
Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք, «Բուն TV»-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«TRIPP նախագծի և խաղաղության հաստատման համատեքստում մենք ստացել ենք պատմական շանս, որ մենք ինտեգրվենք երկաթուղու վերաբացման միջոցով միջազգային տրանսպորտային ցանցին, բայց հայկական երկաթուղին Ռուսաստանի կոնցեսիայի ներքո լինելու բերումով էլ տեսնում ենք, որ պրոցեսներ են գնում, որ այս անգամ էլ փաստացի Հայաստանը շրջանցվի», – ասաց Փաշինյանը նշելով՝ «հիմա Կարս-Դիլիջու երկաթուղի է շատ ինտենսիվ կառուցվում»:
«Այսինքն՝ երկաթուղին Նռնաձորի կողմից մտնի ՀՀ, Ագարակի կողմով դուրս գա, և միջազգային հիմնական հոսքերը ոչ թե գան Հայաստանով, հետո մտնեն Թուրքիա, այլ Նախիջևանով Թուրքիա: Այդ եկաթուղին [Կարս-Դիլիջու] կկառուցվի, մենք իրավունք ունենք մրցակցելու, բայց այս պայմաններում տեսնում ենք, որ չենք կարողանալու մրցակցել», – ասաց Փաշինյանը:
Փաշինյանը երկու բան է խոստովանում․ որ ԹՐԻՓՓ-ը՝ ոչ թե հայկական ինքնիշխան, այլ Հայաստանը “շրջանցող” ճանապարհ է։ Իսկ մյուսը՝ որ “խաղաղության խաչմերուկ” չի լինի, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվում են օգտվել Հայաստանի ճանապարհներից։
Փաշինյանը փորձում է բացատրել դա այն փաստով, որ Հայկական երկաթուցիները ռուսներն են կառավարում, սակայն դա լուրջ չի հնչում։ Հատկապես, որ Իրանն էլ լուրջ չի վերաբերվում Հայաստանի տարածքում կառուցվելիք ԹՐԻՓՓ-ին։
“Քննարկվող նախագիծը (TRIPP – խմբ.) լիարժեք չի արտացոլում այն ցանկություններն ու նպատակները, որոնք հետապնդում էին Բաքուն և Անկարան, և այս պահին դա այն նախագիծը չէ, որը նրանք ցանկանում էին իրականացնել։ TRIPP-ը կամ որևէ այլ նախագիծ, որը սպառնալիք չի ներկայացնում Հայաստանին կամ Իրանի և Հայաստանի հարաբերություններին, դիվանագիտական տեսանկյունից խնդիր չէ։ Բացի դրանից, հայ-իրանական սահմանի մոտ ամերիկացիների ներկայությունը չպետք է սպառնալիք ներկայացնի Իրանի համար։ Եթե այս երկու պայմաններն ապահովվեն, ինչպես նաև հաշվի առնվեն Հայաստանի շահերը, ապա Իրանը չի առարկի TRIPP նախագծի իրականացմանը»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպան Շիրղոլամին։
Նա նաև ասել է, որ Իրանը համաձայնվել է ոչ թե ԹՐԻՓՓ-ին, այլ Հայաստանի առաջարկած “Խաղաղության խաչմերուկի” գաղափարին, ինչը ենթադրում է ինչպես “Արրևմուտք-Արևելք”, այնպես էլ “Հյուսիս-Հարավ” ուղղություններով երթևեկություն։ Եւ եթե չապահովվի Հայաստան-Իրան երկաթուղային կապը Նախիջևանի միջոցով, ապա Իրանի համար այդ ամենը ոչ միայն իմաստազրկվում է, այլև սպառնալիք է դառնում։
Հայկական կողմը չի պատասխանել Նախիջևանի մասին Իրանի դեսպանի հայտարարությանը, սակայն Փաշինյանի խոստովանությունը, որ միջազգային ճանապարհները կշրջանցեն Հայաստանը, վկայում է, որ Նախիջևանը չի բացվի։
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հայտարարել է Երևանի և Թեհրանի միջև երկաթուղային և առևտրային ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Mehr-ը։
Հակոբյանը երկաթուղային հաղորդակցության զարգացման հեռանկարները քննարկել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Ջաբար Ալի Զաքերիի հետ։
Թեհրանի և Երևանի կողմից առևտրի և տարածաշրջանային տարանցման ընդլայնման շրջանակում դիտարկվող նախագծերից մեկը Իրանի և Հայաստանի միջև Սյունիքի մարզով անցնող երկաթուղային հաղորդակցությունն է։
Այսինքն, խոսքը նոր երկաթուղու մասին է, որը պետք է անցնի Սյունիքով։