
Աճող գնաճի, գազի գնի առաջիկա բարձրացումից սպասվող «ապոկալիպսիսի», ինչպես Կենտրոնական բանկի ղեկավարն է անվանում, աշխատատեղերի ու աշխատավարձերի տոտալ կրճատումների ֆոնին կառավարությունը կրկնապատկում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը և միաժամանակ կրճատում փախստականների սոցիալական վճարները, աղքատության և նույնիսկ հուղարկավորության նպաստները: Տնտեսագետները նշում են, որ միլիարդավոր պարտքեր ստանձնող կառավարությունը փորձում է կարճ ժամանակահատվածում ապահովել իշխանավորների համար բարձր եկամուտներ՝ ենթադրելով, որ անխուսափելի քաղաքական զիջումները կարող են հանգեցնել իշխանափոխության: Հիմա Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դժգոհ մարդկանց հեղափոխություն կազմակերպել և իրեն գնդակահարել: Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելով և սոցիալական նպաստները կրճատելով՝ Փաշինյանը, կարծես, արհեստականորեն ստեղծում է հեղափոխական իրավիճակ և քաոս, ինչը նրա բնական տարերքն է: Փաշինյանի կառավարությունը միշտ ավելի հարմարավետ է զգացել էքստրեմալ, քան սովորական իրավիճակներում:
Կառավարությունը նախատեսում է վերանայել թաղման նպաստի գործող համակարգը։ Այս մասին Բուն TV–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»։
Նշենք, որ պետությունը նախկինում մահվան յուրաքանչյուրի դեպքի ժամանակ ընտանիքին միանվագ 200 հազար էր տրամադրում։
Հայաստանի կառավարությունը ավելի քան 25 միլիարդ դրամ կծախսի եկող տարի՝ հանրային ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու համար։ Օրենսդրական փաթեթը կառավարությունը հավանության արժանացրեց, և այն առաջիկայում կքննարկի խորհրդարանը։
Նոր օրենսդրական կարգավորումներով իշխանությունը էականորեն բարձրացնելու է պաշտոնային աշխատավարձերի դրույքաչափերը։ Պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձը գործակցով բազմապատկելիս։ Նոր կարգավորումներով նախագահի աշխատավարձի գործակիցը 19-ից կդառնա 32, այս տրամաբանությամբ նախագահի աշխատավարձը կկրկնապատկվի՝ 1.5 միլիոնից կդառնա 2.6 միլիոն։ Վարչապետի աշխատավարձը ևս կդառնա 2.6 միլիոն։
Նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ 998 000 դրամի փոխարեն, փոխվարչապետերն էլ ամսական կվարձատրվեն ավելի քան 2.1 միլիոն դրամի չափով։
Էականորեն կբարձրանան պատգամավորների աշխատավարձերը. ներկայում գործող բանաձևով նրանց աշխատավարձը կազմում է 832 000 դրամ, փոփոխությունների արդյունքում այն կհասնի մոտ 1.5 միլիոն դրամի։ Էականորեն կբարձրանան Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովի նախագահների, ուժայինների, դատական իշխանության աշխատավարձերը։ Այս թվերում ներառված են նաև հարկերը:
Աշխատավարձերի այս բարձրացումը, սակայն, չի ենթադրում, որ պարգևավճարների գործող համակարգը վերանալու է, այն նույնպես շարունակվելու է։