Իրա Թամրազյան․ կարևոր է կապ պահպանել Արցախի մշակութային ավանդույթների հետ

Արցախի մշակութային ժառանգության պահպանումը այսօր իրականացվում է ոչ միայն թանգարաններում ու մշակութային հաստատություններում, այլև այն կառույցների միջոցով, որոնք շարունակում են իրենց առօրյա գործունեությունը՝ կրթելով երեխաներին, փոխանցելով ավանդական արհեստներն ու ստեղծագործական հմտությունները։ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո նման կազմակերպությունները ստիպված են իրենց աշխատանքը շարունակել Հայաստանի տարբեր համայնքներում՝ հաճախ արդեն նոր տարածքների, ֆինանսավորման և մասնագետների պահպանման խնդիրների պայմաններում։

Այդ կառույցներից է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը, որը տեղահանությունից հետո կարողացել է վերականգնել գործունեությունը Հայաստանում։ Կենտրոնում շարունակում են գործել ստեղծագործական խմբերը, իսկ Հադրութից և Արցախի այլ բնակավայրերից եկած վարպետները երեխաներին փոխանցում են ավանդական արհեստներն ու իրենց մասնագիտական գիտելիքները։

Կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը  Step1.am-ի հետ զրույցում նշում է՝ այսօր այստեղ հաճախում են ոչ միայն արցախցի, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերից երեխաներ։

«Մեզ մոտ գալիս են նաև հայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներ, հատկապես վարձակալությամբ բնակվող ընտանիքների համար իրավիճակը բարդ է, քանի որ Երևանում բնակարանների վարձերը բարձր են, իսկ տարածքները՝ խիտ»,– նշում է Թամրազյանը։

Կենտրոնում տարբեր տարիքային խմբերի երեխաներ են ընդգրկված։ Այս տարի, տնօրենի խոսքով, կենտրոնն ունեցել է հինգ շրջանավարտ։ Որոշ շրջանավարտներ դեռ շարունակում են դպրոցական կրթությունը, և կենտրոնը փորձում է աջակցել նրանց՝ հետագա կրթությունը շարունակելու հարցում։

Կենտրոնը համագործակցում է նաև մի շարք թանգարանների հետ։ Թամրազյանի խոսքով՝ Սարդարապատի, Ժողովրդական արվեստների և Հայաստանի պատմության թանգարանների հետ համագործակցության շրջանակում կենտրոնի սաներն ու վարպետները մասնակցում են ցուցահանդեսների, միջոցառումների և միջազգային փառատոների։ Թանգարանները նաև գնահատում են կենտրոնի աշխատանքը և պարբերաբար հրավիրում նրանց իրենց միջոցառումներին։

Միաժամանակ, կենտրոնի գործունեությունը նախարարության մակարդակով համակարգված համագործակցության շրջանակում չի իրականացվում։

2023 թվականից այն գործում է որպես հասարակական, ոչ առևտրային կառույց՝ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում գործունեություն ծավալելով։

Այսօր կենտրոնի հիմնական խնդիրներից մեկը տարածքի վարձակալության բարձր արժեքն է։ Կենտրոնը վարձակալում է տարածք, և դրա վարձը զգալի ֆինանսական բեռ է։ Թամրազյանի խոսքով՝ եթե հնարավոր լիներ ունենալ անվճար կամ ավելի մատչելի տարածք, ազատված միջոցները հնարավոր կլիներ ուղղել աշխատակիցների և վարպետների վարձատրությանը, ինչպես նաև երեխաների հետ դասընթացների կազմակերպմանը։

Կենտրոնի վարպետների համար որոշակի աջակցություն, սակայն, նախկինում եղել է։ Թամրազյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը շուրջ մեկուկես տարի յուրաքանչյուր վարպետի ամսական 50 հազար դրամ էր տրամադրում։ Տնօրենի խոսքով՝ այդ աջակցությունը կարևոր էր նաև հոգեբանական առումով, քանի որ մասնագետները ստանում էին բնակվարձի թեկուզ մասնակի փոխհատուցում  և կարող էին շարունակել կենտրոնում երեխաների հետ աշխատել հասարակական հիմունքներով։

Այդ աջակցությունը դադարելուց հետո վարպետները փորձում են իրենց աշխատանքները ներկայացնել և վաճառել տարբեր ցուցահանդեսների ու միջոցառումների ժամանակ՝ դրանով որոշ չափով ապահովելով իրենց եկամուտը։ «Վարպետները փորձում են իրենց աշխատանքները տանել միջոցառումների, ցուցահանդեսների, վաճառել, որպեսզի կարողանան շարունակել»,– նշում է կենտրոնի տնօրենը։

Կենտրոնի վարպետների մեծ մասը Արցախից է։ Թամրազյանի խոսքով՝ նրանք արդեն կայացած մասնագետներ և դիզայներներ են ։ Տարբեր հիմնադրամներ երբեմն ֆինանսավորում են առանձին դասընթացներ՝ օրինակ՝ երկու ամսով ներգրավելով որևէ վարպետի կամ դիզայների և վճարելով նրա աշխատանքը։

Կենտրոնում սովորում են ոչ միայն երեխաները։ Մեծահասակները ևս մասնակցում են դասընթացներին, սովորում են ձեռագործության, գործվածքի, գորգագործության և այլ արհեստների հմտություններ։ Նրանց պատրաստած աշխատանքները ևս ներկայացվում են ցուցահանդեսներում ու տոնավաճառներում։ Այսպիսով, կենտրոնը միայն մշակութային ժառանգության փոխանցման վայր չէ․ այն նաև սոցիալական միջավայր է, որտեղ մարդիկ կարող են շփվել, նոր հմտություններ ձեռք բերել և իրենց աշխատանքը ներկայացնել հանրությանը։

Թամրազյանը նշում է, որ կենտրոնը Հայաստանի տեղական միջավայրում առանձնահատուկ խտրական վերաբերմունքի չի հանդիպել։

Նրա խոսքով՝ կենտրոնի գործունեության առաջին իսկ օրերից աջակցություն են ստացել ընկերներից, ծնողներից և շրջապատի մարդկանցից։ Արցախում գործելու տարիներին կենտրոնի մասնակցությունը Հայաստանի տարբեր միջոցառումներին և ցուցահանդեսներին ևս ձևավորել էր լայն կապերի շրջանակ, որն աջակցեց կառույցին նաև տեղահանությունից հետո։

Կենտրոնի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, տնօրենի գնահատմամբ, դրական է։ Այստեղ հաճախում են նաև Երևանում բնակվող և այլ ազգությունների երեխաներ, որոնց նկատմամբ վերաբերմունքը նույնն է։ Եթե երեխան ունի ստեղծագործական ընդունակություններ, կենտրոնում փորձում են աջակցել դրանց զարգացմանը՝ անկախ նրա ծագումից։

Միևնույն ժամանակ, կարևոր է նաև մարզերում կենտրոնի գործունեության շարունակությունը։ Տարբեր համայնքներում վարպետները շարունակում են ավանդական արհեստների դասավանդումը, այդ թվում՝ գորգագործությունը։ Թամրազյանի խոսքով՝ կարևոր է, որ այդ հմտությունները չկորցվեն և փոխանցվեն հաջորդ սերնդին։ Դրա համար անհրաժեշտ են գործող արհեստանոցներ ու ստեղծագործական խմբեր, որտեղ երեխաները կարող են ոչ միայն սովորել, այլև կապ պահպանել Արցախի մշակութային ավանդույթների հետ։

Կենտրոնի պատմությունը ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանումը միայն մշակութային արժեքների ֆիզիկական պահպանության հարց չէ։ Այն նաև մարդկանց, մասնագետների և կրթական միջավայրի պահպանում է։ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի դեպքում այդ գործընթացը շարունակվում է արդեն Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ նոր սերնդին փոխանցելով այն մշակութային գիտելիքները, որոնք ձևավորվել և պահպանվել են Արցախում։

Արսեն Աղաջանյան