Արցախի գույքի շտեմարանները հանձնել են Հայաստանի կառավարությանը

Արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումից ու Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայից հետո հաճախ հնչող հարցն այն է, թե Արցախում իրականացվե՞լ է գույքագրում։ Խոսքը ոչ միայն մասնավոր գույքի մասին է, այլ նաեւ՝ ազգային բարիքների՝ ի՞նչ են թողել հայերն Արցախում, եւ ի՞նչ վնասների մասին է խոսքը։ Արցախի պետանախարար Նժդեհ Իսկանդարյաննը step1.am-ին ասել էր, որ ընդհանուր եւ խիստ մոտավոր հաշվարկներով՝ միայն Արցախում մնացած գույքի մասով վնասը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ ԱՄՆ դոլար։

«Արցախ միություն» ՀԿ-ի ղեկավար եւ իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ եւ նախկին պետնակախարար Արտակ Բեգլարյանը step1.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե Արցախի ամբողջական օկուպացիայից առաջ եւ հետո գույքագրում իրականացվե՞լ է, պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ եղել է գույքագրում, առնվազն Կադաստրի բազան առկա է, բայց առանձին հատուկ գույքագրում՝ այսինքն՝ ազգային հարստության գույքագրում եւ այլն չի եղել։ Այդտեղ բավականին բացեր կան, պետական մարմիններն ամբողջական չեն պատրաստվել այս իրավիճակին։ Բայց գալով մասնավոր սեփականության եւ պետական գույքի հարցին՝ առնվազն Կադաստրի կոմիտեն ունեցել է թվային շտեմարան, ինչպես ՀՀ-ում կա։ Եվ այդ շտեմարանը Արցախի պետական մարմինները բերել ու հանձնել են Հայաստանի կառավարությանը, ինչպես մի շարք այլ էլեկտրոնային շտեմարաններ»։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ տարբեր խմբեր կամ անձինք տարբեր տվյալներ են հավաքել, բայց մեծ ու հիմնավոր շտեմարան չկա։

Հարցին, թե Արցախի իշխանություններն ի՞նչ լուծում են տեսնում Արցախում թողնված գույքի հարցով՝ պե՞տք է միայն դիմել միջազգային դատարաններ՝ փոխհատուցման հայցերով, ինչն այսօր իրավապաշտպանների աջակցությամբ տեղի է ունենում, թե՞ այլ ճանապարհներ էլ կան, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ գլխավոր ու հիմնարար լուծումն Արցախի ժողովրդի վերադարձն է, որ արցախցիներն իրենց տներում ապրեն եւ տնօրինեն իրենց գույքը։ Խոսքը եւ հանրային, եւ մասնավոր գույքի մասին է։

«Իսկ նախքան այդ, այո, փոխհատուցման հնարավորություն կա, հիմնականում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով, եթե իրավական գործիքակազմի մասին ենք խոսում։ Բացի դրանից, առկա են նաեւ քաղաքական մեխանիզմները։ Փոխհատուցումը նախքան վերադարձն էլ կարող է տեղի ունենալ։ Կամ եթե որեւէ մեկը չցանկանա կամ չկարողանա վերադառնալ, էլի փոխհատուցման իրավունքն առկա է։ Բայց լավագույն լուծումը վերադարձն է։ Մեր կազմակերպությունն էլ՝ «Արցախ միությունը» մի քանի իրավապաշտպանների՝ հատկապես Սիրանուշ Սահակյանի եւ Արա Ղազարյանի հետ համագործակցելով, այդ աշխատանքը կատարում է։ Արդեն մոտավորապես 600 դիմում՝ մոտ 1300 արցախցիների անունից ներկայացրել ենք Եվրոպական դատարան։ Բայց առաջիկայում հույս ունենք ծավալներն էականորեն մեծացնել»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

ՄԻԵԴ ներկայացված դիմումները վերաբերում են արցախցիների անշարժ եւ այլ գույքերի հետ կապված պահանջներին, որոնք արցախցիները ունեցել են մինչև 2023 թվականի բռնի տեղահանումը։

Հարցին, թե Արցախում սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերն այսօր ճանաչվո՞ւմ են, Բելգարյանը պատասխանեց․ «Այո, Արցախում տրված փաստաթղթերն ամբողջությամբ ճանաչվում եւ ընդունվում են Եվրոպական դատարանի կողմից։ Եվ դրա վերաբերյալ արդեն նախադեպային վճիռտներ կան, այդտեղ որեւէ խնդիր չունենք։ Ավելի մեծ խնդիրը մարդկային ու ֆինանսական ռեսուրսների մեջ է, որ կարողանանք այդքան մարդկանց դիմումները կազմել եւ ներկայացնել միջազգային դատարաններ»։

Նշենք, որ ավելի վաղ step1.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասել էր, որ բռնի տեղահանված արցախցիները, ովքեր Արցախում թողել են իրենց գույքը, պետք է իմանան, որ այդ գույքի նկատմամբ իրենց իրավունքը շարունակում է պահպանվել եւ պահպանվելու է թեկուզ տասնամյակներ անց։ Հետեւաբար, Ղազարյանի խոսքով, արցախցիները պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին եւ հայցեր ուղարկեն միջազգային ատյաններ։ Այսօր այդ աշխատանքն արվում է մասնագետների աջակցությամբ, բայց մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ։

Նախորդ տարի տեղեկություն եղավ, որ Ադրբեջանը նախապատրաստական աշխատանքներ է սկսել՝ պետականացնելու արցախցիների գույքը։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարություններ են արել, թե արցախցիների գույքի 80 տոկոսն իբր «տեր չունի»։

Այնինչ, Արա Ղազարյանն ասել էր, որ Հյուսիսային Կիպրոսի նախադեպը կա՝ բռնի տեղահանված անձանց գույքն ազգայնացնելու ցանկացած օրենք առոչինչ է, հենց ընդունման պահից անօրինական է, որովհետեւ այդ օրենքը ծագում է բռնությունից։

Ռոզա Հովհաննիսյան