
Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր ընտանիքների համար նոր ուսումնական տարվա մեկնարկին մեկ այլ լուրջ խնդիր է առաջացել․ վճարովի հիմունքներով բուհ ընդունված երեխաների ուսման վարձերը։ Ընտանիքները մտահոգված են՝ ինչպես են վճարելու հազարավոր դրամների հասնող տարեկան վարձերը, և արդյոք պետական աջակցություն կտրամադրվի։
Արցախցի ընտանիքների մի մասի համար բուհ ընդունվելը, որը պետք է ուրախության և նոր հնարավորությունների առիթ լիներ, այսօր ուղեկցվում է մեկ այլ հարցով՝ որտեղի՞ց գտնել ուսման վարձի գումարը։
Խնդիրը հատկապես սուր է այն ընտանիքներում, որտեղ մեկից ավելի ուսանող կա, իսկ ծնողների եկամուտները բավարար չեն անգամ ընտանիքի առօրյա ծախսերը հոգալու համար։
Արցախի Խնածախ գյուղից բռնի տեղահանված Նոնա Արզումանյանի ընտանիքում այս տարի այդ խնդրի առաջ են կանգնել։ Նոնան երեք դստերի մայր է։ Ավագ դուստրը՝ Ամալիան, ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան։ Նրա տարեկան ուսման վարձը 1 միլիոն 300 հազար դրամ է։
Նոնա Արզումանյանը ավելի քան 25 տարի Արցախում ծառայել է զինվորական հոսպիտալում։ Թոշակի անցնելուց հետո շարունակել է աշխատել և մնալ իր մասնագիտությանը հավատարիմ։ Տեղահանությունից հետո աշխատանքի է անցել Աբովյանի հիվանդանոցում։
Ամուսնու համար, սակայն, տարիքային սահմանափակումների պատճառով մշտական աշխատանք գտնելը դժվար է։ Արդյունքում ընտանիքի հիմնական եկամուտները չեն բավարարում Ամալիայի ուսման վարձը վճարելու համար։
Նոնան սպասում է, որ կառավարությունը բռնի տեղահանված ուսանողների համար աջակցության որևէ մեխանիզմ կսահմանի կամ կշարունակի նախկինում գործող աջակցությունը։
Օգոստոսի 28-ին համալսարանում նախատեսվում է հանդիպում ուսանողների և ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք տեղեկություններ կստանան նաև ուսման վարձերի և հետագա հնարավոր քայլերի վերաբերյալ։ Արզումանյանը հույս ունի, որ լուծում կգտնվի նաև արցախցի ուսանողների համար։
Նույն խնդրի առաջ է կանգնած Սղնախ գյուղից տեղահանված Ժաննա Վարդանյանի ընտանիքը։ Նրա դուստրը՝ Յանան, ընդունվել է Երևանի պետական համալսարանի մանկավարժական բաժին։ Տարեկան ուսման վարձը 570 հազար դրամ է։
Ժաննայի ընտանիքում արդեն մեկ ուսանող կա։ Ավագ դուստրը սովորում է երկրորդ կուրսում և բարձր առաջադիմության շնորհիվ այս ուսումնական տարում սովորելու է անվճար հիմունքներով։ Սա ընտանիքի համար որոշակի թեթևացում է, սակայն Յանայի ուսման վարձի հարցը շարունակում է բաց մնալ։
Երկու անգամ տեղահանված Ժաննա Վարդանյանը նույնպես սպասում է պետական աջակցության։ Ընտանիքի համար 570 հազար դրամը փոքր գումար չէ, հատկապես այն պայմաններում, երբ ստիպված են եղել երկու անգամ նոր կյանք սկսել։
Հարյուրավոր ուսանողների կրթությունը կարող է հայտնվել ֆինանսական խնդրի առաջ
Նոնայի և Ժաննայի ընտանիքները այս խնդրի միայն երկու օրինակներն են։ Նման իրավիճակում են հարյուրավոր արցախցի ուսանողներ և նրանց ընտանիքները, որոնք այս տարի ընդունվել են Հայաստանի տարբեր բուհեր վճարովի հիմունքներով։
Այս ընտանիքների համար հարցը միայն ուսման վարձը վճարելը չէ։ Տեղահանությունից հետո շատերը դեռևս փորձում են կայունացնել իրենց սոցիալական և ֆինանսական վիճակը, գտնել աշխատանք, հոգալ բնակարանի, սննդի և երեխաների մյուս անհրաժեշտ ծախսերը։
Այդ պայմաններում տարեկան մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն և ավելի դրամ կազմող ուսման վարձը ընտանիքի բյուջեի համար կարող է դառնալ անհաղթահարելի բեռ։
Արդյունքում այսօր դեռևս պարզ չէ, թե վճարովի հիմունքներով ընդունված արցախցի ուսանողներից քանիսը կկարողանան շարունակել ուսումը։
Ընտանիքները սպասում են պետական որոշման և հույս ունեն, որ իրենց երեխաների կրթությունը չի ընդհատվի միայն ֆինանսական հնարավորությունների բացակայության պատճառով։
Արցախցի երիտասարդների համար բուհ ընդունվելը պետք է լինի նոր կյանքի սկիզբ, ոչ թե հերթական ընտրության առաջ կանգնելու պատճառ՝ շարունակե՞լ ուսումը, թե՞ հրաժարվել դրանից՝ ուսման վարձը վճարելու անհնարինության պատճառով։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ