
Դժվար է կանխատեսել ԱՄՆ վարչակազմի հետագա քայլերը, բայց «Ազատության աջակցության մասին» բանաձեւի 907 ենթաբանաձեւը, որն արգելում է ԱՄՆ կառավարությանը պետական կամ ռազմական ուղղակի աջակցություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, պետք է կիրառվի, քանի որ Հայաստանի շրջափակումը չի վերացել։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
«ԱՄՆ վարչակազմի դիքորոշումն այսօր ամբողջ աշխարհը չի կարող հասկանալ ոչ մի հարցով։ Այդ դիրքորոշումը առավոտյան այլ է, կեսօրին ու երեկոյան՝ այլ»,- ասաց Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարող են լինել 907 բանաձեւի շուրջ։
Նախորդ տարվա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալիեւի ներկայությամբ ստորագրեց Բաքվին ռազմական օգնության տրամադրումը սահմանափակող 907-րդ ենթաբանաձեւի կասեցման ժամկետը երկարաձգելու մասին հուշագիրը։ Կասեցումը չի ենթադրում բանաձեւի չեղարկում։
907-րդ ենթաբանաձեւն ընդունվել է 1992 թվականին, ըստ դրա՝ ԱՄՆ կառավարությունը չի կարող պետական կամ ռազմական ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ այն որոշակի քայլեր չի ձեռնարկում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների եւ շրջափակման վերացման վերաբերյալ։
Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են 907-րդ ենթաբանաձեւի չեղարկման հարցը։ Իսկ օրերս ՄԱԿ-ի ամբիոնից Ալիեւն ասել էր․ «907-րդ լրացումը կասեցնելու նախագահ Թրամփի որոշումը պատմական քայլ է։ Կոնգրեսի կողմից այդ հոդվածի վերջնական չեղարկումը վերջ կդնի երկակի ստանդարտներին եւ կամրապնդի վստահությունն ու համագործակցությունը մի փուլում, երբ Ադրբեջանը նպաստում է համաշխարհային անվտանգությանը եւ կայունությանը»։
ՄԱԿ-ի եւ այլ բարձր ամբիոններից Ադրբեջանի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե Հայաստանի շրջափակումը վերացված է՝ խոսելով Հայաստանին մատակարարվող ինչ-որ ապրանքների մասին։
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է շրջափակման մեջ մնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ «Առանձին ապրանքների մատակարումներն իրավիճակը չեն փոխում Հայաստանի համար, իսկ Ադրբեջանի համար հանդիսանում են ինֆորմացիոն քարոզչության պատրվակ, որով նա կարող է մեղմացնել շրջափակման համար իր պատասխանատվությունը։ Շրջափակումը շարունակվում է, այդտեղ երկու կարծիք չի կարող լինել։ Իսկ ձեւական քայլերը՝ եզակի ապրանքատեսակներին վերաբերող, լուրջ չեն»,- ասաց Ղուկասյանը։
Քաղաքագետի խոսքով՝ ավելին, Վաշիգտոնում նախաստորագրված «խաղաղության պայմանագրով» նախատեսվում է, որ կոմունիկացիաների բացումը հետագայում պետք է առանձին պայմանագրերով լինի։
Նշենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ ԱՄՆ կոնգրեսականները խստորեն դատապարտել են Թրամփի որոշումը՝ բանաձեւը մեկ տարով կասեցնելու մասին։ Նրանք շեշտում են, որ Բաքվին տրվող ռազմական աջակցությունը խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հայաթափումից եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայից հետո։ Կոնգրեսում շրջանառվում են օրինագծեր, որոնք նպատակ ունեն ամբողջությամբ արգելել նախագահին շրջանցել 907-րդ բանաձեւը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը step1.am-ին տված հարցազրույցում ասել է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումը զորակցում է Սենատի եւ ներկայացուցիչների տան երկպալատ և երկկուսակցական նամակին, որով կոչ է ուղղվում, որ ԱՄՆ վարչակազմը լիովին կիրառի 907-րդ բանաձևը։
Ռոզա Հովհաննիսյան