
Երեկ Հայաստանի խորհրդարանը գրեթե կայծակային արագությամբ վավերացրեց հայ-ամերիկյան TRIPP համաձայնագիրը՝ առանց սպասելու «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, տնտեսական հիմնավորումներին, բազմաթիվ տեխնիկական հարցերի պատասխաններին և, ամենակարևորը, թե ով կպահպանի TRIPP-ի և հայ-իրանական սահմանը։
Ի՞նչն է դրդել Հայաստանին այդքան արագ վավերացնել մի համաձայնագիր, որը, եթե այն կյանքի կոչվի, հնարավոր է զրկի Հայաստանին Իրանի հետ սահմանից և հանգեցնի Հայաստանի մասնատմանը միջանցքներով՝ TRIPP ընդհանուր անվան տակ։ Ինչպե՞ս է սա կապված նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների և Կոնգրեսում համաձայնագրի հնարավոր վերանայման հետ, եթե իրավիճակը փոխվի։
Արևմտյան մամուլը TRIPP-ի հետ կապված քննարկում է մի քանի գործոններ՝
TRIPP-ի և ԱՄՆ-Ռուսաստան գործարքի միջև հավանական կապը,
Թրամփի անձնական շահերը և ամերիկյան հետաքրքրությունները Կենտրոնական Ասիայում։
Այս առումով քիչ բան է հայտնի TRIPP-ի իրական մտադրությունների մասին, բայց կան բազմաթիվ նշաններ, որ դրա քողի տակ պատրաստվում են ներդրումներ այլ տարածաշրջաններում և սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ։
TRIPP-ի և ռուս-ամերիկյան գործարքի միջև կապի համատեքստում պետք է հիշել, որ ըստ հայ-ռուսական համաձայնագրի՝ Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները՝ որպես «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններ», պահպանվում են ռուս սահմանապահների կողմից: Հայաստանի երկաթուղիները նույնպես պատկանում են ռուսական պետական կորպորացիային՝ կոնցեսիայի իրավունքով: Այսպիսով, Ռուսաստանի «մասնակցությունը» TRIPP-ին գրեթե անխուսափելի է։
Ավելին, 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Փաշինյանը, Ալիևը և Պուտինը ստորագրեցին համաձայնագիր, որի 9-րդ կետը սահմանում է, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան անարգել ճանապարհը պետք է գործի Ռուսաստանի ԱԴԾ-ի պաշտպանության ներքո: Այս կետը չի չեղարկվել, և ոչ ոք չի հայտարարել, որ TRIPP-ը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հակասում են միմյանց։
Ահա թե ինչու Դոնալդ Թրամփի կողմից TRIP-ի իրականացման համար նախատեսված հիմնադրամի ղեկավարի պաշտոնում գործարար Դմիտրի Սոկոլովի նշանակումը հարցեր առաջացրեց: Հատկապես, որ Սոկոլովին թույլատրվել է ձեռք բերել Հայաստանում հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ակտիվներ (Թեգուտի հանքը, որը պատկանում էր ՎՏԲ-ին): Սոկոլովը նաև բաժնետոմսեր ունի MTS Armenia-ում։ Մինչև 2016 թվականը նա կառավարում էր Ռուսաստանի հետ կապված ամերիկյան ֆոնդ։
Այս մասին են վկայում Reuters-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը։ Reuters-ի Trump donor leading Caucasus fund has major Armenia holdings, Russia business history հոդվածի մեջ նշվում է, որ Ռուսաստանում ծնված 51-ամյա գործարար Կոնստանտին Սոկոլովը հունվարին նշանակվել էր մի ներդրումային կառույցի ղեկավար, որն այժմ կոչվում է Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամ (Trans-Caspian Enterprise Fund)։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Սոկոլովի հիմնադրամին հատկացրել է մոտավորապես 400 միլիոն դոլար, սակայն այն օգտագործելու համար անհրաժեշտ են որոշակի կարգավորումներ, այդ թվում՝ TRIPP համաձայնագրի վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից։
Հիմնադրամի տնօրենների խորհուրդը, որը գլխավորում է Սոկոլովը, ըստ Reuters-ի, լիազորված է դրամաշնորհներ եւ վարկեր տրամադրել եւ ներդրումներ իրականացնել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում։ Հիմնադրամի կայքում որպես ներդրումային հիմնական առաջնահերթություններ նշված են կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերը, էներգետիկան եւ երկաթուղային ենթակառուցվածքները։
Այսինքն ստացվում է, որ այն 400 մլն․ դոլարը հնարավոր է ներդրվի ոչ թե Հայաստանում, այլ ուրիշ տեղերում, և դա պարզ գրում է արևմտյան մամուլը։ Նաև ակնարկվում է, որ այդ ամենը կարող է նոր Կոնգրեսում քննության առարկա դառնալ։
Հնարավոր է, հենց դրանով է բացատրվում այն, որ Հայաստանի խորհրդարանը բավականին հեշտ վավերացրեց համաձայնագիրը՝ ընդդիմությունը “դեմ” քվեարկեց, բայց շատ կտրուկ չարտահայտվեց։ Գուցե, ինչ-որ երաշխիքներ կան Ռուսաստանի մասնակցությն մասին, իսկ գուցե, ասել են, որ սա ընդամենը բոնուս է Թրամփի համար ընտրություններից առաջ։
Սակայն Հայաստանի համար այս համաձայնագրի վատ հետևանքները դեռ առջևում են։
Deutsche Welle-ն, հաղորդելով, որ Հայաստանի Ազգային ժողովը «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի շրջանակներում ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, TRIPP-ը նկարագրել է որպես «Իրանի հետ սահմանի երկայնքով տարանցիկ միջանցք, որը տանում է Ադրբեջանից դեպի երկրի Նախիջևան էքսկլավ»։ Որևէ այլ ճանապարհի բացման մասին չի նշվում։
Համաձայնագիրը նախատեսում է TRIPP Development Company-ի ստեղծում, որի բաժնետոմսերի 26%-ը կպատկանի Հայաստանին, իսկ 74%-ը՝ ամերիկյան կողմին։ Ընկերության կանոնադրությունը և բաժնետերերի համաձայնագիրը դեռևս վերջնականապես չեն հաստատվել։
Ավելին, հայ պաշտոնյաների հայտարարություններից պարզ է դարձել, որ TRIPP-ը ոչ թե մեկ, այլ մի քանի միջանցք է Հայաստանի միջով, թե ով է իրականացնելու դրանց պաշտպանությունն ու շահագործումը, անհայտ են։
TRIPP նախագծի լայնության մասին խոսելն անհնար է, քանի որ մենք խոսում ենք 5–6 ենթակառուցվածքների կոնցեսիոն կառավարման իրավունքի մասին, այդ թվում՝ ապագայում գազատարների և նավթատարների, և դրանց տեղակայումը շատ տարբեր է լինելու։ Այս մասին խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա պարզաբանեց, որ TRIPP-ի շրջանակում երկաթուղին անցնելու է այն երկաթուղու ուղեգծով, որը խորհրդային տարիներին գոյություն ուներ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև, և այն լինելու է միագիծ։
Գրիգորյանը հավելեց, որ ավտոճանապարհի մասով մանրամասները վերջնական չեն, իսկ էլեկտրահաղորդման գծերի մասով հնարավորությունները ավելի շատ են։
Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Թրամփի օգտագործած «հատուկ տարանցիկ գոտի» արտահայտությունը, հայտնեց, որ «խողովակաշարը կարող է այլ ճանապարհով անցնել՝ Գեղարքունիքով, Տավուշով»։ Դրա համար ԹՐԻՓՓ-ի համար նախատեսված տարածքի լայնության մասին հարցը պատասխան չունի։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ TRIPP նախագիծը կառավարող ընկերությունը կունենա այդ ենթակառուցվածքների տարածքի կոնցեսիոն իրավունքը, բայց չի լինի դրանց սեփականատերը։ Հետևաբար, չի կարելի ասել, որ Հայաստանի կառավարությունը երկրի տարածքը փոխանցում է մասնավոր ընկերությանը։
Նաիրա Հայրումյան