Մարիամ Ավագյանը ներկայացնում է Գարդման-Շիրվան-Նախիջևան-Արցախը․ Սարսանգի խնդիրը

Հասարակական գործիչ Մարիամ Ավագյանը ներկայացնում է Գարդման-Շիրվան-Նախիջևան-Արցախը #COP17 համաժողովում: Ավագյանը ելույթ է ունեցել յոթ լիագումար նիստերում՝ ներկայացնելով բնիկ ժողովուրդների խնդիրները, նշելով, որ բնիկ հայ ժողովրդի մարտահրավերների թվում են հայրենիքից վտարվելը և այնտեղ ֆիզիկական մուտք չունենալը։

Ավագյանը այս հայտարարությունն արել է «Ռուսաստանի հյուսիսում արդյունաբերականացման ազդեցությունը բնիկ ժողովուրդների հողերի և կենսաբազմազանության վրա» խորագրով նիստի ժամանակ: Նա նշել է, որ, ի տարբերություն Ռուսաստանի տարածքում դեռևս բնակվող բնիկ ժողովուրդների, բնիկ հայերը չունեն մուտք դեպի Գարդման, Շիրվան, Նախիջևան և Արցախ։

Ավելի վաղ Ավագյանը ելույթ է ունեցել ափամերձ տարածքներին նվիրված մեկ այլ պանելային քննարկման ժամանակ: Ներկայացնում ենք նրա ելույթի տեքստը, որը վերաբերում է արցախյան Սարսանգի ջրամբարին:

Շնորհակալություն այս կարևոր քննարկման համար։ Թույլ տվեք կիսվել նաև մեր ապրած փորձով։

«30×30» թիրախը հնարավոր չէ իրականացնել միայն հողերի և տարածքների պահպանության միջոցով։ Այն պետք է նաև ճանաչի բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների՝ իրենց նախնյաց տարածքների նկատմամբ իրավունքները, ավանդական գիտելիքներն ու կենսաբազմազանության երկարաժամկետ պահպանման գործում նրանց ունեցած դերը։

Կցանկանայի ներկայացնել Հայկական լեռնաշխարհի Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և Արցախի հայերի փորձը։ Այս տարածքներում սերունդներ շարունակ պահպանվել են տեղական էկոհամակարգերի հետ ներդաշնակ փոխգործակցության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ավանդույթները։ Հայերի բռնի տեղահանումն իրենց նախնյաց հողերից խաթարել է ոչ միայն նրանց կյանքն ու մշակութային շարունակականությունը, այլև ավանդական էկոլոգիական գիտելիքների փոխանցումը։ Այդ տարածքների վերջին բեկորն էլ՝ արցախը, հայաթափվեց 2023 թվականին. տեղահանվել է ավելի քան 120,000 հայ։

Ուշադրություն դարձնենք Արցախի Սարսանգի ջրամբարին։ 2023 թվականին ինը ամիս տևած շրջափակման ընթացքում գազամատակարարումը դադարեցվեց, իսկ արտաքին էլեկտրամատակարարումն ընդհատվեց, ինչի հետևանքով ջրամբարի հիդրոէլեկտրակայանը դարձավ բնակչության գոյատևման կարևոր միջոց։

Ջրային ռեսուրսների վրա առաջացած ճնշումը ցույց է տալիս, թե հակամարտությունն ու կենսական անհրաժեշտություններից զրկելը որքան լուրջ բնապահպանական հետևանքներ կարող են ունենալ։ Միաժամանակ բնական ռեսուրսները շարունակում են մնալ շահագործման վտանգի տակ։

Ի՞նչ արժեք ունի տարածքների պահպանությունը, եթե դրանց բնիկ պահապանները բռնի կերպով զրկված են այդ տարածքներում ապրելու հնարավորությունից։

Կոչ եմ անում COP17-ին, Կենսաբազմազանության մասին կոնվենցիային, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային այլ համապատասխան կառույցներին՝ հայտարարություններից անցնել կոնկրետ միջոցառումների՝ կանխելու բռնի տեղահանումը, պաշտպանելու կենսամշակութային ժառանգությունը, ապահովելու տարածքների կառավարման հարցերում լիարժեք մասնակցությունը և ամրապնդելու միջազգային իրավունքի շրջանակում պատասխանատվությունը։

Մեզ անհրաժեշտ են հստակ պարտավորություններ, դրանց իրականացման համար պատասխանատուներ, չափելի առաջընթաց և տեղում իրականացվող արդյունավետ քայլեր։

«30×30»-ը չպետք է նշանակի տարածքների պաշտպանություն՝ անտեսելով դրանց բնիկ պահապանների իրավունքները։ Առանց հողային իրավունքների արդարության, բնիկ ժողովուրդների մասնակցության և հաշվետվողականության կենսաբազմազանության կայուն պահպանում հնարավոր չէ։ Մեզ անհրաժեշտ են իրական գործողություններ, ոչ թե միայն խոստումներ։

Շնորհակալություն։