
Հայաստան-Ադրբեջան համատեքստում իմ գնահատմամբ, կրոնական տարրը նշանակություն ունի. Արցախում եղած ժառանգությունը ոչնչացնելիս մենք տեսնում ենք ուղիղ թիրախավորում կրոնական ժառանգությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականության դրսևորումներ կան։ Այս մասին հայտնում է news.am-ը։
«Այստեղ անհնար է ասել, որ կրոնը նշանակություն չունի։ Այս պահին Ադրբեջանում գտնվող բոլոր հայերը քրիստոնյաներ են և ապօրինաբար են պահվում, և, եթե հակամարտությունը լիներ այլ երկրում, որտեղ այլ կրոն դավանեին, արդյո՞ք անհապաղ ազատ արձակելու մարդասիրական իրավունքի պահանջը կհարգվեր, ամենայն հավանականությամբ կհարգվեր, ավելի հեշտությամբ այդ հարցերը իրենց հանգուցալուծումը կստանային։
Հաջորդը, մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Միջազգային զեկույցներում արձանագրված փաստ է, որ խաչի տեսքով դաջվածքների պարագայում դրանք այրվել են, այսինքն մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը, կամ եղել են դեպքեր, երբ մենք արձանագրել ենք, որ հարկադրել են Ղուրան ընթերցել։ Նման փաստերը արդեն իսկ վկայում են, որ քրիստոնյա լինելը ավելի խոցելի է և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը նաև դժվարեցնում է քաղաքակրթական երկխոսությունը Ադրբեջանի հետ։ Այս տարը կարծում եմ գոյություն ունի»,–ասաց նա։