
Տեղահանությունից հետո առաջին ամիսներին, երբ ցավը դեռ շատ թարմ էր, և ամեն օր ինքներս մեզ հարցնում էինք՝ որտեղ ենք, ինչո՞ւ ենք այստեղ, մի հոգեբան մի պարզ լուծում առաջարկեց․ «Փակիր աչքերդ ու հայտնվիր այնտեղ, որտեղ ուզում ես։ Դա էլ հո չե՞ն կարող արգելել»։
Ես հիմա հաճախ եմ հետևում այդ հոգեբանական հնարքին։ Այսօր արի միասին փակենք մեր աչքերը, որովհետև այսօր, առավել քան որևէ օր, չի կարելի ուրիշ տեղ լինել։ Այսօր Մարտունու օրն է։
Այս օրը քաղաքի տարբեր անկյուններից կարելի էր լսել հրապարակից եկող տոնական երգը, երեխաների ուրախ ճիչերը։ Մարդիկ այցելում էին Ավոյին՝ մեր քաղաքի քարեղեն ու լիարժեք բնակչին՝ խոնարհվելու ու շնորհակալություն հայտնելու։
Ամենուր ժպիտներ էին ու շնորհավորանքներ, որովհետև բոլոր պատերազմներում Մարտունին պայքարի խորհրդանիշ էր։
Ես հինգ տարեկան էի, երբ Մուշկապատից տեղափոխվեցինք Մարտունի։ Իրար նման փողոցներով ու առատ փոշով քաղաքում սկզբում նկատեցի մի քանի տարբերվող ծառեր։ Դրանք Մարտունու խորհրդանիշ դարձած պալմաներն էին։ 1960-ականներին քաղաքում հայտնված այս ծառերի նպատակը փոքր-ինչ բուսականություն բերելն էր․ ամառային բարձր ջերմաստիճանի պայմաններում բուսատեսակները հազվադեպ էին։
Մի քանի տասնամյակ առաջ քաղաք մտնելու գլխավոր ճանապարհը Սեփանակերտ–Աղդամ–Մարտունի ճանապարհն էր։ Ճանապարհին բուսականությունն աստիճանաբար պակասում էր, իսկ քաղաքի մուտքի մոտ շատ եղևնիներ կային։
Իմ մանկության Մարտունին կինոթատրոն ուներ։ Լավ եմ հիշում՝ Սայաթ-Նովա կինոթատրոնում դիտած իմ առաջին ու վերջին ֆիլմը «Գիքորը» եղավ։ Ֆիլմից հետո ապրումներս այնքան նման էին այսօրվա ապրումներին․ բարձրաձայն լացում էի՝ մոռանալով, որ այդ մթության մեջ միայն ես չեմ։
Հիմա էլ թվում է՝ այս խավարը ոչ մի լույս չի ցրի, ու բոլորս հիմա Գիքորներ ենք։
Հանրային տրանսպորտը քաղաքում հիմնականում միջքաղաքային էր։ Չնայած լավ եմ հիշում, որ մի ժամանակ փորձնական ներքաղաքային տրանսպորտ էլ մտցրին։ Օգտվողները քիչ էին, ես այդ քչերից էի, որովհետև մենք քաղաքի բարձրադիր թաղերից մեկում էինք ապրում՝ Օշառում։
Երկուշաբթի օրերին գազելների վարորդների տան առաջ արդեն հերթեր էին գոյանում։ Վաղ առավոտից հայրերն իրենց ուսանող երեխաներին ճանապարհում էին՝ սննդի մեծ կապոցներն ու մի շաբաթվա տնական ուտելիքը հետները։
Վաղ առավոտյան Մարտունին զինվորական քաղաք էր։ Մինչև 2020 թվականի պատերազմը քաղաքի բնակիչների մեծ մասը աշխատանքի էր գնում կամ երկրորդ, կամ երրորդ պաշտպանական շրջաններ։ Հաճախ էլ, երբ դրսում հարցնում էին՝ «Որտեղացի՞ ես», Մարտունի բառից հետո հարցնում էին․ «Երկրորդի՞ց, թե՞ երրորդից»։ Սա արդեն տեղանվան հետ կապված մեր քաղաքի կատակն էր։
Հետո արթնանում էր քաղաքը։ Ռայկոմի ժողովուրդը՝ գործի, աշակերտներն ու մանկապարտեզի սաները՝ կամ «տիյերե», կամ «տիվերե» շկոլ ու սադ։
Մի անհասկանալի մրցակցություն կար ներքևի ու վերևի դպրոցների միջև․ լավ սովորելու, ավելի հաջողակ աշակերտներ ու ուսուցիչներ ունենալու մրցակցություն։ Նույնիսկ ավագ դպրոցի ի հայտ գալը չկարողացավ մեղմել այդ մրցակցությունը։
Ամառները քաղաքի կենտրոնն ու հավաքատեղին մեկն էր՝ կլուբը։ Հանգստի, հարազատներին այցի եկած հյուրերի, դպրոցականների ու երիտասարդների սիրելի վայրը։ Կլուբը նույնիսկ վեճերի հարթման իր ունակությունն ուներ, իսկ իրար «հասկանալու» վայրը «կլուբեն քամակն» էր։
Քաղաքի հյուրերը հատկապես վարչակազմի շենքի առաջ էին նկարվում․ ծովափնյա հանգստի իմիտացիա ստեղծելով՝ լուսանկարվում էին մեր պալմաների հետ։ Պալմաները անպտուղ էին, բայց դրանց լինելն արդեն ճոխություն էր։
Շատերն իրենց ճամպրուկների հետ պալմաների շիվեր էլ են բերել՝ քաղաքի ու նախկին կյանքի ապացույցներ։
Աշունը շատ հարուստ էր Մարտունում․ նռան ու կարալյոկի այգիներ, և գրեթե յուրաքանչյուր բնակչի այգում՝ հուրհրատող մրգեր։
Այդ մրգերը հիմա այնքա՜ն դժվար է գնել մրգի խանութից։
Աչքերս հանկարծ բացվում են, ու հասկանում եմ, որ այս հնարքն էլ է ցավ պատճառում, որովհետև կարոտը ոչ փակ, ոչ էլ բաց աչքերով հաղթահարելի է։
Ես կարոտում եմ իմ քաղաքն ու մեր խաղաղ կյանքը։ Ամենուր հարազատ համաքաղաքացիներ տեսնելը, հարևանի կարճ զանգը՝ «Եկեք կոֆե խմինք»։
Ներիր մեզ՝ այլ լեզվի ու այլ բնակիչներ ունենալու համար։ Մի օր դու նորից հայկական խոսք կլսես ու քեզ շատ ծանոթ՝ քո քաղաքի ոճը․ «Տեմ կաց, ջիգյար…»
Մարիամ Սարգսյան