Ի պատասխան գրեթե 800-ամյա հայկական Գանձասարի մասին Հաջիևի ստերի

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի բնորոշմամբ «ցեղասպան պետության»՝ Ադրբեջանի, նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար, հինավուրց հայկական Գանձակ քաղաքում ծնված կովկասյան թաթար Հիքմեթ Հաջիևը 2026թ. սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դիվանագետների տարել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող մասնավորապես հայկական հռչակավոր Գանձասարի եկեղեցի և այնտեղ առանց որևէ հիմնավորման ու փաստի հայտարարել, թե այդ եկեղեցին հանդիսանում է «հին ալբանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»:

Ի պատասխան Հիքմեթ Հաջիևի՝ իրականությանը բացարձակապես չհամապատասխանող սուտ և կեղծ հայտարարության, հարկ ենք համարում փաստերով նշել հետևյալը՝

ՓԱՍՏ ԱՌԱՋԻՆ

Համաձայն Գանձասարի եկեղեցու կառուցման ականատես, 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության՝ եկեղեցին կառուցել է «Արցախի կողմերի Խաչենի մեծ իշխան Հասանը, որին փաղաքշանքով Ջալալ էին կոչում. աստվածապաշտ, երկյուղած ու պարկեշտ մարդ էր, ազգությամբ հայ»:

Գանձասարի եկեղեցու կառուցման վայրը հանդիսացել է Հասան-Ջալալյանների տոհմական գերեզմանատունը: Այս մասին պատմիչ Կ. Գանձակեցին, մասնավորապես, հայտնում է, որ Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան «…իրենց շիրմատեղում կառուցեց գեղեցկազարդ հորինվածքով, գմբեթաձև, երկնանման, Աստծու փառքի տաճար մի եկեղեցի…»:

ՓԱՍՏ ԵՐԿՐՈՐԴ

Երուսաղեմից սկսած տեղից տեղ փոխադրվելուց հետո Հովհաննես Մկրտչի գլուխը հայտնվում է Հասան-Ջալալ-Դոլայի եղբոր մոտ: Տեղեկանալով այս մասին՝ Արցախի թագավորը 1211թ. մեկնում է Գանձակ՝ եղբոր մոտ, և խնդրում նրանից սրբի գլուխը, սակայն եղբայրը մերժում է: Տեսնելով, որ եղբայրը խաղաղությամբ չի տալիս իրեն սրբի գլուխը՝ Հասան-Ջալալ-Դոլան խլում է այն նրանից, բերում Արցախ, ամփոփում իրենց տոհմական գերեզմանատանը և վրան կառուցում եկեղեցի, որի օծման հանդիսավոր արարողության ժամանակ այն անվանակոչում է Սուրբ Հովհաննես Մկրտչի անունով:

Արցախի իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան Գանձասարի եկեղեցում ամփոփել է նաև հայոց առաջին քահանայապետ Գրիգոր Լուսավորչի սուրբ ծնոտը, Լուսավորչի թոռ` Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսի նշխարներից, Հովհաննեսի Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, սուրբ Պանդալեոն բժշկի և այլ բազում սրբերի նշխարներ, որոնց ազդեցությամբ բազմաթիվ մարդիկ են բժշկվել:

ՓԱՍՏ ԵՐՐՈՐԴ

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցումն ավարտելուց հետո Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցու պատերից մեկի վրա հայերեն լեզվով փորագրել է տվել մի բավականաչափ խոսուն արձանագրություն, որը վերաբերում է ինչպես եկեղեցու կառուցմանն, այնպես էլ Հասան-Ջալալյանների իշխանական տան տոհմաբանությանը:

Գրեթե անվնաս, հեմենայնդեպս այս պահի դրությամբ, պահպանվել է եկեղեցու շինարարությանը վերաբերող քսանյոթ տողից բաղկացած մեծ արձանագրությունը՝ փորագրված տաճարի ներսում` հյուսիսային պատի վրա, պատուհանի երկու կողմերում:

Արձանագրության մեջ 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան, մասնավորապես, հայտնել է հետևյալ. «ՅԱՆՈՒՆ Ս[ՈՒՐ]Բ ԵՐՐՈՐԴՈՒԹ[ԵԱՆ] ՀԱՒՐ ԵՒ ՈՐԴՈ ԵՒ ՀՈԳՈՅՆ ՍՐԲՈ ԱՅՍ ԳԻՐ ԱՐՁԱՆԻ Է Զ[ՈՐ ՏՎԻ] ԵՍ, ՆՈՒԱՍՏ ԾԱՌԱ ԱՍՏՈՒԾՈՅ. ՋԱԼԱԼ ԴԱՒԼԱՅ ՀԱՍԱՆ, ՈՐԴԻ ՎԱԽՏԱՆԳԱ, ԹՈՌՆ [ՄԵԾԻՆ] ՀԱՍԱՆԱ, ԲՆԱԿԱՒՈՐ (բնիկ – Ս. Հ.-Ջ.) ԻՆՔՆԱԿԱԼ (ինքնիշխան – Ս. Հ.-Ջ.) ԲԱՐՁՐ ԵՒ ՄԵԾ ԱՐՑԱԽԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ, [ԹԱԳԱՎՈՐ] Խ[ԱՎԽԱՆԱ] ԲԵՐԴԻ, ՅՈՔՆԱՍԱՀՄԱՆ (բազմասահման, այսինքն` բազմաթիվ սահմաններ ունեցող – Ս. Հ.-Ջ.) ՆԱՀԱ[Ն]ԳԱՒՔ: ԶԻ ՀԱՅՐ ԻՄ [Ի] ՎԱԽՃԱՆ ԿԵՆԱՑ ԵԼԻՑ ԻՒՐ ԱՍՏԵԱՑՍ ԱՆԴԱՐՁ ԿՏԱԿԻ ՀԱՍՏԱՏԵԱՑ ԻՆՁ ԵՒ ՄԱՒՐՆ ԻՄ ԽՈՐԻՇԱՀԻ, ՈՐ ԷՐ ԴՈՒՍՏՐ ՄԵԾ ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆԻՆ ՍԱՐԳՍԻ` ԶԻ ՇԻՆԵՍՑՈՒՔ ԵԿԵՂԵՑԻ Ի ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՀԱՐՑ (Հայրերի, այսինքն` նախնիների – Ս. Հ.-Ջ.) ՄԵՐՈՑ Ի ԳԱՆՁԱՍԱՐ, ԶՈՐ ՍԿՍԵ[Ա]Լ ՄԵՐ :ՈԿԵ: (1216) ԹՎԻՆ ՀԱՅՈՑ… ԱՒԱՐՏՈՒՄՆ ԵՂԵՒ ՇՆՈՐՀԱՒՔ ՈՂՈՐՄՈՒԹ[ԵԱՄ]Բ ԱՄԵՆԱԳՈՒԹ Տ[ԵԱՌ]Ն :ՈՁԷ: (1238) ԹՎԻ…»:

Մեջբերված տեքստի արդի հայերեն թարգմանությունը. «Հոր և որդու և սուրբ հոգու, այս գիրն արձանի է, որ տվեցի ես՝ Աստծո նվաստ ծառան՝ Ջալալ Դոլա Հասանը՝ Վախթանգի որդին, Հասան Մեծի թոռը, բնիկ ինքնիշխան բարձր և մեծ Արցախ աշխարհի, թագավոր Խոխանաբերդի, հոքնասահման նահանգների: Վախճանվելիս իմ հայրը անդարձ կերպով կտակել է ինձ և իմ մորը՝ Խորիշահին, ով դուստրն էր իշխանաց իշխան Սարգսի, որպեսզի Գանձասարում՝ մեր հայրերի գերեզմանատանը, կառուցենք եկեղեցի, որը սկսեցինք հայոց ՈԿԵ (1216) թվականին…ավարտը եղավ ՈՁԷ (1238) թվականին…»:

Եթե եկեղեցին հայկական չէ, ինչպես անամոթաբար ստում է Հիքմեթ Հաջիևը, ապա ինչո՞ւ է Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցու կառուցման սկիզբն ու ավարտը նշում հայկական թվագրությամբ՝ օգտագործելով «հայոց» բառը:

ՓԱՍՏ ՉՈՐՐՈՐԴ

Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսիացի նշանավոր բյուզանդագետ Շառլ Դիլը Գանձասարի եկեղեցին համարել է հայկական ճարտարապետության կոթողներից համաշխարհային մշակույթի գանձարանը մտած հինգ ամենաուշագրավ երևույթներից մեկը:

ՓԱՍՏ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ՝ ճարտարապետության պատմության մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնը, ցույց տալով Գանձասարի եկեղեցու ճարտարապետական բարձր արժանիքները, գրել է, թե այդ կոթողը «հայ ճարտարապետության մարգարիտն է, հայկական միջնադարյան ճարտարապետության ու կոթողային քանդակագործության եզակի հուշարձանը, մի այնպիսի ստեղծագործություն, որն, ամենայն իրավամբ, պետք է համարել XIII դարի հայ ճարտարապետության հանրագիտարանը: Գանձասարը ոչ միայն ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է. մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա»:

ՓԱՍՏ ՎԵՑԵՐՈՐԴ

Եկեղեցու «Գանձասար» անվանումը որևէ աղերս չունի ո՛չ այսպես կոչված ալբանական, ո՛չ այսպես կոչված կովկասյան թաթարական (ադրբեջանական), ո՛չ էլ թյուրքական ծագման հետ: Այն մաքուր հայկական անվանում է՝ բաղկացած հայերեն «գանձ» և «սար» բառերից: Հետևաբար, «Գանձասար» նշանակում է «Գանձերի սար»:

Եկեղեցին «Գանձասար» անունը ստացել է այն բլրից, որի վրա կառուցված է, քանզի բլրի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր:

Վերոնշյալ փաստերն առանձին-առանձին, կամ բոլորը միասին անառարկելիորեն վկայում են, որ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 1216-1238թթ. կառուցել է ազգությամբ հայ Հասան-Ջալալ-Դոլան, ով 1214-1261թթ. հանդիսացել է Արցախի թագավորը, իշխանաց իշխանը:

Այսպիսով, վերը հիշատակված փաստերի հիման վրա կարող ենք պնդել, որ կովկասյան թաթար Հիքմեթ Հաջիևը ստել և մոլորեցրել է 2026թ. սեպտեմբերի 12-ին գրեթե 800-ամյա հայկական Գանձասարի եկեղեցի այցելած Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ
«Հասան-Ջալալյանների խորհուրդ» ՀԿ հիմնադիր-նախագահ