Աստված և հակաքրիստոսը ԱՄՆ քաղաքականության մեջ. ո՞ւր են Արցախի եկեղեցիները

Այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ենթադրեց, որ Հակաքրիստոսը կարող է արդեն մեր մեջ լինել և չբացառեց այն հնարավորությունը, որ աշխարհի վերջը մոտ է։

Պահպանողական գրող Ռոդ Դրեհերը, որը ԱՄՆ փոխնախագահի ընկերն է, BBC-ին ասել է, որ «ամերիկացիների մեծ մասը, ովքեր հակված են քվեարկել հանրապետականների օգտին, վաղուց  հավատում են դրան»։

Նա պնդել է, որ Վենսը պարզապես ասում է, որ աշխարհը, կարծես, «խելագարվում է»՝ արհեստական ​​բանականության արագ զարգացման և շարունակվող հակամարտությունների ֆոնին։

«Ես շատ չէի զարմանա, եթե աշխարհի վերջը մոտ լիներ, բայց ես փորձում եմ որքան հնարավոր է շատ կենտրոնանալ Աստծո նախախնամության վրա հենց հիմա», – ասել է ԱՄՆ փոխնախագահը։ «Եթե դա հանգեցնի աշխարհի վերջի, թող այդպես էլ լինի։ Եվ եթե դա հանգեցնի ավելի լավ աշխարհի ստեղծմանը, որը կապրի և կբարգավաճի իմ մահից շատ ժամանակ անց, դա ավելի  լավ կլինի»։

Վենսը կաթոլիկություն է ընդունել 2019 թվականին, երբ նա արդեն 30 տարեկան էր։ Նա ասել է, որ կաթոլիկ եկեղեցին համահունչ է ընտանիքի և հասարակության մասին իր պատկերացումներին, ինչպես նաև իր պահպանողական քաղաքական հայացքներին։

Ամերիկայի մի հսկայական հատված, որը բաղկացած է հարավային նահանգներից (Միսիսիպի, Ալաբամա, Կենտուկի, Տեխաս և այլն) և Միջին Արևմուտքի մեծ տարածքներից, որոնք ավանդաբար հանրապետական ​​​​քվեարկող նահանգներ են, կոչվում է Բիբլիական գոտի։

Այս տարածքների բնակչությունը մեծ մասամբ բողոքական է, և նրանց կենսակերպը մեծապես որոշվում է կրոնական համոզմունքներով։ Բնակչությունը կողմ է Վաշինգտոնի վարչակազմի պահպանողական օրակարգին, երբ հանրապետականները զբաղեցնում են Սպիտակ տունը, ըստ BBC-ի։

Ի տարբերություն իր թիմի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի չէ որպես “կիրառող” քրիստոնյա, բայց Աստված հաճախ է հայտնվում նրա հայտարարություններում և սոցիալական ցանցերում գրառումներում։

«Աստվածային նախախնամության» գաղափարը քննարկվում է նաև Իսրայելում. 2026 թվականի փետրվարին Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին BBC News-ի և լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «Իսրայելն ունի բիբլիական իրավունք Նեղոսից մինչև Եփրատ հողերի նկատմամբ»։

Միայն Հայաստանի հետ կապված է «բիբլիական» մոտեցումը և Հակաքրիստոսի սպառնալիքը չեն կիրառվում։

2026 թվականի փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում Վենսը որևէ եկեղեցի չի այցելել և որևէ հայտարարություն չի արել Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության նկատմամբ հալածանքների վերաբերյալ: Նա նաև որևէ հայտարարություն չի արել օկուպացված Արցախում գտնվող քրիստոնեական եկեղեցիների ճակատագրի վերաբերյալ։

2025 թվականի հոկտեմբերին Ջ.Դ. Վենսը և նրա կինը այցելել են Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի եկեղեցի, որտեղ նրանք շրջել են Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող պատմական հատվածում և հանդիպել են Հայ Պատրիարքարանի ներկայացուցիչների հետ։