
Մեկ դար անց Թուրքիան և Ռուսաստանը ուսումնասիրում են նոր դաշինք կազմելու և տարածաշրջանը «բաժանելու» նոր հնարավորություններ: Մոսկվան «բարձրաձայնում» է առաջարկներ՝ Կովկասի և Սև ծովի վերաբերյալ՝ հրավիրելով Թուրքիային բանակցել առանց «դրսից եկողների», ինչպես դա եղավ Ռուսական և Օսմանյան կայսրությունների փլուզումից հետո։
Մերձավոր Արևելքում, Սև ծովում և Հայկական լեռնաշխարհում ճգնաժամերի ֆոնին Թուրքիան ստեղծում է անպարտելի և անկախ տերության կերպար, որը կարող է պատասխանատվություն ստանձնել այս հսկայական տարածաշրջանում: Վերջերս Թուրքիան ռազմական պայմանագիր է կնքել միջուկային Պակիստանի և նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի հետ, որը կարող է այլընտրանք դառնալ Իսրայելի հովանու ներքո կնքված Աբրահամյան համաձայնագրերին: Միևնույն ժամանակ, Թուրքիան հայտարարում է, որ եթե ԱՄՆ-ն չկարողանա ազդել Իսրայելի վրա, Անկարան, Եգիպտոսի և Կատարի հետ միասին, ինքնուրույն “կլուծի” Գազայի հարցը։
Թուրքիան, Ադրբեջանի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելով, փորձում է «ապահովել» իր հյուսիսային սահմանները, որոնց կարգավիճակը սահմանված է 1921 թվականի Կարսի ռուս-թուրքական պայմանագրով: Անկարան և Բաքուն ցանկանում են ստիպել Հայաստանին «կամավոր» զիջել Կարսի պայմանագրով Հայաստանից խլված հողերը:
Միևնույն ժամանակ, Թուրքիան չի ցանկանում հրաժարվել Սև ծովի «նայողի» իր դերից՝ փորձելով դուրս մղել Ռուսաստանին Ուկրաինայի միջոցով։
Սակայն Մոսկվան հիշեցնում է նախկին համաձայնագրերը, այդ թվում՝ Կովկասում։ Չնայած այն հրապարակայնորեն չի հայտարարել այդ մասին, բայց եթե Թուրքիան սկսի պահանջներ ներկայացնել կամ փորձել դառնալ միջուկային տերություն, Մոսկվան կարող է պաշտոնապես դուրս գալ Կարսի պայմանագրից և Թուրքիայի հետ այլ համաձայնագրերից։
Անկարան հայտարարում է Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ համաձայնության հասնելու անհրաժեշտության մասին, սակայն Ռուսաստանը չի նախաձեռնել այդ հարձակումները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Թուրքիան Ռուսաստանին ասում են, որ ազդանշան են ուղարկում Կիևին, որ Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքների և այդ երկրների հետ կապված նավերի վրա հարձակումները անընդունելի են։ Ինչպես թուրքական կողմը տեղեկացրել է Մոսկվային, Անկարան ուկրաինացիներին ասել է չհարձակվել Կասպյան կոնսորցիումի վրա, հավելել է նախարարը։ «Բայց հրապարակայնորեն բոլորը լռում են։ Սա նույնպես նշանակալից է», – ընդգծել է Լավրովը։
Միևնույն ժամանակ, ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, Թուրքիան իսկապես հետաքրքրված է Սև ծովի կայունությամբ։
Լավրովի խոսքով՝ Անկարան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ, քանի որ Թուրքիան և Ռուսաստանը ունեն բազմաթիվ տնտեսական նախագծեր, ինչպես նաև բազմաթիվ պատմական ընդհանրություններ՝ Կովկասը և Սև ծովը։ «Մենք լայն օրակարգ ունենք Թուրքիայի հետ», – նշել է ռուս նախարարը։