
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2026 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 16:30-ին: Դատական նիստը տեղի կունենա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ (նախորդ դատավորը ինքնաբացարկ է հայտնել):
Թեկուզ եպիսկոպոսներին դատում են ընդամենը կադրային “սխալ” քաղաքականության համար, սակայն Կառավարության նոր ծրագիրը և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոսում են ավելի գլոբալ “մեղադրանքների” մասին։
Պատասխանելով այն հարցին, թե հատկապես որ արտաքին ուժերն են փորձում օգտագործել Հայ Առաքելական եկեղեցին որպես հենակետ հիբրիդային դիմակայության մեջ, Փաշինյանը ասել է․ «Մոտ ժամանակում մենք կներկայացնենք մանրամասն զեկույց, որտեղ սպառիչ պատասխաններ կտրվեն այս բոլոր հարցերին։ Այսօր մենք արձանագրում ենք, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Կտրիճ Ներսիսյանի (Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս — խմբ.) ջանքերով դուրս է բերվել կանոնական դաշտից»։
Ազգային ժողովի փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն այսօր ևս անդրադառնալով կառավարության ծրագրում ներառված կետին՝ կաթողիկոսին հեռացնելու մասին՝ հարցին՝ ովքե՞ր են արտաքին ուժերը, որոնք ցանկանում են Հայ Առաքելական եկեղեցին հիբրիդային պատերազմի հենակետ դարձնել՝ հստակ պատասխան չտվեց:
«Ինձ թվում է մեր քաղաքացիները շատ լավ գիտեն՝ որ երկրի կամ երկրների մասին է խոսքը: Հիմնավորումը Եզրաս սրբազանի [խմբ. նա Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդն է և Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը] ԿԳԲ-ի տոմսն է», – ասաց Ալեքսանյանը:
ՔՊ-ն չի արտաբերում Ռուսաստանի անունը։ Ըստ երևույթին, ՔՊ-ն հույս ունի, որ այդ անունը և Ռուսաստանի հետ Հայ Առաքելական եկեղեցու արատավոր կապը կհաստատի դատարանը։ Թե ինչպես, գիտի միայն Daniel Ioannisyan-ը։
Խոսելով «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդմամբ հարուցված՝ Ավետիք Չալաբյանի կողմից ընտրություններին օտարերկրյա միջամտություն դրդելու մասին քր. գործից, Իոննիսյանը գրել է, որ “շատ կարևոր է, որ ընտրություններին՝ Ռուսաստանի միջամտությանը գիտակցված աջակցած բոլոր մարդիկ պատժվեն”։
“Թեև բոլոր պետական մարմինները դեռևս վախենում են արձանագրել, որ այդ օտար պետությունը Ռուսաստանն է, սակայն կարևոր է, որ դատարանների կողմից էլ արձանագրվի, որ Հայաստանի ընտրություններին եղել է օտարերկրյա միջամտություն”, գրել է Իոննիսյանը։
Արդյո՞ք Հայ Առաքելական եկեղեցին այդքան խորը կախվածություն ունի Ռուսաստանից։
Կախվածությունը իրոք կա։ Ինչպես հայտնի է, Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը 1773թ. ռուսահայոց առաջնորդ է կարգում 1769թ. եպիսկոպոս ձեռնադրված Հովսեփ արք. Արղության-Երկայնաբազուկին: Վերջինս 27 տարի շարունակ պատվով ստանձնում է առաջնորդի պաշտոնը և Եկատերինա երկրորդ կայսրուհին այդ տարիներին նրան շնորհում է ադամանդե խաչ` վեղարի համար, և պարեգոտ: 1800թ. Հովսեփ արքեպիսկոպոսն ընտրվում է կաթողիկոս և իր փոխարեն Ռուսաց առաջնորդ է կարգում Եփրեմ եպս. Ձորագեղցուն: Որպես Ռուսաց թեմի առաջնորդ` Եփրեմ սրբազանն իր նախորդի նման վեղարի վրա կրել է ադամանդակուռ խաչ: 1809թ. Եփրեմ սրբազանն ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս և նրանից սկսած` որպես Ռուսաց կայսեր շնորհած պատվո նշան, ադամանդակուռ խաչը դարձել է Ամենայն հայոց կաթողիկոսների խորհրդանշանը և փոխանցվել ամեն նորընտիր կաթողիկոսի: Մինչև 1917թ. հեղափոխությունը, կաթողիկոսներն այն ստանում էին Ռուսաց կայսրից:
Ըստ երևույթին, այդ խաչը մինչ օրս կրում են Հայ կաթողիկոսները՝ որպես ռուսական կայսրական նշան։ Սակայն պարզ չէ, արդյո՞ք Եկեղեցու դեմ ներկայիս արշավը ուղված է ռուս կայսրուհու արատավոր որոշումը չեղարկելուն և Էջմիածինը Մոսկվայից վերջնական կտրելուն։
Եթե հիշում եք, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին տարում Ուկրաինական ուղափառ եկեղեցին կտրել է կապը Մոսկվայի պատրիարքության հետ և թոմոս ստացել Պոլսի հույն-ուղափառ Տիեզերական պատրիարքից։
Արդյո՞ք նման որոշում են ուզում նախապատրաստել Հայ Առաքելական եկեղեցու համար․ ասենք, տեղափոխել եկեղեցու կենտրոնը Պոլիս, կամ “միավորել” Հռոմի կաթողիկ եկեղեցու կամ ինչ-որ գլոբալ բողոքական շարժման հետ։
Համենայնդեպս, մի ամիս առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ահազանգել է, որ “Եվրոպական Միության ղեկավարությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև կրոնական և հոգևոր կապերի խզումը համարում է Հայաստանի հետագա եվրոպական ինտեգրման պայմաններից մեկը”։ Այսինքն, հոգեևոր կապը կա։
Հայ Առաքելական եկեղեցին բավական դաժանություններ է տեսել Ռուսաստանից, որտեղ հայերին “աղանդավոր” էին համարում։
1885–1886 թվականներին հայկական ծխական դպրոցները ժամանակավորապես փակվեցին, իսկ 1897 թվականին դրանք անցան Կրթության նախարարության իրավասության ներքո։ 1903 թվականին հրամանագիր է հրապարակվել հայկական եկեղեցական գույքի ազգայնացման մասին, որը չեղյալ է հայտարարվել միայն 1905 թվականին հայ ժողովրդի շրջանում լայնածավալ անկարգություններից հետո։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ԽՍՀՄ-ում կրոնի նկատմամբ վերաբերմունքի զգալի փոփոխության կապակցությամբ, պետական իշխանությունների թույլտվությամբ, Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային Եկեղեցական Ժողովը, որի ժամանակ աշխարհի տարբեր հայկական թեմերի ներկայացուցիչները Գևորգ VI-ին (1945-1954) ընտրեցին Ամենայն հայոց կաթողիկոս։
Այս ամենի ֆոնին Գարեգին Բ Կաթողիկոսին դատելը և նրան գահնկեց ամելու կառավարության մտադրությունը խոսում է լուրջ գլոբալ ծրագրերի մասին, որոնք կարող են փոփոխել տարածաշրջանի ոչ միայն “հոգևոր քարտեզը”։