
Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
2023թ․ սեպտեմբերից, երբ սկսվեց Արցախից հայության բռնի տեղահանությունը, հայկական և միջազգային բարեգործական միությունները հենց առաջին օրվանից սկսեցին հումանիտար ոլորտում իրենց գործունեությունը։ Քանի որ կառավարությունը հումանիտար կարիքները բավարարելու համար գործում էր բավականին օպերատիվ՝ ներդնելով միանվագ և բազմամսյա դրամական աջակցության ծրագրեր, մարզերում՝ նաև սնունդի ու այլ պարագաների հատկացում, շատ կազմակերպություններ արագ չկողմնորոշվեցին և անում էին այնպիսի ծրագրեր, որոնք կրկնում էին կառավարության ծրագրերը։
Հումանիտար ճգնաժամի փուլում կազմակերպությունների ծրագրերը ընդգրկում էին սնունդի, տաք հագուստի, բժշկական շտապ օգնության տրամադրման բաղադրիչներ։ Պետք է շեշտել մի կարևոր առանձնահատկություն․ հումանիտար կազմակերպությունների, տարբեր բարեգործական միությունների ծրագրերը, ի տարբերություն կառավարության ծրագրերի, չեն ծածկում ամբողջ շահառու խմբերը, որը կարող է բերել թյուրըմբռնման և դժգոհությունների։
Միջնաժամկետ ծրագրերն ընդգրկում էին ուսանողների վարձավճարների աջակցություն (նմանատիպ ծրագիր լայնորեն իրականացնում էր կառավարությունը, կազմակերպությունները փորձում էին ծածկել կառավարության փոխհատուցումից դուրս մնացած սովորողների վարձերը), հոգեբանական վերականգնում, որը բավականին պահանջված էր, տարբեր մասնագիտական դասընթացներ։
Երկարաժամկետ կտրվածքով, այսօր արցախցիներով զբաղվող հիմնական կազմակերպություններն իրականացնում են մասնագիտական վերակողմնորոշման, փոքր բիզնեսի ու ինքնազբաղվածության աջակցության ծրագրեր, փոքր ծավալով մտնելով նաև տների կառուցման (Հայաստան համահայկական հիմնադրամ, Թուֆենկյան հիմնադրամ, Հայաստանի մանուկներ հիմնադրամ) և տրամադրման ոլորտ։
Ինչ վերաբերում է սփյուռքահենք հիմնադրամների գործունեությանը, ապա պետք է նշել, որ նախկինում Արցախի գոյությունը լուրջ էմոցիոնալ ֆոն էր ապահովում նվիրատվությունների ներգրավման համար։ Արցախի ողբերգական կորուստը, բռնի տեղահանությունից հետո հումանիտար փուլի հաղթահարումը, ինչպես նաև ղարաբաղյան շարժման ու Արցախի դեմ սկսած քարոզը, այս հարցում եղած կարծիքների միջև մեծ բևեռվածությունը թուլացրել են նվիրատուների համար եղած էմոցիոնալ ֆոնը, ինչը երևում է նաև վերջին տարիների դրամահավաքների պատկերից։
Սա նշանակում է, որ ավանդական հայկական կազմակերպությունները պետք է մտածեն նոր մեթոդների ու խնդիրների նոր մատուցման մասին, որպեսզի ակտիվ պահեն իրենց նվիրատուներին։
Այս իրավիճակում անհրաժեշտ է վերանայել ոչ միայն իրականացվող ծրագրերի բովանդակությունը, այլև դրանց պլանավորման և կառավարման տրամաբանությունը։ Արցախցիների աջակցության ծրագրերը չպետք է երկարաժամկետ հեռանկարում կառուցվեն միայն որպես առանձին խմբի հումանիտար աջակցություն։ Դրանք պետք է աստիճանաբար վերածվեն տնտեսական ինքնուրույնության, զբաղվածության և համայնքային ինտեգրման ապահովման գործիքների։
Առաջին հերթին անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել զբաղվածության և եկամուտների ավելացման ծրագրերին։ Մասնագիտական վերապատրաստումն ինքնին բավարար չէ, եթե դրա արդյունքում մարդը չի գտնում աշխատանք կամ չի կարողանում ինքնուրույն գործունեություն սկսել։
Հետևաբար, դասընթացների փոխարեն կամ դրանցից հետո անհրաժեշտ է ապահովել աշխատանքի տեղավորման, գործատուների հետ կապի, գործիքների տրամադրման, շուկաների հասանելիության և առաջին պատվերների ձեռքբերման հնարավորություններ։
Ինքնազբաղվածության ծրագրերը նույնպես պետք է դիտարկել ոչ միայն որպես փոքր դրամաշնորհի տրամադրում, այլև որպես ամբողջական շղթա՝ գաղափարից մինչև կայուն եկամուտ։
Երկրորդ կարևոր ուղղությունը մարզային ծրագրերի ընդլայնումն է։ Երևանում իրականացվող ծրագրերը հաճախ ավելի տեսանելի և հասանելի են, սակայն երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է ուշադրությունը տեղափոխել նաև այն մարզեր, որտեղ բնակություն են հաստատել արցախցիները և որտեղ տնտեսական հնարավորություններն ավելի սահմանափակ են։ Այս ծրագրերը կարող են միաժամանակ լուծել երկու խնդիր՝ աջակցել արցախցիների տնտեսական ինտեգրմանը և նպաստել ընդունող համայնքների զարգացմանը։
Այս համատեքստում հատկապես արդյունավետ կարող են լինել ընդհանուր շահառու խմբերով ծրագրերը, որոնցում ընդգրկված են և՛ բռնի տեղահանվածները, և՛ տեղաբնակները։ Սա ոչ միայն թույլ կտա ավելի մեծ տնտեսական ազդեցություն ունենալ, այլև կկանխի այն ընկալումը, թե արտաքին աջակցությունը հասանելի է միայն արցախցիներին։ Նման մոտեցումը հատկապես կարևոր է սոցիալապես խոցելի համայնքներում, որտեղ ռեսուրսների սահմանափակության պայմաններում արտոնությունների տարբեր ընկալումը կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել։
Երրորդ ուղղությունը ֆինանսավորման նոր մեխանիզմների կիրառումն է։ Փոքր դրամաշնորհը կարող է արդյունավետ լինել սկսնակ բիզնեսի համար, սակայն միշտ չէ, որ բավարար է արդեն գործող ձեռնարկության ընդլայնման կամ արտադրական կարողությունների ստեղծման համար։ Այդ պատճառով անհրաժեշտ է դիտարկել նաև ցածրարժեք կամ երաշխիք չպահանջող փոխառությունների, վարկերի համաֆինանսավորման, վարկային երաշխիքների և այլ ֆինանսական գործիքների կիրառումը։ Դրանց միջոցով հնարավոր կլինի սահմանափակ դոնորական միջոցներով հասնել ավելի մեծ տնտեսական արդյունքի։
Չորրորդ ուղղությունը կարող է լինել կոոպերացիաների և ընդհանուր տնտեսական նախաձեռնությունների զարգացումը։ Առանձին անհատների փոքր բիզնեսներին աջակցելու փոխարեն որոշ դեպքերում ավելի արդյունավետ կլինի միավորել նույն մասնագիտության կամ արտադրության ոլորտի մարդկանց՝ նրանց հնարավորություն տալով համատեղ ձեռք բերել սարքավորումներ, կազմակերպել արտադրություն, գտնել շուկաներ կամ իրականացնել ընդհանուր պատվերներ։ Սա հատկապես կիրառելի կարող է լինել մարզերում։
Հինգերորդ՝ անհրաժեշտ է բարձրացնել ծրագրերի արդյունքի չափելիությունը։ Ծրագրի հաջողությունը չպետք է գնահատվի միայն դասընթացի մասնակիցների, տրամադրված դրամաշնորհների կամ բաժանված օգնության քանակով։ Ավելի կարևոր ցուցանիշներ են՝ քանի մարդ է աշխատանք գտել, քանի նոր ձեռնարկություն է պահպանվել մեկ կամ երկու տարի անց, որքան է աճել շահառուների եկամուտը, քանի նոր աշխատատեղ է ստեղծվել և որքանով են ծրագրի շահառուները դարձել պետական կամ դոնորական աջակցության պակաս կախված։
Վերջապես, դոնոր կազմակերպությունները կարող են ավելի ակտիվորեն համագործակցել միմյանց և պետական կառույցների հետ։ Նույն շահառուների համար մի քանի փոքր և իրարից անկախ ծրագրերի իրականացումը միշտ չէ, որ արդյունավետ է։ Հնարավոր է ավելի մեծ ազդեցություն ապահովել աշխատանքի բաժանման միջոցով․ մի կազմակերպությունը կարող է մասնագիտական ուսուցում իրականացնել, մյուսը՝ ապահովել գործիքներ կամ ֆինանսավորում, իսկ երրորդը՝ աջակցել շուկա մտնելուն։ Նման համագործակցությունը թույլ կտա նաև խուսափել ծրագրերի կրկնությունից։
Արցախցիների բռնի տեղահանությունից անցած երեք տարիների ընթացքում աջակցության համակարգը էականորեն փոխվել է։ Առաջին ամիսների հումանիտար արձագանքին հաջորդել են կրթական, հոգեբանական, մասնագիտական և տնտեսական աջակցության ծրագրերը, իսկ այսօր առաջնային խնդիրը պետք է լինի մարդկանց երկարաժամկետ ինքնուրույնության ապահովումը։
Այս փուլում հայկական բարեգործական և սփյուռքահենք կազմակերպությունների համար գլխավոր մարտահրավերը միայն ավելի շատ գումար ներգրավելը չէ։ Պետք է փոխվի նաև այդ միջոցների օգտագործման տրամաբանությունը։ Նվիրատվությունը պետք է հնարավորինս վերածվի կայուն եկամտի, աշխատանքի, արտադրության և նոր տնտեսական հնարավորության։
Միաժամանակ, Արցախի թեմայի շուրջ նախկինում գոյություն ունեցած բարձր էմոցիոնալ համախմբումը այլևս չի կարող նույն չափով ապահովել երկարաժամկետ ֆինանսավորում։ Հետևաբար, կազմակերպությունների համար ավելի կարևոր է դառնում դոնորներին ցույց տալ ոչ միայն խնդրի ծանրությունը, այլև ծրագրի չափելի ազդեցությունը և երկարաժամկետ արդյունքը։
Հումանիտար աջակցության փուլը չի նշանակում, որ արցախցիների խնդիրներն ավարտվել են։ Փոխվել է խնդիրների բնույթը։ Եթե առաջին փուլում առաջնային էր մարդկանց հրատապ կարիքների բավարարումը, ապա այսօր առաջնային են աշխատանքը, եկամուտը, բնակության վայրում տնտեսական հնարավորությունների ստեղծումը և համայնքի մեջ լիարժեք ներգրավվածությունը։
Հետևաբար, առաջիկա տարիների աջակցության ամենաարդյունավետ մոդելը կարող է լինել ոչ թե մշտական օգնության տրամադրումը, այլ այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք մարդուն հնարավորություն են տալիս օգնություն ստացողից դառնալ սեփական եկամուտ ստեղծող և տնտեսական գործընթացների մասնակից։ Իսկ դրա համար կազմակերպությունները պետք է պատրաստ լինեն անցնելու փոքրածավալ, կարճաժամկետ և հեշտ կառավարվող ծրագրերից դեպի ավելի երկարաժամկետ, բարդ և չափելի արդյունք պահանջող նախաձեռնություններ։