
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևից Ադրբեջանին ազատելու ժամկետի ևս մեկ տարով երկարաձգման մասին։
2001 թվականին Կոնգրեսը ԱՄՆ նախագահին լիազորություն տվեց ժամանակավորապես կասեցնել այդ սահմանափակումները, և այդ ժամանակվանից ի վեր նախագահները գրեթե ամեն տարի իրացնում են իրենց լիազորությունը՝ կասեցնելով բանաձևը մեկ տարով։
907-րդ բանաձևը, որը ԱՄՆ օրենսդրության մեջ է մտցվել 1990-ականների սկզբին, շարունակում է մնալ խոչընդոտ Վաշինգտոնի և Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք զարգացման համար։ Կոնգրեսը չի չեղարկում բանաձևը՝ չնայած Ադրբեջանի ջանքերին։
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հրապարակել են Բաքվի «խորամանկ» առաջարկն ԱՄՆ-ին՝ Բաքուն ապահովում է հայ գերիների ազատ արձակումը Բաքվի բանտերից և «խաղաղության պայմանագրի» ստորագրումը՝ 907-րդ բաժնի լիակատար չեղարկման դիմաց։ Սակայն, ԱՄՆ բոլոր վարչակազմերը վճռականորեն պահպանել են 907-րդ բանաձևը և չունեն այն չեղարկելու մտադրություն։
907-րդ բաժինն ընդունվել է 1992 թվականին և նշում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող պետական օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ այն որոշակի քայլեր չի ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների և շրջափակման վերացման վերաբերյալ։
Փոփոխության համաձայն՝ Ադրբեջանին օգնություն չի տրամադրվի, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հավաստիացնում և Կոնգրեսին չի զեկուցում, որ Ադրբեջանը.
դադարեցրել է Հայաստանի շրջափակմանը կամ սահմանափակմանը ուղղված բոլոր գործողությունները. հստակ քայլեր է ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ ուժի սպառնալիքը կամ կիրառումը դադարեցնելու համար և առաջընթաց է ցուցաբերել խաղաղության գործընթացում։
Անհավանական է, որ ԱՄՆ նախագահը կարողանա նման զեկույց ներկայացնել Կոնգրեսին, որն ընդունել է բազմաթիվ փաստաթղթեր և հայ բնակչության տեղահանությունը ճանաչել է որպես էթնիկ զտում։
Ներկայացուցիչների պալատի բանաձև (H.Res. 1327). երկկուսակցական փաստաթուղթ, որը ներկայացրել են կոնգրեսականներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը։ Այն պաշտոնապես ճանաչում է ավելի քան 100,000 հայերի տեղահանությունը որպես էթնիկ զտման գործողություն, դատապարտում է Ադրբեջանի գործողությունները և հաստատում է տեղահանված անձանց իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը։
Սենատի բանաձև (S.Res. 930). Ներկայացուցիչների պալատի բանաձևին նման փաստաթուղթ, որը դատապարտում է տարածաշրջանի հայ բնակչության դեմ էթնիկ զտումների արշավը։
Քանի դեռ 907-րդ բաժինը ուժի մեջ է մնում, Միացյալ Նահանգները Ադրբեջանին մեղավոր է համարում էթնիկ զտումների, Արցախի և Հայաստանի հայերի դեմ ուժի կիրառման, շրջափակման և ցեղասպանական գործողություններ որակվող այլ գործողությունների մեջ։