
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ իր գրառմամբ հաստատեց մեր լուրը, որ բարձրաստիճան զինվորականներին գործուղում են սահման, քանի որ բանակում` ոչ ռազմական պայմաններում մահվան դեպքերն աննախադեպ շատ են, իսկ պատճառն այն է, որ ոչկանոնագրային հարաբերություններ են տիրում բանակում, օրինակ, զինվորները դիրքերում քնելու համար «քֆուր են դնում» իրար վրա, ինչից հետո վիճաբանություններ են տեղի ունենում, որոնք ավարտվում են զինվորի մահով:
Զինվորներին կա՛մ հասցնում են ինքնասպանության, կա՛մ սպանում են, եւ դա վատ վերահսկողության, վատ հրամանատարական աշխատանքի պատճառով է: Մենք նաեւ գրել էինք, որ արդեն իսկ 1-2 ամսով որոշ բարձրաստիճանների գործուղել են սահման՝ կարգուկանոն հաստատելու: Մեր աղբյուրը հաղորդում է, որ այս որոշումը վերաբերում է ոչ միայն զինվորական տղամարդկանց, այլեւ՝ կանանց: Կին բարձրաստիճաններին եւս կարող են գործուղել դիրքեր»:
ԶԼՄ-ներում խոսվում է բանակում “քրեական կանոների” գերակայության մասին, որոնք կարող են “կոտրել” միայն քրեական հիերարխիայում “բացակայող” կանայք
Վերջին 8 տարվա ՀՀ կառավարության քաղաքականությունը ուղղված էր ներքին “տղայական” կուռ կառուցվածքը և դիմադրողականությանը կանանցով կոտրելուն․ այս գործընթացը սկսվեց կրիմինալի որջ և գեներալներ Մանվել Գրիգորյայի և Սեյրան Սարոյանի կալվածք համարվող Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում կին նշանակելուց։ Կարճ ժամանակ անց գեներալներն, անցնելով խայտառակության և էկզեկուցիայի ճանապարհ, կյանքից հեռացան, բայց հեռացավ նաև կին քաղաքապետը՝ կոռուպցիայի մեղադրանքով։
Այնուհետ կանայք նշանակվեցին ամենա “տղայական” պաշտոններում՝ ներքին գործերի նախարարը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, արտաքին հետախուղության ծառայության պետը, բանտերին առնչվող չինովնիկները՝ երիտասարդ կանայք են։ Թե որքանով է դա փոխել իրավիճակը, կգնահատի հասարակությունը։ Բայց ակնհայտ է, որ քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների և քրեական վարույթների թիվը աճել է և “նորմա” է դարձել։ Համակարգերի դիմադրողականությունն էլ նվազել է։
Դրա համար զարմանալի էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնում կին չնշանակվեց։ Թեկուզ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում կարող է նշանակվել, ի՞նչ կա որ։ Ուրսուլա ֆոն Դեռ Լյաենը քանի տարի Գերմանիայի պաշտպանության նախարարն էր՝ մինչև Եվրամիության ղեկավար դառնալը։