
ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն այսօր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանից պահանջել են քաղաքական հստակ գնահատական տալ ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելու, Սյունիքի մարզ ներխուժելու եւ հայ ընտանիքի վրա հաձակվելու դեպքին։
«Քաղաքական գնահատականը հետևյալն է՝ տեղի է ունեցել հանցագործություն Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրեջանցի զինծառայողի կողմից։ Արդյոք վա՞տ է, որ հանցագործություն է տեղի ունեցել, իհարկե, շատ վատ է։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ սա ընկալումներում կարող է վատ ընկալվել, այդ թվում՝ խաղաղության տեսանկյունից, այո։ Արդյոք լա՞վ է, որ հենց ադրբեջանական կողմը տեսել է՝ իրենց զինծառայողը կորել է ու ենթադրել է, որ կարող է ներխուժած լինել Հայաստան, տեղեկացրել է հայկական կողմին, այո, շատ լավ է։ Եթե խաղաղություն չլիներ, դա տեղի չէր ունենա։ Այսինքն՝ եթե խաղաղություն չլիներ, ադրբեջանական ու հայկական կողմերը երբեք իրար չէին տեղեկացնի, որ՝ մեր մոտից զինվոր է կորել, կարո՞ղ է ձեր մոտ է։ Ու չէին փրկվի»,- ասաց նա։
Մինչդեռ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ այսօր հանդես են գալու առաջարկով՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով՝ Շաքիում տեղի ունեցած դեպքը, ինչպես նաեւ վերջին ամիսներին բանակում շատացած ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրելու նպատակով։ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ կմիանա նախաձեռնությանը։
Դեռ չենք քննարկել, բայց դժվար թե միանանք «Ուժեղ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը, ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։
Դեռ պետք է պարզվի ադրբեջանցի զինծառայողը ինչ պայմաններում է հայտնվել Հայաստանի տարածքում, այսինքն դասալիք է, թե մոլորվել է, ենթադրում եմ դասալիք է, բայց սա զուտ ենթադրություն է, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ընդդիմությունը գոյություն չունեցող կարծիքի հետ է կռվում։ Այսօր այնպիսի հարցեր էին տալիս, որ ո՞րն է ձեր քաղաքական գնահատականը, արդյոք դատապարտում եք, կարծես այլ քաղաքական գնահատական կարող է լինել, քան այն, որ մարդու տան մեջ մտնել կրակելը վատ բան է»,–ասաց Ռուբինյանը։
Հաջորդ շերտը, ըստ Ռուբինյանի այն է, թե ինչպես են գործել մեր պատկան մարմինները՝ ՊՆ–ն, գլխավոր շտաբը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն. «Դա կարելի է քննարկել։ Կարելի է նաև քննարկել հարցը մարտավարական իմաստով, արդյոք նման դեպքերում զգուշացումը բնակչության օգտակար է, թե ոչ, որն է ավելի շատ վնաս, որն է ավելի շատ օգուտ։ Օրինակ, երբ գիտես, որ կա շանս, որ քո տարածքում կա այդ զինծառայողը, բայց կարող է և քո տարածքում չի, կարո՞ղ է այդ դեպքում, եթե բնակչությանը տեղեկացնես, դրա արդյունքում, օրինակ, բնակիչները իրար վրա կրակեն պատահաբար, որովհետև բոլորը մտածում են տարածքում զինծառայող կա։ Եվ այսպես հազար բան կա, որ պատկան մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։
Ես վստահ եմ՝ հիմա հետադարձ հայացքով համապատասխան գործընթացներ կլինեն և կհասկանան՝ ճիշտ է արվել, սխալ է արվել, լավ է արվել, վատ է արվել։ Բայց վերադառնալով վերջին՝ խաղաղության շերտին, քանի որ իմ մոտ տպավորություն է, որ մեր ընդդիմադիր գործընկերները շատ ուրախ են, որ այս միջադեպը եղել է, որովհետև վերջապես իրենց ձեռքում հայտնվել է կռվան, որ ասեն՝ այ սա՞ է ձեր խաղաղությունը։ Բայց ես ուզում եմ նորից կրկնել, որ տվյալ դեպքում սուբյեկտը, ոչ թե Ադրբեջանն է, այլ Ադրբեջանում իր զինծառայության վայրը ապօրինի կերպով լքած, հետո ապօրինի կերպով մեր տարածքում հայտնված, հետո հանցագործություն կատարած անձն է, սուբյեկտը»,– հայտարարեց ԱԺ նախագահը։
Չգիտեմ՝ սահմանային խախտումների համար պատասխանատու է՞ր արդյոք Ազգային անվտանգության ծառայության պաշտոնանկ արված փոխօրեն Դավիթ Սանամյանը, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ ԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում, ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։
Նա հիշեցրել է, որ ադրբեջանցի զինված զինծառայողը երկու օր գտնվել է Հայաստանի տարածքում, ու համապատասխան մարմինները նրան այդպես էլ չեն հայտնաբերել ու ձերբակալել։ «Ընդ որում՝ չեմ կարծում, թե մեր զինվորականներն են թերացել»,— նշել է Հակոբյանը՝ միաժամանակ ընդունելով, որ պատերազմից հետո շփման գծի երկարությունը «որոշ չափով ավելացել է»։ Նա դա համարել է խնդիր, որը նույնպես լուծում է պահանջում։
Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանի տարածք ապօրինի թափանցումները լիովին բացառելն անհնար է։ Նա իրավիճակը համեմատել է ԱՄՆ սահմանի հետ, որտեղ Մեքսիկայի կողմից ևս անցանկալի հատումներ են լինում։ «Անհնար է վերահսկել ամեն մի մետրը»,— ընդգծել է նա։
«Մենք երբեք չենք ասել, թե բանակում խնդիրներ չկան․ դրանք կան ու պետք է լուծվեն։ Մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, և ժամկետային ծառայության ժամկետի կրճատումն այդ ճանապարհին արվող քայլերից մեկն է»,— նշել է Հակոբյանը՝ չհամաձայնելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այն տեսակետին, թե պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա։