
Շուշիի «Վարանդա» երգչախումբը շարունակում է իր առաքելությունը՝ երգի միջոցով պահպանել ու փոխանցել հայկական ժառանգությունը և կենդանի պահել Արցախի մշակույթը։
Սեպտեմբերի 6-ին Գյումրիի Հայորդաց տանը երգչախումբը հանդես եկավ նոր երգացանկով։ Ազատ մուտքով համերգը հնարավորություն տվեց երաժշտասերներին վայելելու կատարումները և երաժշտության միջոցով կրկին առնչվելու Արցախի մշակութային աշխարհին։
Շուշիից բռնի տեղահանությունից հետո «Վարանդա»-ն շարունակում է իր գործունեությունը՝ իր երգով ու արվեստով չթողնելով, որ Շուշիի և Արցախի մշակութային ձայնը լռի։
Առաջիկա օրերին երգչախումբը հանդես կգա նաև Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։
«Վարանդա» երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է Զաքար Քեշիշյանը՝ հայ շվիահար, երաժշտության ուսուցիչ և մշակութային գործիչ։
Այսօր «Վարանդա»-ի յուրաքանչյուր համերգ պարզապես երաժշտական ծրագիր չէ. այն մշակութային հիշողությունը պահպանելու, սերունդներին փոխանցելու և Արցախից հնչող երգը շարունակելու առաքելության հերթական դրսևորումն է։
Կարինե Բախշիյան