
Ռուսաստանը ակնկալում է երկխոսություն Ադրբեջանի հետ՝ լրատվամիջոցներում տարածվող անբարյացակամ խոսույթների ֆոնին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Միևնույն ժամանակ, ռուս դիվանագետը նշել է, որ Ադրբեջանում հետախուզվող Ռուսաստանի քաղաքացիների կողմից արված հայտարարությունները չեն արտացոլում Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունների վերաբերյալ։
«Մենք տեղյակ ենք դրա մասին։ Այս անձանց կողմից արված հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ կամ նրա հարաբերությունները Հանրապետության հետ։ Մենք կարծում ենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է զարգանան գոյություն ունեցող երկկողմ իրավական շրջանակի, առաջին հերթին՝ 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում ամենաբարձր մակարդակով ստորագրված դաշնակիցների համագործակցության մասին հռչակագրի հիման վրա», – գրել է դիվանագետը դիվանագիտական նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուս լրագրողների՝ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։
Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու և երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչեր անելու մեջ։
Մասնավորապես, Սեմյոն Ուրալովը Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան անվանել է «մաքուր նացիզմ» և «ցեղասպանություն»՝ հայտարարելով, որ Բաքուն «զտել է հողը մարդկանցից», այսինքն՝ էթնիկ զտում է տեղի ունեցել։
Զախարովան, ըստ էության, ասում է, որ Արցախում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն և էթնիկ զտում որակելը «չի արտացոլում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը Բաքվի նկատմամբ»։
Իսկ ո՞րն է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։
Այդ դիրքորոշման մասին հայտարարել է ռուս գեներալը, որը, Արցախի լիակատար հայաթափումից վեց ամիս անց, Ակնայի (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ կենտրոնում թուրք գեներալին զեկուցել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերի շնորհիվ «վերջապես խաղաղություն է հաստատվել Ղարաբաղի հողում»։
Իսկ ինչո՞ւ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հենց ռուսական զորքերը տեղակայվեցին Արցախ, այլ ոչ թե ՄԱԿ-ի ուժերը կամ միջազգային կոալիցիայի ուժերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանու ներքո։
ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից պատվիրված, Freedom House-ի և մի քանի ՀԿ-ների կողմի պատրաստված «Ինչու՞ այլևս հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» զեկույցը իրադարձությունները անվանում է էթնիկ զտում։ Այս նույն որակումը պարունակվում է Եվրախորհրդարանի և եվրոպական պետությունների խորհրդարանների բազմաթիվ բանաձևերում։
Միջազգային դատարանը ընդունել է Արցախում էթնիկ զտումների մասին Հայաստանի հայցը և նույնիսկ միջանկյալ որոշում է կայացրել՝ պահանջելով արցախցիների անվտանգ վերադարձը հայրենիք։
Այնուամենայնիվ, Մարիա Զախարովան և նրա ղեկավարները կարծում են, որ զտումներ տեղի չեն ունեցել, որ Ղարաբաղում խաղաղություն է վերջապես տիրում, որը հնարավոր էր միայն առանց հայերի, և որ ռուսական զորքերը պարզապես օգնել են արցախցիներին «անվտանգ» լքել իրենց հազարամյա հայրենիքը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլի հետախուզման ցուցակում է ներառել Ռուսաստանի երեք քաղաքացիների՝ «ահաբեկչության կոչերի» համար։ Սա շատ լուրջ մեղադրանք է։
Նրանցից մեկը՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարի կամավոր խորհրդական Ալեքսեյ Չադաևը, արդեն հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ադրբեջանական իշխանությունների կողմից հետախուզման ցուցակում հայտնվելուց հետո։
Նաիրա Հայրումյան