
Եթե Հայաստանում այսօր տեղի ունեցող (տնտեսական գործընթացները- խմբ.) կրեն ոչ թե ժամանակավոր բնույթ, այլ դառնան միտում, ապա դա կարող է արմատապես փոխել երկրի ամբողջ ֆինանսական իրավիճակը: Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը դրա մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի՝ 600 դրամի, կամ մոտ 1.65 դոլարի՝ մեկ լիտրի դիմաց։ Եթե Ռուսաստանն էլ թանկացնի գազը (կամ դադարեցնի մատակարարումները), ցուտ ու մութ ձմեռ կունենանք։
Ռուսաստանի կողմից գազի արտահանման գների հնարավոր բարձրացումը չի տեղավորվում A և B պլանների մեջ՝ կազմելով «ապոկալիպտիկ» սցենար Հայաստանի համար, ասել է Մարտին Գալստյանը։
«Մեր տեսանկյունից սա X տիպի սցենար է, ոչ թե A կամ B։ Այն ավելի շուտ ենթադրում է ինչ-որ ապոկալիպտիկ բան, և դրան արձագանքը պետք է ավելի ուժեղ լինի։ Հետևաբար, առայժմ մենք շարունակում ենք գործել սովորականի պես՝ հաշվի առնելով նման խնդիրների առաջացման հնարավորությունը», – ասաց Գալստյանը։
Նա նաև խոստովանել է, որ անշարժ գույքը Հայաստանում 20 տոկոսով թանկացել է, քանի որ կա մեծ առաջարկ, հատկապես Ռուսաստանից մարդկանց հոսքի հետ կապված։ Գալստյանը նաջ ասել է, որ կարող են թանկանալ բանկային վարկերը։
Մինչդեռ Հայաստանի շինանյութի շուկայում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ ցեմենտի լուրջ պակասուրդ է արձանագրվում։ Խանութներում ցեմենտ կա՛մ ընդհանրապես չկա, կա՛մ վաճառվում է խիստ սահմանափակ քանակությամբ և նախկինից առնվազն 400 դրամով ավելի թանկ։ Դա ևս բարձրացնում է բնակարանային գները։
Փաստորեն, եթե Կառավարությունը չվերանայի արցախցիներին տրվող բնակարանային սերտիֆիկատների արժեքները և չսուբսիդավորի վարկերը, ապա տուն գնելը առավել քան անհնար կդառնա։ Զուգահեռ բարձրանում են բնակվարձերը, և արցախցիներն անելանելի վիճակում են հայտնվում։
Հայաստանում հուլիսին տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ հունիսի 7,4%-ից հասնելով 6,5%-ի։ Դրա մասին նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում։
«Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շարունակում են մնալ աճի հիմնական շարժիչները՝ համապատասխանաբար աճելով 26,5%-ով և 17%-ով։
Շինարարության աճն ուղեկցվել է անշարժ գույքի շուկայի աշխուժացմամբ։ Հուլիսին Երևանում բնակարանների գործարքների թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ քաղաքի կենտրոնում գները աճել են 12,7%-ով։
Արդյունաբերական արտադրությունն աճել է աննշան՝ 3,1%-ով։
Հուլիսին արտահանումը կրճատվել է 15,7%-ով, իսկ ներմուծումն աճել է 21,5%-ով։ Արտահանման նվազումը պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի գների 66,2% անկմամբ։
Գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը կտրուկ կրճատվել է՝ բանջարեղենի արտադրանքի դեպքում 52,2%-ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքի դեպքում՝ 15,2%-ով՝ Ռուսաստանի կողմից սահմանափակումների խստացման պատճառով։
Հուլիսին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 40%-ով՝ հիմնականում Ռուսաստանից շարունակվող միջոցների ներհոսքի հաշվին (աճը՝ 37,3%), ինչպես նաև ռուսաստանցիների կայուն ներհոսքի շնորհիվ Հայաստան։