Ինչու են թիրախավորվում արցախցի գեներալները

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանությունները պատրաստվում են նոր աղմկոտ ձերբակալությունների, թիրախում արցախյան գեներալիտետի վառ ներկայացուցիչներն են, ովքեր այս ողջ ընթացքում լուռ իրենց բարեկեցությամբ են զբաղվում՝ անհաղորդ արցախահայերի ճակատագրերին։

Հայկական մամուլը ավելի ու ավելի հաճախ է անդրադառնում արցախցի գեներալների թեմային՝ «փոխանցելով» որոշակի քաղաքական շրջանակներից ստացված մեսիջները: Ի՞նչ վտանգ են ներկայացնում արցախցի գեներալները Հայաստանի կառավարության և ընդդիմության, ինչպես նաև որոշակի արտաքին խաղացողների համար։

Նախևառաջ, արցախյան գեներալները կարևոր տեղեկատվության կրողներ են, որը մի օր կարող է հրապարակվել և վերածվել տրիբունալի նյութի՝ Արցախը և արցախցիներին «զոհաբերողների» դեմ: Արցախի հանձնման հարցը, թե՛ 2020 թվականին, թե՛ 2023 թվականին, անխուսափելիորեն կդառնա ազգային դատավարության առարկա։

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և գեներալ Դավիթ Մանուկյանը Բաքվում դատվում են ոչ թե Արցախը հանձնելու, այլ պահելու համար, քանի որ Պաշտպանության բանակը, հայկական ուժերի հետ միասին, 30 տարի պահպանել է Հայաստանի սահմանները Արցախում։

Ի՞նչ պատահեց հետո:

Վերջերս Արցախի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի վերջին պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը, նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Սոցիալական ցանցերում ենթադրություններ են շրջանառվում, որ նրան առաջ են տանում Հայոց բանակում, քանի որ նա նրանց թվում է, ովքեր 2023 թվականին ենթարկվել են «չդիմադրելու և հանձնվելու» հրամանին։

Շատ արցախցիներ այժմ ծառայում են հայկական բանակում, որտեղ բարձրաստիճան սպաները ստանում են բավականին բարձր աշխատավարձ, որը ներկայումս հասանելի չեն “քաղաքացիական” կյանքում։ Բանակ վերադառնալով արցախցի շատ սպաներ պատրաստ են իրենց մարտական ​​փորձը և տեսական գիտելիքները ներդնել անձնակազմի պատրաստման գործում, բայց ասում են, որ դժվար է հասկանալ բանակի առջև դրված խնդիրները։

Գործող կառավարության ծրագիրը կենտրոնացած է խաղաղության և «պատմական Հայաստանից» հրաժարվելու վրա։ 2020 թվականի պատերազմից հետո գլխավոր հրամանը «չդիմադրել» և «չկրակելն» է։

Գարնանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական բանակի հրամանատարական կազմի կեսն այժմ կազմված է արցախցիներից։ Նրա կարծիքով, սա հերքում է Հայաստանի իշխանությունների կողմից ղարաբաղցիների նկատմամբ կողմնակալության կամ անվստահության մեղադրանքները։

ՀՀ բանակի Գլխավոր շտաբի պետը արցախցի Էդուարդ Ասրյանն է։ Հիմա էլ լուրեր են տարածվում, որ այս պաշտոնում կարող են նշանակել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ևս արցախցի Արմեն Գրիգորյանին։

Մինչդեռ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հանդիմանեց արցախցիներին «չկռվելու և չզոհվելու» համար՝ կարծես ակնարկելով, որ արցախցիներն ընտրություն ունեին՝ ենթարկվե՞լ «չդիմադրելու և հանձնվելու» հրամանին թե՞ ոչ։ Եւ կարող է մի պահ կրկին նման ընտրություն լինել։

Ի՞նչ գործառույթներ է Նիկոլ Փաշինյանը վերապահում արցախցիներին՝ նրանց նշանակելով հայկական բանակի հրամանատարության կազմում։ Ի՞նչ է նա ակնկալում նրանցից և ինչի՞ց է վախենում։

Ոմանք պնդում են, որ «արցախցի գեներալների» հարցն ավելի հրատապ է դարձել այն պատճառով, որ արցախցիներին աջակցելու պետական ծրագրերը հայտնվել են լիակատար փակուղու մեջ. սոցիալական օգնությունը կրճատվել, բնակարանային վկայագրերի ծրագիրը կանգ է առել, քանի որ տուն գնելու համար գումարը չի բավարարում, բանկերը վարկեր չեն տրամադրում, իսկ մարդիկ այլևս չեն կարողանում վճարել բնակվարձը: Իիչ վերաբերում է արցախցիների զբաղվածության ծրագրին, ապա այն իսկզանե մեռելածին էր։

Արցախցիների շրջանում աճում է արդարացի դժգոհությունը պետական ​​ծրագրերի անարդյունավետության վերաբերյալ: Կառավարամետ շրջանակները փորձում են մեղքը գցել արցախցիների վրա. «Գնացեք և պահանջեք ձեր գեներալներից և չինովնիկներից, ովքեր կարողություն են դիզել բանակի փողերով և հարմարավետ ապրում են Հայաստանում»:

Հանրապետության տարիներին Արցախն իսկապես բազմաթիվ գեներալներ են ի հայտ եկել։ Ինչպես ասել է մի ծերունի. «Գեներալներն ավելի շատ են, քան պավիլյոնները (ռեստորանները)”։ Նրանցից շատերը մեծ ծառայություն են մատուցել հայրենիքին, բազմիցս վիրավորվել են և հարգանք են վայելում, բայց կան նաև այնպիսիք, ովքեր կոչումը արատավորել են կոռուպցիայով, դաժանությամբ, քաղաքական խաղերով և պարտականությունների չկատարմամբ։

Արցախցիները նրանցից յուրաքանչյուրին ճանաչում են, բայց հասկանում են, որ բոլոր գեներալներին, նույնիսկ նախկին պաշտոնյաներին ունեզրկելը ոչ մի օգուտ չի բերի սովորական մարդկանց։ Արցախցիները նաև գիտեն, որ այսօր գեներալները Հայաստանում դատվում են ոչ կոռուպցիոն մեղադրանքներով։ Օրինակ՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանը դատվում է Շուշիի մոտ բարձունքները “հանձնելու” համար։ Իսկ նրա նախորդը՝ Ջալալ Հարությունյանը, դատապարտվել է ազատազրկման՝ զինվորների մահվան հանգեցրած սխալ հրաման արձակելու համար։

Քաղաքականապես ակտիվ Սամվել Բաբայանը վերջերս անցել է ընդհատակ։ Հայկական լրատվամիջոցները ակնարկում են, որ Բաբայանը կամ արցախցի այլ գեներալներ փորձում են համախմբել սոցիալական ճգնաժամի եզրին հայտնված արցախցիների դիմադրությունը։

«Մի հատ ակտիվություն ցուցաբերեք, սաղիդ ներկան ու անցյալը կփռենք արեւին։ Առաջին հերթին կբացատրեք ձերոնց, թե ոնց հասաք Հակարիով Հայաստան, հետո նոր տղամարդլամիշ կլինեք»,-գրում է Իրավունքը, հղում անելով արցախյան աղբյուրի։

Մի բան ակնհայտ է. արցախցի գեներալների թեման չի առաջացել նրանց հետ «հարցեր լուծելու» արցախցիներին մղելու պատճառով։ Դրա հետևում կարող են չափազանց շատ թաքնված նպատակներ լինել։