը։ 

«Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, եւ այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից  հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը»-նշել է ՀՀ վարչապետը։  

Փորձենք Հայաստանի վարչապետի խոսքը դիտարկել միջազգային իրավունքի տեսնակյունից։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 13-ի 2-րդ կետը սահմանում է յուրաքանչյուր մարդու՝ ցանկացած երկրից հեռանալու և իր երկիր վերադառնալու հիմնարար իրավունքը։ Այն ձևակերպված է այսպես․ «Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հեռանալու ցանկացած երկրից, ներառյալ իր սեփական երկիրը, և վերադառնալու իր երկիրը»։

«Իր երկիրը» հասկացության ընդլայնված մեկնաբանությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն (իր թիվ 27 ընդհանուր մեկնաբանության մեջ) հստակեցրել է, որ հոդված 13(2)-ում նշված «իր երկիրը» արտահայտությունը չի սահմանափակվում միայն պաշտոնական քաղաքացիությամբ։ Այն վերաբերում է այն տարածքին, որի հետ անհատն ունի հատուկ, մշտական և խորը կապեր (հայրենիք, ծննդավայր, երկարամյա բնակության վայր)։ Արցախի ժողովրդի համար այդ տարածքն իրենց պատմական և բնական հայրենիքն է, ուստի նրանք ունեն անքակտելի իրավունք՝ վերադառնալու հենց այդ տարածք։

Հոդված 13(2)-ը ենթադրում է երկրից հեռանալու ազատություն։ Բռնի տեղահանումը և էթնիկ զտումը ոչ թե իրավունքի իրացում են, այլ դրա ուղղակի ոչնչացում՝ հարկադրանքի և կյանքի սպառնալիքի միջոցով։ Միջազգային իրավունքի համաձայն՝ բռնի տեղահանված անձինք (փախստականները և ներքին տեղահանվածները) ունեն անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձի իրավունք իրենց հարկադիր լքած տնտեսություններ ու բնակավայրեր։ Այս իրավունքը բացարձակ է և չի կորչում ժամանակի ընթացքում։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 2-ը սահմանում է, որ որևէ տարբերակում չպետք է դրվի՝ հիմնվելով այն երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի վրա, որին պատկանում է անձը, լինի դա անկախ, խնամարկյալ, ինքնակառավարվող կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով տարածք։ Այն փաստը, որ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չի եղել, չի ազատում տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատած պետությանը (Ադրբեջանին) տեղի բնակչության մարդու իրավունքները, այդ թվում՝ վերադարձի իրավունքը հարգելու պարտավորությունից։

Հետևաբար, ելնելով միջազգային իրավունքի այս կարևոր սկզբունքից, կարող ենք փաստել, որ չճանաչված լինելը կամ տարածքային կարգավիճակի փոփոխությունը չեն չեղարկում անհատի հիմնարար իրավունքը՝ ապրելու իր հայրենիքում և վերադառնալու այնտեղ։

Միջազգային հանրության և իրավական համակարգի պարտքն է ստեղծել այնպիսի քաղաքական և անվտանգային պայմաններ, որոնք թույլ կտան տեղահանված արցախցիներին իրացնել երաշխավորված իրենց այս իրավունքը։ 

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը ելնում է ռեալպոլիտիկի մոտեցումներից՝ հույս ունենալով հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը և նոր պատերազմից խուսափելուն։ Հայելային հրաժարման այս հռետորաբանությունը համարժեք համեմատություն չէ։ Արցախի հայերի տեղահանումը տեղի է ունեցել վերջերս՝ էթնիկ զտման հետևանքով, և նրանց վերադարձի իրավունքը ֆիքսված է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյան որոշումներով։ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, ընդհակառակը, արհեստականորեն ստեղծված քաղաքական կոնցեպտ է՝ ուղղված Հայաստանի սուվերենության դեմ։ Թերևս, համարժեք համեմատություն կարող է լինել Խորհրդային միության վերջին տարիներին Ադրբեջանից հայերի հեռացումը և Հայաստանից ադրբեջանցիների տեղափոխությունը։ 

Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը պարզ է․ կառավարությունը գործում է նոր էսկալացիայից և պատերազմի սպառնալիքից ճնշվածության պայմաններում, նա փորձում է գտնել տարբերակներ պատերազմից խուսափելու համար։

Սակայն միջազգային դատարանի միջանկյալ որոշմամբ և միջազգային իրավունքով պաշտպանված արցախցիների վերադարձի իրավունքը դնել հավասարության մեջ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքական նարատիվի հետ՝ նշանակում է սնուցել Ադրբեջանի ագրեսիվ նպատակները։ Վերադարձի իրավունքը անհատի բացարձակ իրավունք է, և վարչապետների ուղերձներով այն չի վերանում։ Այնուամենայնիվ, Հայաստանի կողմից այս իրավունքի դիվանագիտական սպասարկման բացակայությունը կարող է բերել իրավիճակի ստատուս քվոյի՝ էթնիկ զտման լռելայն ընդունման աշխարհի կողմից։

Հայաստանը, որպես պետությունը, ելնելով անվտանգության ապահովման իր շահերից, կարող է հրաժարվել արցախցիների վերադարձի իրավունքն առաջ տանել։ Սակայն պետք է ևս մեկ անգամ ֆիքսել, որ վերադարձի իրավունքն անհատական իրավունք է, և որևէ մեխանիզմով կառավարությունը չի կարող արգելել որևէ արցախցու իր տուն արժանապատվորեն վերադառնալու ձգտումից։ 

Մյուս կողմից, Հայաստանի և Ադրբեջանի միջև ցածր վստահության, Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքի պայմաններում քիչ հավանական է, որ պաշտոնական Բաքուն հրաժարվի «Արևմտյան Ադրբեջանի» իր թեզից։ Այս թեզը Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հիբրիդային պատերազմի կարևորագույն տարր է, տարածքային հավակնությունների գործիք։ Անընդհատ զիջելը չի վերացնելու այս մարտահրավերը, այլ ավելի է մեծացնելու Ադրբեջանի ախորժակը։ 

Խաղաղության տակ դրած «ականը» ոչ թե էթնիկ զտման ենթարկված մարդկանց իրավունքների պաշտպանությունն է, այլ ստեղծված ուժային դիսբալանսը, որը թույլ է տալիս Ադրբեջանին ավելի ու ավելի ագրեսիվ նպատակներ մշակել։ Խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ այս դիսբալանսը էականորեն կկրճատվի։

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ