
Շուտով սեպտեմբերի 19-ն է։ Արցախի հայության համար այդ օրը այլևս պարզապես ամսաթիվ չէ։ Այն հերթական ցավոտ հիշեցումն է 2023 թվականի այն մեկ օրվա մասին, որից հետո հազարավոր արցախահայեր ստիպված եղան թողնել իրենց տունը, ծննդավայրը, պապենական հողն ու տարիների ընթացքում ստեղծած կյանքը։
Այդ մարդկանցից է բազմավաստակ մանկավարժ Լաուրա Աթայանը։
Նա ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդի Ներքին Կալեր գյուղում, ապա ընտանիքով տեղափոխվել Կարմիր շուկա։ Հետագայում ամուսնացել է ճանաչված ու հարգված արցախցի մանկավարժ Վլադիմիր Ալլահվերդյանի հետ։ Նրանք իրենց համատեղ կյանքի մեծ մասն անցկացրել են Ասկերանում՝ աշխատելով, երեխաներ դաստիարակելով, սերունդներ կրթելով և իրենց տեղն ունենալով քաղաքի կյանքում։
Այսօր Լաուրա Աթայանն ապրում է հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում։
Ապրում է այնտեղ, բայց իր խոսքով՝ հոգով ու սրտով Արցախում է։
«Ինչո՞ւ պետք է ես այստեղ լինեմ, ինչո՞ւ պետք է արցախցիները ցիրուցան լինեն աշխարհով մեկ, ինչո՞ւ իմ ամուսինն օտար հողում պետք է գտներ իր վերջին հանգրվանը»,- ասում է նա։
Այս հարցերը բռնի տեղահանության հետևանքով հայրենիքից հեռացած հազարավոր մարդկանց հարցերն են։
Առանց Հայրենիք
Արցախի տեղահանությունից հետո, 2024 թվականի փետրվարին Լաուրա Աթայանն ամուսնու հետ ստիպված եղավ անցնել հազարավոր կիլոմետրեր և հասնել Խաբարովսկ՝ ավագ որդու ընտանիքին միանալու համար։ Նրանք այլևս տուն չունեին վերադառնալու։ Մի քանի ամիս անց Վլադիմիր Ալլահվերդյանը մահացավ։
«Ամուսինս իմ կյանքի հավատարիմ ընկերն էր, ում հետ երկար ճանապարհ ենք անցկացրել, տարբեր փորձություններ հաղթահարել։ Երեք զավակ ենք դաստիարակել, որոնցով հայրը շատ էր հպարտանում։ Օտար հողում կորցնելով հարազատ մարդու՝ մի տեսակ դատարկություն էի զգում»։
«Առանց Հայրենիք եմ մնացել, միայն այդ ցավն է, որ չեմ կարողանում հաղթահարել»։
Լաուրա Աթայանի ընտանիքն էլ, ինչպես շատ արցախցի ընտանիքներ, այսօր բաժանված է աշխարհագրական հեռավորություններով։ Մայրն ապրում է Խաբարովսկում՝ ավագ որդու՝ Արայի ընտանիքի հետ, իսկ դստեր՝ Անահիտի, և կրտսեր որդու՝ Վահեի ընտանիքները՝ Երևանում։
Մի կյանք՝ դպրոցի ու աշակերտների հետ
Սակայն Լաուրա Աթայանի պատմության մեջ միայն կորուստը չէ։ Նա իր ապրած կյանքին նայում է նաև հպարտությամբ։ Այդ հպարտության ամենամեծ բաժինը, թերևս, իր աշակերտներն են։ Տարիներ շարունակ աշխատել է Արցախի տարբեր բնակավայրերի դպրոցներում ու մանկապարտեզներում, բայց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցն առանձնահատուկ տեղ ունի նրա հիշողություններում։
2000 թվականը նրա համար առանձնահատուկ տարի է։ Այդ տարի Լաուրա Աթայանը ճանաչվել է տարվա լավագույն դասվար։
Նա առանձնահատուկ սիրով է հիշում Արցախի Ամարասի վանքի պատերի ներքո կազմակերպված այբուբենի տոնը։
«Այնտեղ առաջին անգամ էր կազմակերպվում նման միջոցառում, ու իմ սաները այդ երջանիկներն էին։ Իմ աշակերտները պատիվ ունեցան հնչեցնել այբուբենի տառերը հայկական ոգու կրթատանը՝ Արցախում հայալեզու առաջին դպրոցում»։
Միջոցառումը կազմակերպվել էր Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի նախաձեռնությամբ և մեծ արձագանք էր գտել ամբողջ Արցախում։
Այսօր, Խաբարովսկում ապրելով բոլորից շատ հեռու, նա շարունակում է կապը պահել նախկին գործընկերների, աշակերտների ու հարևանների հետ։
«Առանձնապես ոգևորվում և հպարտանում եմ, որ ինձ հիշում են իմ սաները, որոնք շա՜տ-շատ են։ Վերջերս ծննդյանս տարեդարձն էր, և իմ սիրելի աշակերտուհի Լուսինե Համբարձումյանը մի այնպիսի խոսքեր է հղել ինձ, որ երկար ժամանակ հուզմունքից ուշքի չէի գալիս։ Իմ ցանած սերմերի պտուղներն առատ բերք են տվել։ Մի՞թե դրանից ավել երջանկություն կարող է զգալ մանկավարժ-մարդը»։
Ընտանիքը՝ ամենամեծ հենարանը
Ավագ որդին՝ Արան, ամբողջ կյանքում ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։ Զինվորական թոշակի անցնելուց հետո կնոջ՝ բժշկուհի Ռուզաննայի հետ աշխատանքային ծրագրով մեկնել է Ռուսաստան։ Այսօր նրանք ապրում են Խաբարովսկում։
Ռուզաննան պահանջված մասնագետ է, իսկ Արան զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով։
Դուստրը՝ Անահիտը, մանկավարժ է։ Կրտսեր որդին՝ Վահեն, բժիշկ է, նրա կինը՝ Լիանան, նույնպես բժշկուհի է և Երևանում աշխատում է իր մասնագիտությամբ։
Հիշողություններով ապրելու ուժը
Հիշողությունը վերադարձի միակ ճանապարհն է դեպի այն տունը, որն այլևս իր տրամադրության տակ չէ։ Բայց հիշողությունների հետ միասին ապրում է նաև հարցը՝ ե՞րբ է հնարավոր վերադառնալ։
Հեռավոր Խաբարովսկից նա այսօր իր հայրենակիցներին առաջին հերթին կամքի ուժ ու առողջություն է մաղթում։
Կիսում է զոհվածների ընտանիքների ցավը և ափսոսում, որ նրանց կողքին չէ, չի կարողանում ծաղիկ խոնարհել Եռաբլուրում հանգրվանած տղաների շիրիմներին։
«Ուզում եմ հավատալ, որ վերադարձ Արցախ անպայման լինելու է։ Եթե ոչ ավագ սերունդը, ապա մյուս սերունդները կտեսնեն այդ օրը, և Արցախում կրկին հայեր կապրեն»։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ