
Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Լևոն Քոչարյանի տներում, հայտնում է Ազատությունը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն «Ազատությանը» հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն, այլ մանրամասներ առայժմ հայտնի չէ:
Այս պահին դեռ շարունակվում է Լևոն Քոչարյանի տան խուզարկությունը: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքում հրապարակել է տեսանյութ, որտեղ Լևոն Քոչարյանի տան դիմաց երևում են ԱԱԾ դիմակավորված անձինք:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, կառույցից ավելի ուշ տեղեկատվություն կփոխանցեն: