Եթե ​​Ուկրաինան համաձայնվի հանձնել տարածքները, Արցախի հարցը կրկին կբացվի

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ տարածքային հարցի շուրջ համաձայնության հասնելը կարող է նպաստել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններին։

Տարածքային հարցը մնում է ամենաբարդը Ուկրաինայում խաղաղության բանակցություններում։ Վլադիմիր Պուտինը ուրվագծել է այն գիծը, որին ցանկանում է հասնել, բայց Ուկրաինան հրաժարվում է նահանջել։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա՝ Ջարեդ Քուշները համապատասխան հայտարարություն է արել Կիևում կայացած Յալթայի եվրոպական ռազմավարության հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ խաղաղության համաձայնագրի մնացած մասը, ենթադրաբար, արդեն համաձայնեցված է, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

ԱՄՆ-ն պաշտոնապես չի ստիպում Ուկրաինային զիջել իր տարածքը, բայց նաև չի ասում Մոսկվային, որ «խորհրդային սահմանների» փոփոխությունը անհնար է։ Եվրոպան, ընդհակառակը, վճռականորեն աջակցում է Ուկրաինային և “խորհրդային սահմաններին”։

Եվրոպայի փլուզումը կանխելու համար, որի ներկայիս սահմանները որոշվել են Առաջին, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո՝ նույն Յալթայում, եվրոպացիները պնդում են, որ Ուկրաինայի սահմանների փոփոխությունները անընդունելի են։ Այդ նպատակով եվրոպացիները Ուկրաինային զենք և քաղաքական աջակցություն են տրամադրում, փաստորեն ընդդիմանալով Ռուսաստանին և ԱՄՆ-ին։

Այս պատճառով Մակրոնը և Շառլ Միշելը հորինել են երևակայական «անձեռնմխելի Ալմա-Աթայի սահմաններ» Հայաստանի և Ադրբեջանի համար։ Ռուզվելտի, Չերչիլի և Ստալինի կողմից գծված սահմանների պահպանման անվան տակ եվրոպացիները պատրաստ են զոհաբերել իրենց բոլոր արժեքները. Եվրոպացի դեսպանների վերջերս Արցախում կազմակերպված շքերթը՝ «Կեցցե՛ էթնիկ զտումները» և «Կորչե՛ն բնիկները» գրություններով, դրա վկայությունն է։

Ռուսաստանը, որը «ճանաչում է» խորհրդային սահմանները Արցախի դեպքում, Ուկրաինայում այլ կերպ է գործում և պահանջում է ուկրաինական զորքերի դուրսբերում ուկրաինական Դոնբասի չօկուպացված մասից։

Եթե Ուկրաինան համաձայնվի զիջել տարածքները, դա կլինի «Յալթայի» սահմանների վերջը Եվրոպայում։ Կսկսվի «վերադարձի» շքերթ՝ Կալինինգրադ, Սուդետյան երկրամաս, Տիրոլ, Ռուր։ Կվերանան նաև Արցախը Ադրբեջանին հանձնելու և 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով հայկական տարածքները Թուրքիային զիջելու “իրավական” հիմքերը։

Ահա թե ինչու Բաքուն և Անկարան ճնշում են գործադրում Երևանի վրա՝ նոր Սահմանադրություն ընդունելու և «կամավոր» հրաժարվելու իր տարածքներից ու իրավունքներից։ Ահա թե ինչու են եվրոպացի դեսպաններին բերում Բաքու և նկարահանում, թե ինչպես են նրանք պարում հայկական ոսկորների վրա։ Դեսպանները կարծում են, թե այդպես փրկում են Եվրոպայի սահմանները, մինչդեռ իրականում նրանք վերջին մեխն են խփում ժողովրդավարական աշխարհի դագաղին։

Նաիրա Հայրումյան