
Step1.am-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։
-Պարոն Կարաբեկյան, մենք տեսանք Բաքվի կողմից օկուպացված Արցախում կազմակերպված շոուն, որին մասնակից էին նաեւ օտարերկրյա դիվանագետներ։ Ի՞նչ է սա ցույց տալիս, միջազգային հանրությունը սատարո՞ւմ է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։
-Սա նախ փաստեց, որ քաղաքականության մեջ չկան բարեկամներ, կան շահեր։ Նրանք թվացյալ բարեկամներ են։ Երկրորդ, սա փաստեց, որ համաշխարհային քաղաքականությունը գնում է դեպի անդունդ, դեպի կործանում, որովհետեւ խիղճ բառը, բարոյականությունն արդեն իսպառ վերացել են։ Նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, Եվամիության առաջավոր պետությունների ներկայացւոցիչները, որոնք խոսք էին տալիս Արցախյան հիմնախնդիրը լուծել քաղաքական ճանապարհով, որոնք փաստորեն 20-30 տարի շահարկում էին մեր խնդիրը, որպեսզի իրենց նեղ անձնական կամ խմբային շահերն առաջ քաշեին, այցելելով Արցախ, մոռացել են արցախահայության ճակատագրի մասին։ Եվ մենք ականատես եղանք այդ սարսափելի կրկնակի ստանդարտների կիրառմանը։ Նրանք չբարաձայնեցին արցախցիների հավաքական իրավունքների, այդ թվում՝ վերադարձի խնդրի մասին։ Եվ մենք ականտես եղանք նրան, որ աշխարհը փորձում է մոռացության տալ Արցախի հոգեւոր ժառանության հիմնախնդիրը։ Իսկ Արցախում ոչ թե էթնիկ զտում է իրականացվել, այլ՝ ցեղասպանություն։
Հիմա հերթով անդրադառնամ քաղաքական աստառին։
Ըստ էության համաշխարհային քաղաքականության մեջ շեշտադրումները փոխվում են։ Մենք տեսանք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը եւ ԲՐԻԿՍ գագաթանժողովի ժամանակ բարձրացրած խնդիրները։ Այլեւս ամերկյան հեգեմոնյան աշխարհը միանշանակ չի ընդունվում։ Պլյուս դրան, հենց կոնֆլիկտների կարգավորման համատեքստում խնդիրներ են առաջ քաշում ԱՄՆ-Ռուսաստան տանդեմի կողմնակիցները։ Խոսքը վերաբերում է եւ ուկրաինական պատերազմին, եւ մերձավոր արեւելյան կոնֆլիկտներին։ Ինչո՞ւ ոչ, բոլորը չէ, որ համաձյան են Արցախյան հիմնախնդրի՝ ամերիկյան գնահատականներին։
Ադրբեջանն իր տակտիկայի համաձայն փորձում է մեկ կրակոցով մի քանի նապատաստակ սպանել։ Քողարկել է ցեղասպանության թեման, ինչո՞ւ, որովհետեւ նույն Իսրայելը պետություն կերտելու իրավունք է ստացել որպես ցեղասպանության ենթարկված ժողովուրդ։ Հայաստանն իր պետականություն կերտելու իրավունքը վերահաստատել է 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ Ըստ էության Ադրբեջանը փորձում է կոծկել այն իրավունքը, որ Արցախի ժողովուրդը բնիկ է եւ ունի հավաքական իրավունքներ։
Երկրորդը, ըստ էության նրանք փորձեցին ցույց տալ իրենց «տոլերանտ լինելը»՝ այն, որ նրանք իբր պահպանել են այն մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը, որը կա Արցախի տարածքում։ Եվ մեղադրեցին հայկական կողմին «պատմությունն աղավաղելու» մեջ։ Այսինքն՝ այն բարբարոսությունը, որի հասցեատերը քաջ հայտնի է աշխարհին, փաստորեն վերահասցեագրվել է։ Եվ շատ վտանգավոր է, որ հայկական կողմը մնաց լուռ։
Ադրբեջանի վերջնական նպատակը ոչ թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամ հայերին մեղադրելն է, այլ ցույց տալը, որ ինքը գործոն է, կարող է եվրոպացիների հետ համարժեք լինել ու լեզու գտնել, համագործակցել եւ տարածաշրջանային, եւ ոչ տարածաշրջանային խաղացողների հետ։
Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ հաջորդ թիրախը լինելու է Երեւանը։ Չէ՞ որ ադրբեջանցիներն ասել են, թե Ազգային ժողովի շենքը «ադրբեջանական գերեզմանոցի» տարածքում է, թե Երեւանի պարսկական մզկիթի տարածքում «հուղարկավորված են թուրքալեզու խաներ»։ Այսինքն՝ ինքն իրեն համարում է ժառանգորդ եւ թուրքալեզու ցեղերի, եւ պարսկալեզու ցեղերի։ Փաստորեն մեծ վտանգ կա, որ Հայաստանը կարող է Արցախի ճակատագրին արժանանալ։ Հիշո՞ւմ եք, որ Արցախի պարագայում էլ էր գազն ու էլեկտրամատակարարումը խաթարվում, էլի միջանցքների հարց կար։ Դրան գումարվում է Տիգրանաշենի խնդիրը։ Արդեն մոռանում ենք Արցախը, ոնց որ ժամանակին մոռացել ենք Շահումյանի խնդիրը, Հյուսիսային Արցախի խնդիրը, Արցախի անվտանգության ու սահմաններին հիմնախնդիրը, որոնք ամրագրվել են 1995 թվականին։
-Հայաստանի իշխանության քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում, համարժե՞ք է ստեղծված իրավիճակին։
-Հայաստանն ընդունում է այն դիրքը, որը բերեց Արցախյան բանակցությունների տապալմանը։ Դա այն դիրքն է, որ պետք է հաճոյանանք Ադրբեջանին, որովհետեւ ինքը կարող է հրաժարվել բանակցություններից, որովհետեւ ինքն ունի կարեւոր դիրք տարածաշրջանում։ Կոմունիկացիների հարցում Ադրբեջանին գերակա դիրք տալով՝ մենք մեր ձեռքով Հայաստանին զրկում ենք տարածաշրջանային գործոն լինելուց, կարծես թե մենք մեր սուբյեկտայնությունը զիջում ենք հանուն Ադրբեջանի շահերի, հանուն թուրք-ադրբեջանական շահերի։ Այսինքն՝ նույնն է կատրավում, որը կատարվում էր Նժդեհի ժամանակաշրջանում, Հայաստանի խորհրդարյնացումից առաջ։ Մենք գիտենք, թե ինչ վտանգներով է դա հղի՝ կատարվելու է այն, ինչ կատարվել է առնվազն մեկ դար առաջ։
Այսօր կարծես թե փակուղային է վիճակը, ամեն առիթով շեշտում են Թրամփի ճանապարհի դերը, բայց Թրամփի ճանապարհը, ինչպես Թրամփի արտաքին քաղաքականությունը, արդեն փակուղային վիճակում է։ Թուրքիան արդեն կառուցում է շրջանցիկ ճանապարհ, որը Նախիջեւանից գնալու է դեպի Թուրքիա, այնտեղից՝ Իրան։
Հաջորդ փուլում լինելու է այն, որ Ադրբեջանը սահմանադրական փոփոխությունները մի կողմ է դնելու, ինքն արդեն ավելի խիստ պահանջներ է դնելու, մանավանդ որ Արեւմուտքի հետ հարաբերություններում մենք ընդամենը Ֆրանսիայի հետ ունենք պայմանագիր, որը չի պարտադրում Ֆրանսիային կամ ՆԱՏՕ-ին Հայաստանի անվտանգությունը պաշտպանել։ Պլյուս դրան, Իրանը շատ հստակ պնդում էր, որ իր համար Թրամիփի ուղին վտանգավոր է, եթե Հայաստանը չի վերահսկելու այն։ Իսկ ինձ համար դժվար է պատկերացնել՝ ո՞նց կարող է Հայաստանը վերահսկել։ Առաջինը՝ Ադրբեջանն ինքն է հավակնում վերահսկել այդ ճանապարհի կառուցումը, երկրորդը՝ մի քանի սահմանապահներ չեն կարող հսկել բավականին մեծ տարածության վրա կատարվող աշխատանքները՝ չափագրումներ, պայթեցման ու ճանապարհաշինական աշխատանքներ։ Պլյուս դրան, Ադրբեջանը տրանզիտ ճանապարհ է պահանջում։ Տրանզիտը ենթադրում է, որ նրանց բեռները գրեթե անհնար է լինելու ստուգելը։ Հետագայում այդ ճանապարհը ունենալու է այլ կարգավիճակ՝ էքստարտերիտորիալ կարգավիճակ, որը շատ շուտ դառանալու է «Ադրբեջանի տարածք»։
Այսինքն՝ հիմա մենք փորձում ենք Ալիեւին օգնել, որ իր ռազմավարական ծրագրերին իրականացնի։ Եթե Տիգրանաշենը վերցնեն, Հայաստանի մի մասը բաժանվելու է մյուս մասից։ Բնական է, հետագայում Սեւանի ջուրն են պահանջելու, որովհետեւ մաքուր ջուր է։
Այս պահին հայ ազգը պետք է գիտակցի, որ կենաց ու մահու խնդիր է դրված։ Ցանկացած ոչ ճիշտ քայլ, հապաղում կարող է հայ ազգի կործանմանը բերել։ Իսկ Փաշինյանի իշխանությունն այնպես է կորելու, որ մենք նույնիսկ չիմանանք, թե ուր գնացին, ինչպես չքացան։ Իրավիճակը պայթյունավտանգ է, քաոտիկ է, այդ իրավիճակում փախնելը շատ հեշտ է։ Մանավանդ, որ ինքն այդ անոնսել է՝ 65 տոկոս ձայն տվեք ինձ, որ Սահմանադրության փոփոխություններն անեմ։ Չկա այդ 65 տոկոսը, ի՞նչ է անելու։
Եթե ամփոփենք, եվրոպացիները Արցախից հստակ մեսիջ են ուղարկում, ոչ միայն հայերին, այդ թվում՝ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին։ Արցախն այն անկյունաքարն է, որը միշտ շենքի հիմքում է կանգնած եւ ում վրա ընկնի, կջարդի։ Աստվածաշնչի համաձայն՝ Արցախն այդ անկյունաքարն է։
Ռոզա Հովհաննիսյան