
Ինչպիսին էր 2023-ի սեպտեմբերի 20-ը Ստեփանակերտում
Դեռ 19-ի երեկոյան չգիտեմ ինչու գնացի Եղբայրական գերեզմանոց: Հեռվից մի հողաբլուր եմ նկատում, որի մոտ մի տղամարդ է կանգնած` ուրվականի պես: Դա իմ բանակի սերժանտն էր, իսկ հողաբլրի տակ իր զոհված ընկերն էր: Սերժանտս աղոթքի պես բառեր է մրմնջում, բայց նա աղանդավորական չէր, որքան հիշում եմ, բանակում նա ընդհանրապես անհավատ էր: Ինչեւէ, կիսատ կոնյակի շիշ էր դրված քառակուսի մի սպիտակ քարի վրա, որից խաչ են պատրաստում, մինչեւ քարը գցելը տարելիցին:
«Խնդրում եմ, ինձ էլ հասկաց, ախպեր, չեմ ուզում, հասկաց, չեմ ուզում», ցաքուցրիվ բաներ էր արտաբերում սերժանտս: Ցնորվում է, մտածում եմ ես:
Այն ժամանակ բնական ծաղիկներ չկային, քանի որ դրանք նույնպես Հայաստանից էր ներկրվում եւ բլոկադայի պատճառով անհասանելի էին՝ սննդի ու դեղորայքի հետ միասին:
Միայն պլաստիկից ծաղիկներ էին դրված նրանց գերեզմաններին, ում ճանաչել-գտել և հուղարկավորել էին:
«Սիրելի հայրիկին», «Ընկերների կողմից»՝ գրված էր սեւ ժապավենների վրա: Վերեւում 2020թ. 44-օրյա պատերազմի բարեկարգ շիրմաքարերն էին` տղաների լուսանկարներով, իսկ ներքեւում` ապրիլյան պատերազմի շիրմաքարերը: Ավելի վերեւ՝ արցախյան առաջի պատերազմի զոհերի գերեզմաններն են, որտեղ նաեւ իմ հորեղբոր որդին է։ Նրա հուղակավորությունը վառ պատկերվել է իմ մանկական հիշողության մեջ (հիշում եմ, թե ինչպես էր նա ծաղրում իմ ինքնաշեն հրացանը` փողը երկաթե մահճակալի ձողից էր, իսկ ձգանը գնդակի ռեզինից, 90-ականների երեխաների «խաղալիքները»):
Եղբայրական գերեմանոցը մեծացել էր: Դրոնների հարվածներից զգուշանալով շատերին գիշերն են հուարկավորել մի քանի հոգով: Առավոտյան սակայն էլ վախ չկար, ինչ լինելու է` թող լինի, բոլորը Եղբայրական գերեզմանոցում էին: «Ձեռքս անգամ չի գնում տեսախցիկի կոճակը սղմել, լուսանկարել», ասում է լուսանկարիչ Դավիթը: Աշնանային արեւոտ օր էր, ողբ ու անորոշություն:
Հրապարակում տարօրինակ վիճակ էր: Ովքե՞ր են այս տղաներն ավտոմատներով, բայց քաղաքացիական հագուստով: Դեղին ավտոբուսներ ու բեռնատարեր են նախագահականի ու կառավարության շենքի դիմաց: Գնո՞ւմ ենք: Ոչ ոք հստակ բան չի ասում: Ո՞ւր է քաղաքապետը, գոնե նրանից մի բան ճշտենք:
Կառավարության միջանցքում նստարաններին տատիկներ, կանայք ու երեխաներ են կիսաքնած: Դրանք 19-ին զավթած շրջանների գյուղացիներն են, որ մի կերպ մայրաքաղաք էին հասել: Մյուսները մոլորված հարցնում են, թե որտեղ է դպրոցը:
«Բաբո, յեք հետաս», ասում է “ծելեի” Ծովիկը եւ նրանց ուղեկցում “առաջին” դպրոց:
Թնդանոթները լռել էին, բայց ի՞նչ հիմա պետք է անել, ոչ ոք չգիտի:
Արցախ թաղամասում նկուղներից դուրս էին եկել կանայք ու երեխաները: Ծխի հոտ էր տարածվել, բայց դա անտառի փայտի հաճելի հոտը չէր: Սա ի՞նչ խարույկ է շենքի բակում, երեխանե՞րն են զվարճանում, մտածում եմ ես, բայց ոչ, տիկին Ասյան բացատրեց, որ դոկումենտներն ու լուսանկարներն են ոչնչացնում:
Անցած գիշեր այս թաղամասը ջեռուցող կաթսայատանը բոց էինք նկատել եւ ԱԻՆ զանգել, որտեղ ի զարմանս մեզ առաջին զանգից ասացին, որ “լսում են”: Մենք ու ԱԻՆ-ի աշխատակիցները մոտեցանք կրակին, եւ պարզվեց, որ բանակի արխիվներն էին վառում:
Ամենուր ծուխ ու մոխիր քաղաքում, այն այլեւս մաքուր Ստեփանակերտը չէ լորենիների հոտով: Մեկն իրերն է կապում, մեկն ասում է՝ վաղն է գնալու, հավաքարարները փողոց են ավլում, մյուսը ծխախոտ է վաճառում, մեկը լվացք է փռում, ուրիշները հենց այնպես նստել են բեսեդկաներում: Բան չես հասկանում, սա ի՞նչ օր է, ի՞նչի մասին է այս «խաղաղությունը»:
Տուն գալով տեսնում եմ քեռուս ամբողջ գերդաստանը հավաքված: Աղջիկները, նրանց ամուսիններն ու երեխաները, կիսուրներն ու կիսրայրները, որ գիշերը մեքենայում են անցկացրել: Ինչո՞ւ եք մեքենայում քնում` տունը դատարկ է, ասում եմ ես: Դեհ, ո՞վ է քնում, ասում են նրանք:
Գյուղացիներն իրենց հետ բերել են ինչ հնարավոր էր: Մի մեծ կաթսայում մեղր էր, միս, բայց չկար կարեւորը` հացը: Ովքեր բլոկադայի ժամանակ Ստեփանակերտում են եղել, կհաստատեն, թե ինչպես էր սնունդը մեկ առատ հայտնվում, մեկ իսպառ անհետանում:
Տուն մտնելով, պատերին եմ նայում. «Ես ի՞նչ վերցնեմ, բոլորը իրեր են հավաքում», մտածում եմ ես: Մոռացել էի ընտանեական ալբոմների մասին, մոռացել եմ անգամ տեսախցիկս վերցնել, որ ամերիկահայ ընկերս էր նվիրել: Միայն համակարգիչս եմ փաթաթում բաճկոնի մեջ եւ պատրաստ սպասում: Դուռը ծեծում են, բացում տեսնում եմ՝ մեր հարեւան տիկին Վեներան մի ափսե խոշոր աղ ձեռքին: «Դնում եմ դռան դիմաց` լավ լուր, բարիք է բերում սա», ասում է նա: Ես սնահավատ չեմ, բայց որտեղի՞ց էր նա աղ գտել, այդ օրերին աղը ոսկու գին ուներ: Շատերը կհիշեն ֆեյսբուքյան «բազարը», որտեղ աղը պամպերսի, լվացքի փոշին սրճի, շամպունը կարտոֆիլի հետ փոխանակման «գործարքներ» էին կատարվում:
Կատարյալ անորոշություն էր, «հինգ օր կյանք էր մնացել արցախցիներին», ապրեք ինչպես կարող եք:
Մարութ Վանյան
Հ.Գ. «Կարեւոր. Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում»՝ կարդում ենք ռուսական լրատվամիջոցներում: Հատկանշական է, որ հենց այս օրերին է սա տեղի ունեմում: Պուտինը մի բանում ճիշտ է. «Ամեն ինչ սկսվեց Լեռնային Ղարաբաղից», ասել է նա, սակայն թվում է թե այս ֆռազն ավելի լայն կարելի է ընկալել, քան նա ի նկատի ուներ: Ռուսները չէ՞ին 2023-ի այս օրերին հայերին “պաշտպանում”։