
2020 թվականից հետո արցախյան հանրության կարծիքի ձևավորման գործընթացում էական հեղափոխություն, Նարե Սիմոնյանի գնահատմամբ, տեղի չունեցավ։ Փոխվեց մեկ այլ բան՝ հանրությունն ավելի պահանջկոտ դարձավ տեղեկատվության նկատմամբ և սկսեց ակնկալել ավելի թափանցիկ ու ամբողջական տեղեկատվություն։
Կտրուկ փոփոխությունը, նրա խոսքով, սկսվեց 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո։
«Նոր իրավիճակում նվազագույնի հասցվեց պետական կառույցների գործունեության ազդեցության ոլորտը, իսկ պետական կառույցներն ու պաշտոնյաները, հայտնվելով լիովին նոր, անսովոր ու անկանխատեսելի իրավիճակում, խիստ կաշկանդված էին իրենց դիրքորոշումն արտահայտելու հարցում»,– ասում է Սիմոնյանը step1.am-ի հետ զրույցում։
Այս պայմաններում ավելի մեծ նշանակություն ստացավ հանրային գործիչների, խմբերի ու անհատների ձայնը։ Պատճառը միայն տեղեկատվության պակասը չէր։ Տեղահանված արցախցիների առջև միաժամանակ հայտնվեցին սոցիալական, իրավական, բյուրոկրատական և մարդու իրավունքների բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի անհրաժեշտություն։
Նոր իրականություն, նոր օրակարգեր
Տեղահանությունից հետո հանրային կարծիքի ձևավորման օրակարգը նույնպես ընդլայնվեց։ Վերադարձի իրավունքը, արցախցիների նկատմամբ կատարվածը միջազգային հարթակներում բարձրաձայնելը, սոցիալական ու իրավական խնդիրները, մարդու իրավունքների պաշտպանությունը, բյուրոկրատական խոչընդոտները, ատելության խոսքի և կեղծ թեզերի դեմ տեղեկատվական պայքարը դարձել են այն թեմաները, որոնց շուրջ ձևավորվում է հանրային դիրքորոշում։
Սակայն այստեղ Սիմոնյանը մեկ այլ խնդիր է տեսնում․ օրակարգերը շատ են, իսկ դրանք հետևողականորեն առաջ տանող և միմյանց հետ համակարգված աշխատող մարդկանց թիվը՝ քիչ։
«Խնդիրները բարձրաձայնողները, ցավոք, դեռ քիչ են, հախուռն և ոչ համակարգված»,– ասում է նա։
Նույն խնդիրը, նրա գնահատմամբ, առկա է նաև Արցախի մշակույթի, ինքնության, պատմական հիշողության և լեզվական ժառանգության պահպանման հարցում։ Կարծիք ձևավորողների ազդեցությունն այստեղ կա, բայց բավարար չէ։ Դրա պատճառները կարող են տարբեր լինել՝ նոր իրականությանը չհարմարված հասարակական դաշտից մինչև քաղաքացիական հասարակության դեռևս ձևավորման փուլում գտնվելը, պառակտվածությունը և քաղաքական ճնշումները։
Սոցիալական ցանցերը կարող են և՛ միավորել, և՛ բաժանել
2023-ից հետո սոցիալական ցանցերի նշանակությունն ակնհայտորեն աճել է, սակայն Սիմոնյանը զգուշացնում է՝ մեծ լսարանը դեռևս չի նշանակում մեծ հանրային ազդեցություն կամ վստահելիություն։
Նրա համար կարևոր է ոչ միայն՝ ինչ է ասում մարդը, այլև ով է ասում, ինչ ճանապարհ է անցել և ինչ նպատակով է ասում։
Սոցիալական ցանցերը կարող են դառնալ հանրային օրակարգերի ձևավորման և երկխոսության հզոր գործիք, բայց նույն հաջողությամբ կարող են խորացնել բևեռացումը։ «Ծուռ հայելիների աշխարհ» ստեղծելու վտանգն այստեղ հատկապես մեծ է, երբ սոցիալական հարթակներում մարդու կերտած կերպարը կարող է էապես չհամապատասխանել նրա իրական անցած ճանապարհին։
Միևնույն ժամանակ, Սիմոնյանը կարծում է, որ ճիշտ մոտեցման և օրակարգերի դեպքում սոցիալական ցանցերը մեծ ներուժ ունեն՝ մարդկանց միմյանց ճանաչելու, համագործակցելու և ընդհանուր խնդիրների շուրջ համախմբվելու համար։
Հանրային խոսքը նաև պատասխանատվություն է
Կարծիքի ձևավորման ամենամեծ խնդիրներից մեկը, Սիմոնյանի խոսքով, հանրային խոսքի և պատասխանատվության միջև սահմանների բացակայությունն է։
«Այս ոլորտում աղետ է մեր մոտ»,– ասում է նա՝ նկատելով, որ այդ սահմանների գծումը մեծապես թողնված է կարծիք ձևավորողի պատասխանատվությանն ու սկզբունքայնությանը։
Էմոցիաները, ակնթարթային ճանաչման կամ «սենսացիայի» հասնելու ցանկությունը երբեմն կարող են մղել մարդկանց տեղեկատվական դաշտում անպատասխանատու քայլերի։ Մինչդեռ հանրային խոսքի երկարաժամկետ հետևանքների մասին արցախյան հասարակությունը, նրա խոսքով, վաղուց գիտեր։
Այդ միտքը Սիմոնյանը ձևակերպում է նաև արցախյան ասացվածքով․ «Սոտ ըսողեն տոնը պաժառ ա ինգալ՝ էլ վըշմինը հվատալ չի»։
Հաջողված օրինակները դեռ քիչ են
Չնայած խնդիրների բազմազանությանը՝ Սիմոնյանը վերջին տարիներին առանձնացնում է մի քանի դեպք, երբ կարծիք ձևավորողների և հանրային գործիչների տեղեկատվական աշխատանքը կարողացել է ազդել հանրային տրամադրությունների վրա։
Դրանցից մեկը արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից զրկելու, ինչպես նաև խախտված իրավունքների, այդ թվում՝ ընտրելու իրավունքի վերականգնման դեմ դիրքորոշումների ձևավորումն ու տարածումն էր։ Մյուսը՝ արցախցիների բողոքի ակցիաներին հաջորդած համակարգված ատելության խոսքին տեղեկատվական դաշտում քիչ թե շատ համակարգված հակազդեցությունն էր։
Սակայն նրա գնահատմամբ՝ հաջողված օրինակները դեռևս քիչ են։
«Համաձայնեք՝ քիչ են հաջողված դեպքերը, ու այստեղ բոլորս անելիք ունենք՝ ես էլ, դուք էլ»,– ասում է նա։
Իսկ թե ովքեր են այսօր ամենաազդեցիկ կարծիք ձևավորողները, Սիմոնյանը անուններ առանձնացնել չի ցանկանում։ Ոչ միայն այն պատճառով, որ որևէ մեկին կարող է մոռանալ, այլև որովհետև արցախյան հանրության առջև ծառացած խնդիրներն այնքան տարբեր են, որ դրանց արձագանքելու համար տարբեր հմտություններ են անհրաժեշտ՝ պետական և դիվանագիտական փորձ, իրավական գիտելիք, արագ վերլուծելու կարողություն կամ պարզապես համարձակություն՝ ասելու այն, ինչ մյուսները չեն ասում։
Այս իմաստով, նրա ձևակերպմամբ, այսօր կարևոր է ոչ թե մեկ կամ մի քանի «առաջատար» անունների առանձնացումը, այլ այն գիտակցումը, որ «այս ծանր ժամանակներում յուրաքանչյուրիս ձայնն էլ կարևոր է»։
Մարիամ Սարգսյանը շարք է սկսել արցախցիների կարծիքի վրա ազդող հանրային մարդկանց մասին։ Արթուր Հարությունյանի մասին նյութն այստեղ