
2020 թվականից հետո, իսկ հատկապես 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո, սոցիալական ցանցերը Արցախի հանրության համար դարձան ոչ միայն տեղեկատվություն ստանալու, այլև սեփական կարծիքն արտահայտելու, իրադարձությունները մեկնաբանելու և հանրային տրամադրությունների վրա ազդելու կարևոր հարթակ։
Այս միջավայրում ձևավորվեց նաև կարծիք ձևավորողների նոր շրջանակ՝ մարդիկ, որոնց խոսքը լսելի է դառնում ոչ միայն իրենց մասնագիտական գործունեության, այլև անձնական փորձի, անցած ճանապարհի ու հանրային վստահության շնորհիվ։
Այդ մարդկանցից է պատերազմի մասնակից, պատերազմի ժամանակ 40 օր անհայտության մեջ գտնված և հրաշքով փրկված, այժմ բլոգեր ու սոցիալական ցանցերում ակտիվ հանրային խոսք ունեցող Արթուր Հարությունյանը։
Նրա համար հանրային կարծիքի ձևավորումը պարզապես սոցիալական ցանցերի կամ հետևորդների թվի մասին չէ։ Այն առաջին հերթին պատասխանատվության մասին է։
«Մեկ հրապարակում կարող է առաջացնել վախ, հույս, զայրույթ կամ խուճապ»
Արթուրի դիտարկմամբ՝ վերջին տարիներին կարծիքի ձևավորման գործընթացը շատ ավելի արագ է տեղափոխվել սոցիալական ցանցեր։ Իսկ ճգնաժամային իրավիճակներում այդ ազդեցությունն առավել ուժեղ է դառնում։
https://www.instagram.com/301arm/reel/DZ-JYiUMQsa/
Նա հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ պատերազմի կամ ճգնաժամի ժամանակ մարդիկ տեղեկատվության մեծ պահանջ ունեն, մինչդեռ վստահելի տեղեկատվությունը միշտ չէ, որ հասանելի է կամ արագորեն հասնում հանրությանը։
«Հատկապես ճգնաժամային փուլերում մեկ հրապարակում կամ տեսանյութ կարող է շատ արագ տարածվել և ազդել մարդկանց տրամադրությունների վրա՝ առաջացնելով վախ, հույս, զայրույթ կամ նույնիսկ խուճապ»,– ասում է Արթուր Հարությունյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականի իրադարձությունների ընթացքում դա հատկապես տեսանելի էր։ Տեղեկատվության պակասի պայմաններում մարդիկ հաճախ սոցիալական ցանցերից էին փորձում հասկանալ՝ ինչ է կատարվում։
Այս իրավիճակում կարծիք ձևավորողների խոսքը, ըստ նրա, սովորական հրապարակման արժեք չունի։ Այն կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ, քանի որ մարդիկ իրենց ունեցած տեղեկատվության բացը փորձում են լրացնել հենց այդ հրապարակումներից։
«Շատ բան կախված է նրանից, թե ինչպես ենք օգտագործում դրանք»
Սոցիալական ցանցերի ազդեցությունը Հարությունյանը միանշանակ դրական կամ բացասական չի համարում։
Նրա գնահատմամբ՝ դրանք միաժամանակ կարող են լինել և՛ հնարավորություն, և՛ վտանգ։
«Կարծում եմ՝ երկուսն էլ, բայց շատ բան կախված է նրանից, թե ինչպես ենք օգտագործում դրանք»,– ասում է նա։
Դրական կողմն այն է, որ սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս տարբեր մարդկանց լսելի դառնալ։ Հանրային խոսքի մեջ կարող են հայտնվել մարդիկ և թեմաներ, որոնք նախկինում գուցե չհասնեին լայն լսարանին։
Սակայն, Հարությունյանի դիտարկմամբ, այստեղ կա նաև բևեռացման վտանգ։ Սոցիալական ցանցերի ալգորիթմները հաճախ առավել մեծ տարածում են տալիս ուժեղ էմոցիա առաջացնող բովանդակությանը։ Իսկ երբ խոսքը պատերազմի, տեղահանության, կորստի և Արցախի ապագայի նման զգայուն թեմաների մասին է, էմոցիան կարող է շատ արագ վերածվել հանրային տրամադրության։
https://www.instagram.com/301arm/reel/DZ-JYiUMQsa/

Ի՞նչ թեմաներ են այսօր ձևավորում Արցախի հանրային օրակարգը
Հարությունյանի համար ակնհայտ է, որ 2023 թվականից հետո Արցախի հանրության համար կարծիքի ձևավորման օրակարգն այլևս չի սահմանափակվում միայն քաղաքական և ռազմական թեմաներով։
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում առանձնահատուկ ուշադրություն են ստանում Արցախի ինքնության, վերադարձի իրավունքի, մշակութային ժառանգության, տեղահանվածների խնդիրների և քաղաքական զարգացումների վերաբերյալ թեմաները։
Այս թեմաների շուրջ քննարկումները, նրա գնահատմամբ, կարող են ուղղակիորեն ազդել հանրային կարծիքի վրա։
Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ հանրային ուշադրության կենտրոնում հայտնված յուրաքանչյուր թեմա չէ, որ անպայման վերածվում է իրական փոփոխության։ Բայց դա չի նվազեցնում հանրային կարծիքի վրա դրա ազդեցությունը։
Այսինքն՝ սոցիալական ցանցերում ինչ-որ հարցի շուրջ ակտիվ քննարկում ձևավորելը դեռ ինքնին լուծում չէ, սակայն այն կարող է փոխել մարդկանց վերաբերմունքը տվյալ խնդրի նկատմամբ, դարձնել այն տեսանելի և բերել հանրային օրակարգ։
«Ցանկացած մարդ ունի պատասխանատվություն իր ասած խոսքերի համար»
Արթուր Հարությունյանի պատասխանում, սակայն, ամենակարևոր միտքը գուցե վերաբերում է ոչ թե սոցիալական ցանցերի տեխնիկական հնարավորություններին, այլ դրանցում խոսողի պատասխանատվությանը։
Նրա համոզմամբ՝ հանրային կարծիք ձևավորելու պատասխանատվությունը միայն հայտնի մարդկանցը չէ։
«Իմ կարծիքով՝ ցանկացած մարդ՝ «հայտնի» կամ ոչ, ունի պատասխանատվություն իր ասած խոսքերի համար, ուստի հանրային կարծիք ձևավորելու գործընթացում՝ առավել ևս»,– ասում է նա։
Այս միտքը հատկապես կարևոր է այն մարդու խոսքում, որն ինքը հանրային կարծիքի ձևավորման գործընթացի մասնակից է դարձել ոչ թե միայն որպես բլոգեր, այլև սեփական փորձի միջոցով։
Պատերազմը, 40 օր անհայտության մեջ գտնվելը, փրկությունը և այդ փորձից հետո հանրային խոսքի դաշտ մտնելը նրա խոսքին տալիս են անձնական փորձառության հիմք։
https://www.instagram.com/arthurharutiunian/reel/DY_0FFNIKSR/

Բայց Հարությունյանը այդ փորձը չի առանձնացնում պատասխանատվությունից։ Ընդհակառակը՝ որքան ավելի շատ մարդ է լսում քեզ, այնքան ավելի մեծ է խոսքի նկատմամբ պատասխանատվությունը։
Եվ հենց սա է նրա դիրքորոշման առանցքը․ սոցիալական ցանցերում կարծիք ձևավորելը միայն խոսելու կամ լսարան ունենալու հնարավորություն չէ։ Դա նաև գիտակցելն է, որ ասված յուրաքանչյուր խոսք կարող է ազդեցություն ունենալ ուրիշների վրա։
Այսօր, երբ Արցախի հանրության համար սոցիալական ցանցերը դարձել են տեղեկատվության, քննարկման և սեփական ձայնը լսելի դարձնելու հիմնական հարթակներից մեկը, այդ պատասխանատվությունն առավել կարևոր է դառնում։
Արթուր Հարությունյանի համար հանրային խոսքի արժեքը, հետևաբար, չափվում է ոչ միայն նրանով, թե քանի մարդ է տեսել հրապարակումը, այլև նրանով, թե ինչ ազդեցություն կարող է այն ունենալ այդ մարդկանց վրա։
«Ցանկացած մարդ ունի պատասխանատվություն իր ասած խոսքերի համար»․ Հարությունյանի այս ձևակերպումը, թերևս, ամենակարճ կերպով ամփոփում է այն սահմանը, որը կարծիք ձևավորողը պետք է գիտակցի՝ իր անձնական կարծիքի և դրա հանրային ազդեցության միջև։
Մարիամ Սարգսյանը շարք է սկսել արցախցիների կարծիքի վրա ազդող հանրային մարդկանց մասին