
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է:
Քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարելավմանը։
Քննարկման կարևոր ուղղություններից էր ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։
Մտքեր են փոխանակվել նաև վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ։ Ավտոդպրոցների ներկայացուցիչները կիսվել են միջազգային փորձով՝ առաջարկել ընդլայնել տեսական քննության հարցաշարերը, մշակել միասնական ուսումնական ձեռնարկ։
Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակելու է ինտենսիվ քննարկումները շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով ձևավորել առավել արդյունավետ, մասնագիտական և անվտանգ վարորդական կրթության համակարգ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։