Ինչի՞ համար Իրանը «պատժեց» Իրաքյան Քուրդիստանի վարչապետին

«Այսօր առավոտյան իմ անձնական գրասենյակը և Անվտանգության և հետախուզության գործակալության ղեկավարի տունը ենթարկվել են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը», – ասել է Իրաքի Քրդստանի տարածաշրջանի վարչապետ Մասուր Բարզանին։

«Ես ամենախիստ կերպով դատապարտում եմ այս անզգույշ և անընդունելի հարձակումները։ Սա վտանգավոր սրացում է և Քրդստանի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող ուղղակի սպառնալիք։ Այս հարձակումները չեն խանգարի մեզ կատարել մեր պարտականությունները և պաշտպանել մեր քաղաքացիներին», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Իրանը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

Rudaw-ն նախկինում հաղորդել էր, որ Իրանից արձակած երկու Hadid 110 հարձակողական անօդաչու թռչող սարքեր հարվածել են Իրաքի Քրդստանի տարածաշրջանի վարչապետ Մասուր Բարզանիի գրասենյակին և անվտանգության ղեկավարի նստավայրին Էրբիլ նահանգի Պիրմամ շրջանում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Ինչո՞ւ է Իրանը որոշել պատժել իրաքցի Բարզանիների ընտանիքին։

Հենց երեկ լուրեր տարածվեցին, որ ամերիկացի պաշտոնյաները մայիսին որոշել են անմիջականորեն կապ հաստատել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչների հետ՝ շրջանցելով Իրանի պաշտոնական բանակցողներին։ Այդ նպատակով նրանք ընտրել են Իրաքի Քրդստանի տարածաշրջանի նախագահ Նեչիրվան Բարզանիին, որը վայելում էր ինչպես ամերիկացի, այնպես էլ ԻՀՊԿ ղեկավարների վստահությունը։ Բարզանին հաստատել է նման կապերը։

Այս տեղեկատվությունը վրդովմունք է առաջացրել Իրանում, որտեղ զգայուն են Իրանի տարբեր շրջանակների հետ սեպարատ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի փորձերի հարցում։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) որևէ երկխոսություն չի վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ, ադել է  ԻՀՊԿ խոսնակ Հոսեյն Մոհեբին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում սակայն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կապ է պահպանում ԻՀՊԿ-ի հետ ոչ պաշտոնական ուղիներով։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Սպիտակ տունը չի շտապում համաձայնության գալ Իրանի հետ։

Միևնույն ժամանակ, Թրամփը սպառնացել է «ռմբակոծել Օմանը», եթե այն խոչընդոտի ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցում Իրանի հետ հակամարտության մեջ։ Թրամփը նաև ասել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության ուղիների թարմացված քարտեզի վերաբերյալ։

ԱՄՆ-ն նախկինում էլ է դժգոհություն հայտնել Օմանի գործողությունների վերաբերյալ։ Հունիսի կեսերին՝ ԱՄՆ-Իրանական զինադադարի ստորագրումից առաջ, Սպիտակ տունը հայտարարել է, որ Օմանը սեփական նախաձեռնությամբ հեռացվել է բանակցություններից։

«Մենք շատ դժգոհ էինք օմանցիների կատարած աշխատանքից։ Մենք զգացինք, որ նրանք գործում էին չափազանց երկերեսանի, գրեթե այնպես, կարծես իրենց վարձել էին իրանցիները, ուստի մենք նրանց մի տեսակ բացառեցինք գործընթացից», – ասաց ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյան։

Միևնույն ժամանակ, օգոստոսի 17-ին, «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը, հղում անելով աղբյուրներին, հաղորդեց, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկարաձգել հրադադարը, որը պետք է լրանար այսօր՝ օգոստոսի 17-ին։

Երկուշաբթի օրը ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ համաձայնագիրը «կորցրել է իր նշանակությունը»։ «Այն, ինչ ներառված էր հուշագրում… չի իրականացվում», – ասաց նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։