
Տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հանգեցնում են նոր աշխարհակարգի կառուցման գործընթացում հավանական և անխուսափելի հանգուցալուծման: Այս հանգուցալուծումը կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» պայմանագրի ստորագրմամբ և նշանավորել Առաջին համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգի ավարտի սկիզբը։
Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանը և նրա ժողովուրդը պետք է անցնեն մի քանի կարևոր փուլեր, և այդ փուերի արդյունքը կարող է չափազանց վտանգավոր լինել՝ նույնիսկ մինչև ազգային պետականության կորուստ։
«Խաղաղության պայմանագրի» ստորագրման համար անհրաժեշտ է կարևոր պայման. Հայաստանի պաշտոնական հրաժարումը իր ազգային իրավունքներից և տարածքներից՝ ընդունելով նոր Սահմանադրություն և Հայաստանի “քարտեզ”, որը Փաշինյանը կրում է կրծքին։
Սակայն, Սահմանադրությունն ընդունելու համար անհրաժեշտ է կոնսենսուս Հայաստանի խորհրդարանում: Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն արդեն իսկ բարձրաձայնել է երկու պայման, որոնք, եթե կատարվեն, հնարավոր է հանգեցնեն «խաղաղության համաձայնագրի» և նույնիսկ նոր Սահմանադրության մասին նրանց համաձայնությանը: Դրանք են Բաքվում պահվող բանտարկյալների ազատ արձակումը և արցախցիների Արցախ վերադառնալու հնարավորությունը։
Այսպիսով, եթե բանտարկյալներն ազատ արձակվեն և հայտարարվի, որ Արցախի ժողովուրդը կարող է վերադառնալ Արցախ, ընդդիմությունը «թույլ կտա» իշխող կուսակցությանը քվեարկության դնել Հայաստանի նոր Սահմանադրությունը, ապա ստորագրել «խաղաղության պայմանագիր»։
«Խաղաղության պայմանագիր» անհրաժեշտ է. 1. Թրամփին, որպեսզի նա կարողանա ներկայացնել իր «խաղաղարարության» առնվազն մեկ դրական արդյունք Կոնգրեսի ընտրություններից առաջ։ 2. Ալիևին և Էրդողանին, որպեսզի նրանք վերջապես վերահաստատեն իրենց իշխանությունը Հայաստանից խլված և 1921 թվականի Կարսի պայմանագրով Ադրբեջանին ու Թուրքիային զիջված տարածքների (Նախիջևան, Կարս, Արդահան, Սուրմալու և այլն) նկատմամբ։ 3. Ռուսաստանին, որպեսզի այն կարողանա առանց իմիջային կորուստների լքել Հարավային Կովկասի տարածաշրջանը՝ ամբողջությամբ վերացնելով հայկական գործոնը։ 4. Հայաստանի քաղաքական կուսակցություններին, որպեսզի նրանք կարողանան պնդել, որ հայերին բերել են «խաղաղություն», բարգավաճում և «խաչմերուկի» բոլոր կայֆերը։
Արդեն սկսվել են Հայաստանի խորհրդարանում «կոնսենսուսի» նախապատրաստական աշխատանքները. չնայած թեթև վեճերին, կառավարության և ընդդիմության միջև սկսում է փոխըմբռնում ձևավորվել սահմանադրություն ընդունելու և «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հետագա քայլերի վերաբերյալ։
Այս կոնսենսուսի համատեքստում հայ գերիների ազատ արձակումը դառնում է կարևոր գործիք։ Սակայն Ալիևը ցանկանում է միանգամից երկու «բոնուս» ստանալ դրանից. ոչ միայն նոր Հայաստանի Սահմանադրության ընդունումը և ՀՀ-ի կողմից Նախիջևանի ու Արցախի նկատմամբ իրավունքներից հրաժարումը, այլև ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Ազատության մասին» օրենքի 907-րդ հոդվածի չեղարկումը։
Ահա թե ինչու երեկ Հայաստան ժամանեց կոնգրեսական Աբրահամ Համադը՝ 907-րդ բանաձևը չեղարկելու մասին օրինագծի հեղինակը։
Այս բանաձևը, որն ընդունվել է 1992 թվականին Ադրբեջանի դեմ, չի կարող չեղարկվել մինչև ԱՄՆ նախագահը Կոնգրեսին չզեկուցի, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ շրջափակումը և ռազմական ճնշումը այլևս ուժի չեն գործադրվում։ Թրամփը հիմա դա ասելու ոչ մի առիթ չունի։ Նա կարող է դա ասել միայն այն դեպքում, եթե Հայաստանի խորհրդարանը «հաստատի», որ հայերը այլևս որևէ պահանջ չունեն Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ եթե Ալիևը «համաձայնվի» ազատ արձակել բանտարկյալներին դրա դիմաց, ապա Հայաստանի խորհրդարանը կարող է նույնիսկ խնդրել ԱՄՆ Կոնգրեսին չեղարկել 907-րդ ուղղումը։
Ալիևն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները. ամեն օր Բաքուն հաղորդում է, թե որքան ապրանք է Ռուսաստանից Հայաստան մատակարարել, նույնիսկ խոստանալով միացնել երկրների էներգետիկ համակարգերը։ Այսինքն՝ շրջապակումը “վերացված է”։ Նա նաև ասում է, որ պատերազմը ավարտված է։ Բայց դա բավարար չէ 907-ը չեղարկելու համար։ Պետք է Հայաստանը հաստատի։
Մինչդեռ, հայ գերիների գործերի վերաքննիչ փուլը Բաքվում ավարտվել է, և ժամանակն է, որ այս գործերը ներկայացվեն միջազգային դատարան։ Սակայն, ինչպես այսօր բացահայտվեց Դավիթ Բաբայանի Բաքվի բանտից ուղարկված հաղորդագրությունից, Ալիևը չի ցանկանում, որ այս գործերը հասնեն միջազգային դատարան. քանի որ, անհայտ փաստաբանի խոսքով՝ նյութերի 95%-ը կեղծված է։
Սա նշանակում է, որ եթե գերիները “խոստանան” միջազգային դատարան հայցեր չուղարկել, նրանց ազատ արձակումն ավելի իրատեսական կդառնա։
Ալիևը կարող է նույնիսկ հայտարարել ընդհանուր «համաներում» և ասել, որ Արցախի ժողովուրդը կարող է անվտանգ վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ։
Ամեն ինչ հնարավոր է, բայց բանալիները Երևանում են, և ամեն ինչ կախված է հայկական քաղաքական դասից։
Առանց Հայաստանի «Սահմանադրության» և «խաղաղության պայմանագրի» Ադրբեջանն ու Թուրքիան մնում են տարածքային ամբողջականություն չունեցող երկրներ՝ Նախիջևանի, Արցախի, Կարսի և Արդահանի անորոշ կարգավիճակով։ Իսկ 907-րդ բանաձևի և մի շարք միջազգային բանաձևերի գոյությունը Ալիևի «հաղթանակները» վերածում է էթնիկ զտումների և օտար հողերի օկուպացիայի։ Այս «խոչընդոտները» կարող է վերացնել միայն Երևանը։
Նաիրա Հայրումյան